Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Խուճապային խանգարում

Անսպասելի սպառնալիքը կարող է խուճապ առաջացնել ցանկացած մարդու մոտ: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ պարբերաբար ունենում են խուճապային գրոհներ, որոնք կարծես չունեն այդ պահին դիտվող համարժեք պատճառ։ Մարդկանց,  որոնք վերապրում են այդ վիճակը, թվում է, թե նրանք կորցնում են վերահսկողությունը իրենց գործողությունների վրա, գրեթե չեն հասկանում, թե ինչ են անում, նրանց կարող է թվալ, որ նրանք մահանում են։ 

Խուճապային գրոհները այնքան էլ հազվադեպ չեն, և կարող են պատահել մարդու կյանքում և անցնել առանց որևէ հետևանքների։ Սակայն երբ դրանք կրկնվող են, խոսքը հավանաբար խուճապային խանգարման մասին է։  

 

Ի՞նչ է խուճապային խանգարումը

 

Խուճապային խանգարումը հոգեկան խանգարում է, որը բնութագրվում է խուճապային գրոհների ինքնաբուխ առաջացմամբ՝ տարին մի քանի անգամից մինչև օրը մի քանի անգամ հաճախականությամբ և դրանց առաջացման տագնապային ակնկալիքով։ Խանգարման բնորոշ առանձնահատկությունն ուժեղ տագնապի (խուճապի) կրկնվող գրոհներն են, որոնք չեն սահմանափակվում կոնկրետ իրավիճակով կամ հանգամանքներով և, հետևաբար, անկանխատեսելի են: Խուճապային գրոհը զարգանում է արագ, հասնում է գագաթնակետին րոպեների ընթացքում և կաորղ է տևել մի քանի րոպեից մինչև կես ժամ։ Խուճապի ալիքը կարող է առաջանալ հանգիստ կամ անհանգիստ վիճակից: Այն սովորաբար ուղեկցվում է ֆիզիկական և հուզական ախտանիշներով, որնցից կարող են լինել  սրտխթոցը, կրծքավանդակի ցավը, շնչառության դժվարությունը, մկանային սպազմը, գլխապտույտը և սրտխառնոցը: Երբեմն կարող է լինել տեղի ունեցողի անիրականության զգացում (դեռեալիզացիա) և սեփական մարմնից անջատվածության զգացում (դեպերսոնալիզացիա՝ մարմնից դուրս լինելու և դրսից կատարվողին դիտելու զգացում): 

 

Խուճապի խանգարման ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ մարդու վարքի դիսֆունկցիոնալ փոփոխությունները խուճապային գրոհներից մեկի կամ մի քանիսից հետո շարունակվում են մեկ ամիս կամ ավելի։  Որոշ մարդիկ անընդհատ անհանգստանում են, որ գրոհը կկրկնվի: Մյուսների անհանգստությունը կարող է կապված լինել գրոհի պատճառի հետ՝ նրանք կարող են վախենալ, որ խելագարվում են կամ սրտանոթային որևէ հիվանդություն ունեն։ Եվս մեկ ախտանիշ է վարքի փոփոխությունը, որը կամ պիտի կանխի գրոհի կրկնությունը, կամ պատրաստի մարդուն դրա անսպասելի կրկնությանը։ 

 

Խուճապային գրոհների կամ խանգարման առաջացման պատճառը մեկը չէ։ Սովորաբար այն մի քանի գործոնների համադրություն է, ներառյալ ուղեղի կենսաքիմիական գործընթացները, սթրեսային իրադարձությունները և գենետիկան:

Խուճապային խանգարումը հանդիպում է բնակչության 2-3%-ի մոտ,  2 անգամ ավելի հաճախ կանանց մոտ։ Մեկնարկի տարիքը սովորաբար ուշ պատանեկությունն է կամ վաղ երիտասարդ տարիքը։

 

Խուճապային խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Խուճապային գրոհի ախտանիշներն անկառավարելի են, և դա հյուծում է մարդուն՝ առաջացնելով անզորության և հուսահատության զգացում։ Անձի ցանկությունը՝ գիտակցաբար վերահսկելու իր վիճակը խուճապային գրոհի ժամանակ, ախտանշաններն էլ ավելի է սրում։ Հաճախ հնարավոր գրոհի ակնկալիքն ավելի շատ տառապանք է պատճառում, քան բուն գրոհը: Մարդը նախօրոք վախենում է, որ չի կարողանա հաղթահարել խուճապը կամ չի կարողանա օգնություն ստանալ։ Այդ պատճառով շատերը սկսում են խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնց դեպքում խուճապային գրոհը կարող է պատահել (օրինակ՝ մենակ մնալը կամ տնից դուրս գալը)։ Սա կարող է ստեղծել «վախի վախով» ապրելու արատավոր մի շրջան, քանի որ խուճապային գրոհի վախը ստողծում է ավելի շատ սթրես, ինքը և կարող է խթանել նոր խուճապային գրոհները։ Բացի այդ, այս խանգարումով մարդիկ ավելի հակված են նաև հոգեկան այլ խանգարումների զարգացմանը, եթե չստանան մասնագիտական աջակցություն։ 

 

Բուժում

 

Չնայած խուճապային գրոհները վախեցնում են, դրանք վտանգավոր չեն: Գրոհը չի կարող ֆիզիկական վնաս պատճառել։ Բացի այդ, խուճապային խանգարումը բավականին լավ է ուսումնասիրված և կան էֆեկտիվ մեթոդներ այն բուժելու համար։ 

Ամենալավ արդյունքերը գրանցում են դեղորայքային թերապիայի և հոգեթերապիայի համադրման ժամանակ։ Սակայն այս երկու մոտեցումները կարող են օգտագործվել նաև առանձին։ Խուճապային խանգարման բուժումը սկսելուց առաջ սովորաբար անհրաժեշտ է բացառել սոմատիկ հիվանդությունների առկայությունը, որոնք կարող են ներդրում ունենալ խուճապային գրոհի ախտանիշների մեջ։  

 

Կոգնիտիվ վարքաբանական թերապիան լայնորեն կիրառվում է խուճապային խանգարման բուժման համար։ Այն սովորեցնում է մտածելու, վարվելու և խուճապային գրոհից առաջ և ընթացքում առաջացող զգացմունքներին և զգայություններին արձագանքելու նոր, ադապտիվ ձևեր, ինչը նպաստում է դրանց հաճախականության նվազմանը։  

 

Էքսպոզիցիոն թերապիան ուղված է խուճապային խանգարման հետ կապված վախերի և համոզմունքների դեմ պայքարին և խուսափողական վարքի շտկմանը։ Այն երբեմն օգտագործվում է ռելակսացիոն վարժությունների հետ մեկտեղ:
Դեղորայքային  միջոցներից ամենից հաճախ կիրառվում են հակադեպրեսանտնեըր և տագնապամարիչները։ 

 

Խուճապային խանգարում ունեցող մարդիկ ավելի լավ են արձագանքում բուժմանը, եթե հասկանում են, որ խանգարումը ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական գործընթացներ, և որ բուժումը սովորաբար ի վիճակի է վերահսկել ախտանիշները:

 

Որոշ մարդիկ ապաքինվում են առանց համակարգված բուժման, հատկապես, եթե նրանք շարունակում են բախվել այն իրավիճակներին, որոնցում տեղի են ունեցել գրոհները: Մյուսների մոտ ախտանիշները մերթ ուժեղանում են, մերթ թուլանում են երկար տարիների ընթացքում: Այնուամենայնիվ, հաճախակի գրոհների և ձևավորված խուսափողական վարքի դեպքում ֆորմալ բուժումն անհրաժեշտ է։ 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել