Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Անձի նարցիսիկ խանգարում

Հոգեբանության մեջ նարցիսիզմը անձի նորմալ ֆունկցիան է, որը բաղկացած է ինքնության ամբողջականության, արժեքավորության զգացումից, ապրելու, կյանքը վայելելու բավականությունից, ավտոնոմիայի և կախվածության, մտերմության և միայնության պահանջմունքների բավարվածությունից։ Դրա հիմքում անձի նորմալ ինտեգրացիան է։ Սակայն երբեմն նարցիսիկ ապրումները կարող են մեծ տառապանք պատճառել անհատին և նրա շրջապատին։ 

 

Ի՞նչ է անձի նարցիսիկ խանգարումը

 

Անձի նարցիսիկ խանգարումը հոգեկան առողջույան վիճակ է, որի դեպքում մարդն ունի սեփական կարևորության ուռճացված զգացում, հիացմունքի կարիք և ուրիշների հանդեպ կարեկցանքի պակաս: Դա վարքագծի կայուն օրինաչափություն է, որը սկսում է ի հայտ գալ պատանեկության տարիքում և էական ազդեցություն է ունենում մարդու անձնական և մասնագիտական ​​կյանքի վրա:

 

Անձի նարցիսոտիկ խանգարմանը հատուկ են մի շարք գծեր, որոնք կարող են արտահայտվել միաժամանակ, կամ մասամբ։ նարցիսիկ անձը հակված է գերագնահատել սեփական ձեռքբերումներն ու տաղանդները, նա կարող է ֆանտազիաներ ունենալ ամենակարողության, հաջողության, գեղեցկության կամ իդեալական սիրո վերաբերյալ, համոզված լինել, որ յուրահատուկ է, և նրան ըստ արժանվույն կարող են գնահատել միայն բարձր կարգավիճակ ունեցող մարդկիկ։  

 

Նարցիսիկ խանգարումով մարդիկ մշտական ​​հիացմունքի կարիք ունեն, զգում են, որ իրավունք ունեն հատուկ վերաբերմունք ակնկալել և, որ ուրիշներն ինքնաբերաբար կհամապատասխանեն իրենց ակնկալիքներին: Միջանձնային հարաբերություններում սա կարող է բերել շահագործող վարքի։ նարցիսիկ խանգարմանը հատուկ ուժեղ զգացմուքներից է նախանձը ուրիշների նկատմամբ։  Միևնույն ժամանակ, նարցիսիկ անձը հավատում է, որ ուրիշները նախանձում են իրեն:

 

Անձի նարցիսիկ խանգարման տարածվածությունը բնակչության շրջանում մոտ 1% Է և ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ։ Զարգացման պատճառները հստակ հայտնի չեն և, հավանաբար, բազմակողմանի են։ Կան տվյալներ նարցիսիկ անձի որոշ անհատական գծերի ժառանգականության մասին, սակայն հիմնական պատճառները բացատրվում են միջավայրի ազդեցությամբ, որը ներառում է ծնողավարման ոճը (անտեսում և սառը վերաբերմունք, կամ, հակառակը՝ չափազանց հիացմունք), տրավմաները։ 

 

Անձի նարցիսիկ խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Անցի նարցիսիկ խանգարմանը հատուկ ներքին կոնֆլիկտը գրանդիոզության, արտահայտված էգոիզմի, մյուսներից ավելիին արժանի լինելու զգացողությանը հակադրվող ներքին անապահովության զգացումն է։  Նարցիսիկ անձին անհրաժեշտ են  մշտական ​​հիացմունքն ու հավանության նշանները, քանի որ առանց դրանց նրանք իրենց աննշան են զգում։ Ուրիշների հաջողությունների հանդեպ քրոնիկ գիտակցված կամ չգիտակցված նախանձը և այն զգացումը, որ նրանց նախանձում են, կարող են անարդարության զգացում առաջացնել։ 

 

Չնայած արտաքին վստահությանը, այս մարդիկ շատ զգայուն են քննադատության նկատմամբ: Նրանց հաճախ ուղեկցում է ներքին դատարկության զգացողությունը և վախը, որ նրանց «բավականին լավը» չլինելը կբացահայտվի։ Սա լրացուցիչ սթրեսի աղբյուր է։ Նրանք հաճախ ձգտում են բարձր նվաճումների, սակայն նրանց մեծ ակնկալիքներն ու անհաջողության հանդեպ զգայունությունը կարող են հանգեցնել հիասթափության և դեպրեսիայի:

 

Այս խանգարումով մարդիկ կարող են դժվարանալ երկարաժամկետ հարաբերություններ պահպանել։  Նարցիսիկ անձանց սիրային հարաբերություններում և դրանց դժվարություններում մեծ դեր ունի նախանձը։  Նարցիսիկ անձը հետաքրքրվում է ինչ որ մեկով, և ձգտում է հարաբերություններ կառուցել նրա հետ։ Սակայն միևնույն ժամանակ, նա նախանձում է դիմացիանի այն հատկանիշներին, որոնք գրավել են իրեն։ Եվ նա սկսում է  ոչնչացնել այդ հատկանիշները, արժեզրկելով դրանք։ Սա տեղի է ունենում անընդհատ, յուրաքանչյուր հաջորդ անձի հետ և բերում է այլ ախտանիշների՝ վստահելու անհնարինությանը, հույզերի դատարկությանը, նվիրվելու անկարողությանը, էմպատիայի բացակայությանը։ 

 

Բուժում

 

Անձի նարցիսիկ խանգարում ունեցող մարդիկ սովորաբար դիմում են օգնության, երբ նրանց ոչ հարմարվողական վարքը անդրադառնում է մտերիմ մարդկանց վրա և նշանակալի խնդիրներ է առաջացնում կյանքի տարբեր ոլորտներում։ Անձի խանգարումների դեպքում բուժումը ենթադրում է աշխատանք կոնկրետ թիրախների վրա, որոնք կարելի է ընդհանուր բնութագրել որպես միջանձնային կոնֆլիկտի նվազեցում և հոգեսոցիալական գործունեության կայունացում։ 

 

Հիմնական մեթոդը հոգեթերապիան է, որն օգնում է մարդուն հասկանալ սեփական վարքը և դրա ավելի ադապտիվ ձևեր զարգացնել։ Ցուցված մեթոդներից են Կոգնիտիվ վարքաբանական  (CBT) և Դիալեկտիկական վարքաաբնական (DBT) թերապիաները։ Հոգեանալիտիկ ուղղությունը առաջարկում է հատուկ նարցիսիկ անձանց հետ աշխատանքի համար մշակված Փոխանցման վրա կենտրոնացած թերապիան (TFT)։ 


 

Դեղորայքային թերապիայի արդյունավետության վերաբերյալ տվյալները քիչ են, այն կիրառվում է միայն ուղեկցող խանգարումների դեպքում։ 

 

Թերապիան կարող է օգնել անձի նարցիսիկ խանգարումով մարդուն նկատել սեփական վարքի օրինաչափությունները, գիտակցել պահանջմունքները և հաղթահարման ավելի կառուցողական և հարմարվողական մեխանիզմներ մշակել, ինչը զգալիորեն կբարձրացնի նրա կյանքի որակը և գոհունակությունը։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել