Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Անձի շիզոտիպիկ խանգարում

Շիզոտիպիկ խանգարման մասին պատկերացումները պատմության ընթացքում շատ անգամ փոփոխվել են։ Անցյալում այն համարվել է թեթև ընթացող շիզոֆրենիա, փափուկ շիզոֆրենիա, նախա-շիզոֆրենիա և այլն։ 1911 թվականին Օյգեն Բլեյլերը ներկայացրեց «լատենտ շիզոֆրենիայի» հայեցակարգը, որը նա ստեղծեց դիտարկելով շիզոֆրենիայի մեղմ ախտանիշներով անձանց, որոնց կոգնիտիվ հնարավորությունները չէին իջնում ժամանակի ընթացքում։ 

Այսօր շիզոտիպիկ խանգարումը դասակարգվում է որպես անձի խանգարում և համարվում է բնավորությանը հատուկ վիճակ, ոչ թե հոգեկան խանգարում բառի բուն իմաստով: 

 

Ի՞նչ է շիզոտիպիկ խանգարումը

 

Շիզոտիպիկ խանգարումը բնութագրվում է մտերիմ հարաբերություններ կառուցելու և պահպանելու կայուն դժվարությամբ, տաարօրինակություններով մտածողության, ընկալման, խոսքի և վարքի մեջ, որոնք բավականաչափ արտահայտված չեն շիզոֆրենիայի չափանիշներին համապատասխանելու համար:

 

Շիզոտիպիկ խանգարման դեպքում իրականության հետ կապի խաթարումը արտահայտվում է խճճված պատճառահետևանքային կապերի ստեղծմամբ, պարանոիդ գաղափարներով, մարմնական պատրանքներով։ Տարօրինակ համոզմունքներ ունենալը կամ մոգական մտածողությունը կարող են արտահայտվել սնահավատության տեսքով, կամ, կարող է թվալ, որ մտքերը կարող են ազդել արտաքին իրադարձությունների վրա: 

 

Շիզոտիպիկ խանգարման էական հատկանիշը սոցիալական և միջանձնային սերտ հարաբերություններ նախաձեռնելու և պահպանելու դժվարությունն է, որը արտահայտվում է շփման ընթացքում դիսկոմֆորտով և երբեմն պարզապես դրանք կառուցելու անկարողությամբ։ Հատկանշական են նաև ճանաչողական կամ ընկալման խեղաթյուրումները, էքսցենտրիկ վարքը։ Այս հատկանիշները արտահայտվում են վաղ պատանեկությունում և պահպանվում են տարբեր իրավիճակներում։ 

 

Խանգարումը հանդիպում է բնակչության մոտավորապես 3%-ի մոտ, մի փոքր ավելի հաճախ տղամարդկանց մոտ: Հիմնական ախտանիշները սովորաբար սկսում են արտահայտվել մանկության տարիներին։ Ենթադրվում է, որ շիզոտիպիկ խանգարման ծագման պատճառները հիմնականում կենսաբանական են։ Այն ավելի տարածված է շիզոֆրենիա կամ այլ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց առաջին գծի հարազատների շրջանում:

 

Շիզոտիպիկ խանգարուման ազդեցությունը կյանքի վրա

Շիզոտիպիկ խանգարմամբ մարդկանց համար դժվարություն է ներկայացնում սուր սոցիալական տագնապը, որի պատճառով նրանք անհանգիստություն և անհարմարություն են զգում սոցիալական իրավիճակներում՝ վախենալով ուրիշների քննադատությունից կամ մերժումից: Այս տագնապը հաճախ պահպանվում է նույնիսկ ծանոթ մարդկանց հետ, ինչը դժվարացնում է մտերիմ հարաբերություններ հաստատելը: Այս իրավիճակի վրա կարող են ազդել նաև մի քանի այլ գործոններ, որ ասոցացվում են շիզոտիպիկ խանգարման հետ։ Շրջապատը կարող է անսովոր կամ էքսցենտրիկ համարել շիզոտիպիկ խանգարմամբ մարդկանց վարքը կամ արտաքին տեսքը (յուրօրինակ հագուստ, մաներիզմներ, բարձրաոճ, փոխաբերություններով լի խոսք)։  Հուզական արձագանքները կարող են անհամապատասխան թվալ իրավիճակին, ինչը կարող է շփոթեցնել կամ օտարացնել ուրիշներին: Շիզոտիպիկ խանգարմանը հատուկ կասկածամտությունը հանգեցնում է զգալի տագնապի և դժվարեցնում է ուրիշներին վստահելը կամ սոցիալական իրավիճակներում ապահով զգալը: Շփոթեցնող կարող են լինել նաև անսովոր զգայությունները, երբեն ֆիզիկական, երբեմն ընկալման խեղաթյուրումները, օրինակ, երբ թվում է, թե սենյակում մեկը կա, մինչդեռ դա այդպես չէ, կամ զգացմունքը, որ շրջապատը տարօրինակ է կամ անիրական:

 

Այս ամենը նշանակալիորեն ազդում է շիզոտիպիկ խանգարմամնբ անհատի կյանքի վրա, դժվարացնելով աշխատանքը, շփումը և, չբուժվելու դեպքում, կարող է հանգեցնել մեկուսացման և միայնության։ 

 

Բուժում 

 

Շիզոտիպիկ խանգարում ունեցող անհատները հաճախ դիմում են մասնագետի տագնապի կամ դեպրեսիայի հետ կապված ախտանիշների պատճառով   

Համակցված բուժվումը ներառում է դեղորայքային թերապիայի և հոգեթերապիայի կիրառում: Հակափսիխոտիկ միջոցները նվազեցնում են տագնապը և փսիխոտիկ ախտանիշները։ Տագնապի նվազեցման համար կարող են ցուցվել նաև հակադեպրեսանտներ։ 

 

Կիրառվում է նաև Կոգնիտիվ վարքաբանական թերապիա, որը կենտրոնանում է սոցիալական հմտությունների զարգացման և տագնապի կառավարման վրա։ Նման թերապիան կարող է նաև բարելավել այցելուի իրազեկվածությունը այն մասին, թե ինչպես կարող է ընկալվել սեփական վարքը այլ մարդկանց կողմից։ Աջակցող հոգեթերապիան նույնպես օգտակար է: Նպատակը այցելուի հետ հուզական, խրախուսող, աջակցող հարաբերություններ հաստատելն է և այդպիսով կարողանալ օգնել նրան զարգացնել առողջ պաշտպանական մեխանիզմներ, հատկապես միջանձնային հարաբերություններում:

 

Սոցիալական հարմարվողականությունը շիզոտիպիկ խանգարման դեպքում անկայուն է: Սուր դրվագների դադարելուց հետո վիճակը կայունանում է, թեև անձի ընդգծված յուրահատկությունները պահպանվում են:


Երբեմն շիզոտիպիկ խանգարումը վերածվում է շիզոֆրենիայի, բայց շատ դեպքերում դա տեղի չի ունենում: Շիզոֆրենիայի համեմատ՝ կանխատեսումն ավելի բարենպաստ է։ Լիարժեք ռեմիսիան (խանգարման կայուն հետընթաց, ախտանիշների բացակայությամբ) գործնականում անհասանելի է, սակայն բուժման արդյունքնում անհատը կարող է մասնակի կամ լիարժեք վերականգնել ակտիվ կյանք վարելու հնարավորությունը, աշխատել և հարաբերություններ կառուցել։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել