Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Ցիկլոթիմիա

Ցիկլոտիմիան տրամադրության բավականին հազվադեպ խանգարում է, որի էությունը տրամադրության ցիկլիկ փոփոխականությունն է՝ ցնծությունից տխրություն և հակառակը։ Այս խանգարումը հաճախ ներկայացվում է որպես երկբևեռ խանգարման թեթև տեսակ։ Սակայն ի տարբերություն երկբևեռ խանգարման, այս տատանումները հաճախ են և կարող են ընթանալ առանց կայուն տրամադրության դրվագների։ Ախտանիշների մեղմ արտահայտվածության պատճառով ցիկլոթիմիայով մարդիկ հազվաեդեպ են դիմում մասնագիտական օգնության, ինչպես նաև հաճախ սխալ ախտորոշում են ստանում։ 

 

Ինչ է ցիկլոթիմիան

 

Ցիկլոթիմիան բնորոշվում է տրամադրության բարձրացման (հիպոմանիայի) համեմատաբար թեթև և կարճ, սովորաբար մի քանի օր տևող,  դրվագներով, որոնց հաջորդում են տխրության մեղմ և կարճ դրվագները (դեպրեսիա կամ հիպոթիմիա): Ախտորոշման համար սովորաբար դիտարկվում է երկու տարի ժամանակահատվածը։ 

 

Հիպոթիմիան կարող է արտահայտվել մարդկանց հետ շփվելու հետաքրքրության նվազումով, որոշումներ կայացնելու, կենտրոնանալու դժվարությամբ, հիշողության անկումով, անտարբերությաբ, հուսահատության, անօգնականության, մեղքի զգացումներով, դյուրագրգռությամբ, ախորժակի և քնի խանգարումներով, լիբիդոյի նվազումով և հոգնածությամբ։ 

 

Հիպերտիմիայի ախտանիշներ կարող են լինել մշտապես թեթևակի բարձր տրամադրությունը, ավելացված էներգիան և ակտիվությունը, բարեկեցության, ֆիզիկական և մտավոր բարձր էֆեկտիվության  զգացումը, խոսկանությունը, բարձր սոցիալիզացիան, սեռական ակտիվությունը և քնի կարիքի նվազումը։ Երբեմն էյֆորիկ շփվողականության փոխարեն կարող են նկատվել դյուրագրգռություն, զայրույթ և կոպիտ վարք։ Կենտրոնացումը և ուշադրությունը կարող են խանգարվել՝ նվազեցնելով և՛ աշխատելու, և՛ հանգստանալու ունակությունը:

 

Ներկայումս խանգարման զարգացման հիմնական գործոն է համարվում գենետիկ նախատրամադրվածությունը։ Միևնույն ժամանակ, ընտանիքում աֆեկտիվ խանգարումների առկայությունը չի նշանակում, որ ցիկլոթիմիան անպայման կզարգանա։ Ամենից հաճախ այն զարգանում է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցության տակ: 

 

Ցիկլոթիմիան սովորաբար սկսվում է դեռահասության կամ վաղ երիտասարդ տարիքում և հավասարապես տարածված է կանանց և տղամարդկանց մոտ: Միջինում հանդիպում է ընդհանուր բնակչության 0.4%-ի մոտ։ 

 

Ի՞նչպես է ցիկլոթիմիան ազդում կայնքի վրա

 

Չնայած նրան, որ ցիկլոթիմիան կարող է հոգնացնող լինել, այնուամենայնիվ, այն սովորաբար չի հանգեցնում ֆունկցիոնալության նկատելի կորուստի կամ սոցիալական մերժման: Սակայն տրամադրության տատանումները հյուծող ազդեցություն կարող են ունենալ և՛ անհատի, և՛ նրա մտերիմների վրա։ 

 

Ցիկլոթիմիկ խանգարում ունեցող մարդկանց մոտ հիպոմանիայի դրվագների ժամանակ բարձր էներգիան կարող է նպաստել գործնական հաջողություններին,  առաջնորդությանը, ձեռքբերումներին և գեղարվեստական ​​ստեղծագործությանը: Այնուամենայնիվ, չափից ավելի ուրախությունը, դեպրեսիան կամ տրամադրության փոփոխությունները կարող են նաև հանգեցնել արդյունքների անկայունությանը  աշխատանքում և ուսման մեջ, բնակավայրի հաճախակի փոփոխության, կրկնվող բաժանությունների կամ ամուսնալուծությունների, ինչպես նաև ալկոհոլի չարաշահման և թմրամիջոցների օգտագործման հետ կապված այլ խանգարումների զարգացմանը։ Բացի այդ, խանգարումը կարող է վերածվել երկբևեռ խանգարման կամ շարունակվել տրամադրության ավելի ծայրահեղ փոփոխություններով:

 

Բուժում 

Ցիկլոթիմիա ունեցողղ մարդիկ հաճախ հիպոմանիայի վիճակները չեն դիտարկում որպես խնդիր, և օգնությանը դիմելու պատճառը կաորղ է լինել կրկնվող դեպրեսին, կամ այլ պատճառներ։ Սակայն բուժումը շատ կարևոր է, քանի որ այն կարող է նշանակալի կերպով փոխել մարդու կյանքի որակը։ 

 

Ցիկլոթիմիայի բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է, երբեմն կիրառվում են տրամադրության կայունացուցիչներ։ Եթե ​​դեպրեսիան ծանր չէ և կարճ է տևում, հակադեպրեսանտները չեն օգտագործվում ցիկլոթիմիկ խանգարումների բուժման համար, քանի որ դրանք կարող խթանել ցիկլը։ 

 

Հոգեթերապևտիկ մեթոդներից ցիկլոթիմիայի համար ցուցված են Կոգնիտիվ վարքաբանական թերապիան և Միջանձնային և սոցիալական ռիթմի թերապիան (IPSRT): Այն կենտրոնանում է ամենօրյա ռիթմերի կայունացման վրա՝ քուն, սննդի ընդունում և այլն։  Հետևողական ռեժիմը թույլ է տալիս ավելի լավ կառավարել տրամադրությունը: 

 

Կարևոր է նաև համապատասխան ապրելակերպի վարումը և ինքնախնամքը։ Օրինակ, ճկուն գրաֆիկով աշխատելը կամ կարիերան ստեղծագորժական ոլորտում  կարող են հեշտացնել կյանքը այս խանգարման դեպքում:

Ցիկլոթիմիայի դեպքում կարող են օգնել աջակցող խմբերը, որտեղ մարդիկ միմյանց հետ կիսվում են իրենց փորձով և զգացմունքներով։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել