Հայ

Բլոգ

Բարի գալուստ մեր բլոգ, որտեղ մենք կիսվում ենք հոգեկան առողջության և մասնագիտական զարգացման վերաբերյալ փորձագիտական կարծիքներով, նորություններով և օգտակար տեղեկատվությամբ:

Article Cover

Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում

«Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագիրն իրականացվում է 2024 թվականի հունվարից՝ Եվրոպական միության աջակցությամբ։ Ծրագիրը համախմբում է Հայաստանի առաջատար չորս քաղաքացիական հասարակական կազմակերպություններին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ և Հոգեկան առողջության հայկական ասոցիացիա։ Միասին նրանք պայքարում են Հայաստանի հոգեկան առողջության ոլորտում առկա համակարգային բացերի դեմ։ 

Ծրագրի նպատակն է աջակցել հոգեկան առողջության ոլորտում իրավունքահեն մոտեցման ընդունմանը`ստեղծելով քաղաքականություն եւ մեխանիզմներ՝ մատչելի, ներառական և ապացույցների վրա հիմնված հոգեկան առողջության ծառայությունների և Հայաստանում հոգեկան առողջության խնդիրների նկատմամբ հասարակության բարենպաստ վերաբերմունքի համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որպես առաջատար կազմակերպություն, համակարգում է ծրագիրը և ապահովում է իրավունքահեն մոտեցում բոլոր գործողություններում։ Տասնամյակների փորձ ունենալով մարդու իրավունքների պաշտպանության և ինստիտուցիոնալ խնամքի մոնիտորինգի ոլորտում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ղեկավարում է Հայաստանի հոգեկան առողջության օրենսդրության և քաղաքականությունների գնահատումը՝ մշակելով ապացույցահեն բարեփոխումների առաջարկներ։ Այն նախաձեռնում է ազգային և միջազգային շահերի պաշտպանություն, այդ թվում՝ ներդրում ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսության մեջ։ Այն նաև հզորացնում է հանրային մոնիտորինգի մեխանիզմները, աջակցում լրագրողներին՝ հոգեկան առողջության զգայուն լուսաբանման համար, և համագործակցում է Երևանի պետական բժշկական համալսարանի հետ հոգեբուժական կրթական ծրագրերում մարդու իրավունքների ինտեգրման ուղղությամբ։

«Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ը, հիմնվելով «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի փորձառության վրա, ծրագրի շարժիչ ուժն է դրամաշնորհավարման և համատեղ գործողությունների ոլորտում։ Այն կառավարում է տասը ենթադրամաշնորհ՝ ուղղված նորարարական ծառայությունների փորձարկմանը, այդ թվում՝ շարժական հոգեկան առողջության թիմեր, փոխօգնության նախաձեռնություններ և հոգեսոցիալական ծրագրեր խոցելի խմբերի համար։ «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ»-ը նաև համակարգում է Հայաստանի առաջին «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը, կազմակերպում է հոգեկան առողջության համաեվրոպական կոնֆերանս և ապահովում է ուսումնական այցեր՝ Հայաստանի շահագրգիռ մասնակիցների համար այն երկրներ, որտեղ կիրառվում են առաջադեմ պրակտիկաներ։ Բազմազան դերակատարներին համախմբելով՝ հիմնադրման ուժեղացնում է քաղաքացիական հասարակության շահերի պաշտպանության ներուժը և նպաստում է կայուն քաղաքական փոփոխություններին։

«Հաշմանդամություն ուենցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն մասնագիտացած է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեջ և նպատակ ունի խթանել, պաշտպանել և մշտադիտարկել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ Ծրագրի շրջանակներում ՀԿ-ն ապահովում է, որ անձնական փորձառություն ունեցած մարդիկ լինեն քաղաքականության փոփոխությունների կենտրոնում։ Կազմակերպությունը համակարգում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց ապաինստիտուցիոնալացման և հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, կազմակերպում է հարթակներ, որտեղ հոգեկան առողջության ծառայությունների շահառուներն ու հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձինք ներկայացնում են իրենց մտահոգող խնդիրները, որոնք հետագայում կազմակերպությունը վերածում է քաղաքականության առաջարկների։ «Հաշմանդամություն ուենցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իրականացնում է կարողությունների զարգացման միջոցառումներ՝ հնարավորություն տալով անձանց ինքնուրույն պաշտպանել իրենց իրավունքները, Անձնական պատմությունների, շահերի պաշտպանության արշավների և կրթական միջոցառումների միջոցով ՀԿ-ն պայքարում է խարանի և խտրականության դեմ, ինչպես նաև խթանում է ներառական մասնակցությունը։

Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան միավորում է ավելի քան 200 մասնագետների՝ խթանելու ապացույցահեն պրակտիկաները և զարգացնելու մասնագիտական ստանդարտներն ու ծառայությունների կարողությունները։ Ասոցիացիան ղեկավարում է վաղ հայտնաբերման գործիքների, կլինիկական ուղեցույցների և ճանապարհային քարտեզների մշակումը՝ ուղղված հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը, դեպրեսիային, ՈՒՊՀՀ-ին (ADHD) և հետծննդաբերական խանգարումներին։ Այն հզորացնում է Հայաստանի առաջնային առողջապահական կենտրոնների և դպրոցների անձնակազմի կարողությունները՝ ապահովելով վաղ հայտնաբերում և միջամտություն։ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան նաև վերահսկում է ազգային տեղեկատվական հարթակի ստեղծումը՝ հանրությանը տրամադրելով մատչելի ռեսուրսներ և ծառայությունների ուղեցույցներ։

Այս կազմակերպությունները միասին ոչ միայն բարեփոխում են քաղաքականությունները կամ ընդլայնում ծառայությունները, այլև փոխում են մտածելակերպը, պայքարում են խարանի դեմ և ձևավորում են հոգեկան առողջության այնպիսի պատկերացում Հայաստանում, որտեղ իրավունքները, ծառայությունները և մասնակցությունը հանդես են գալիս որպես ներառական հասարակության անբաժանելի հենասյուներ։

Բլոգ

Ավելորդ քաշ և դեպրեսիա

The Lancet Psychiatry ամսագր..
Իմանալ ավելին

Իրավունքներ, ծառայություններ և մասնակցություն․ Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում

«Իրավունքներ, ծառայութ..
Իմանալ ավելին

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել