Դասընթացավարների պատրաստման երկօրյա վերապատրաստում
«Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում հուլիսի 13-ին և 14-ին կայացավ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի (ՀԱՀԱ) կողմից 2024-2026թթ․-ի ընթացքում կազմակերպվող ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների վերպատրաստումների առաջին փուլի մեկնարկային միջոցառումը՝ «Դասընթացավարների պատրաստման 2-օրյա վերապատրաստումը»։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ի գործընկերությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համագործակցությամբ։
Վերապատրաստումների նպատակն է նպաստել կրթության հոգեբանների մասնագիտական և անձնային ներուժի զարգացմանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբանների դերի ակտիվացմանը, օգնել նրանց արհեստավարժ արձագանքել սովորողների դժվարություններին, ուսուցիչների անհանգստություններին, աջակցող կարևոր օղակ դառնալ սովորող-ուսուցիչ-ծնող-դպրոցի վարչակազմ-համայնք փոխհարաբերություններում։
ՀԱՀԱ-ի կողմից իրականացվող վերապատրաստումները նախատեսում են փուլային գործընթաց հետևյալ հաջորդականությամբ՝
- Հոգեբան-դասընթացավարների պատրաստման համար մասնակցության հայտերի ընդունման փուլ, որի ընթացքում ընտրվելու է առավելագույնը 50 մասնակից։
- 2-օրյա վերապատրաստում, որի ավարտին 50 մասնակցից ընտրվելու է 25-ը։
- 6-օրյա վերապատրաստում, որին մասնակցելու են ընտրված 25 հոգեբանները, որոնք, որպես դասընթացավարներ, վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները փոխանցելու են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբաններին /ծրագրի բյուջեով նախատեսված ֆինանսավորման շրջանակում նշված դասընթացավարները տրամադրելու են վճարովի ծառայություններ ՀՀ բոլոր մարզերում/։
- Հոգեբան-դասընթացավարների կողմից 2024-2026թթ․-ի ընթացքում, ըստ նախատեսված ժամանակացույցի, ՀՀ դպրոցների հոգեբանների վերապատրաստման իրականացում։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՀԱ նախագահ Արամ Հովսեփյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։
Երկօրյա դասընթացի ընթացքում 50 մասնակիցներն ունեցան հագեցած և բովանդակային օրակարգ։ Երկրորդ փուլ անցած մասնակիցները կվերապատրաստվեն 6-օրյա բազմակողմ թեմաներով հագեցած դասընթացներով և պատրաստ կլինեն փոխանցել ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների հոգեբաններին։