Անձի սահմանային խանգարում
Անձի սահմանային խանգարումը բավականին հայտնի է լայն հանրությանը, մասնավորապես՝ մեդիայիշնորհիվ։ Սակայն ավելի հաճախ այն ներկայացվում է ուռճացված, ոչ ճշգրիտ ախտանիշներով, ինչը նպաստում է խարանին և թյուրըմբռնմանը: ԱՍԽ-ն հաճախ մնում է չախտորոշված, և մարդիկ, որոնք կարող են օգնություն ստանալ և բարելավել իրենց կյանքի որակը, շարունակում են մենակ պայքարել և նույնիսկ քննադատվել:
Ի՞նչ է անձի սահմանային խանգարումը
Անձի սահմանային խանգարումը հոգեկան առողջության լուրջ վիճակ է, որը բնութագրվում է անկայունությամբ, որը տարածվում է միջանձնային հարաբերությունների, ինքնագնահատականի և հուզական որոտի վրա և ուղեկցվում է ուժեղ իմպուլսիվությամբ: Այս խանգարում ունեցող մարդիկ դժվարանում են կառավարել իրենց զգացմունքներն ու վարքը:
Իմպուլսիվ վարքը կարող է դրսևորվել առնվազն երկու պոտենցիալ վտանգավոր ոլորտներում՝ անկառավարելի ծախսեր, սեքս, հոգեմետ նյութերի օգտագործում, մոլախաղ և այլն: Այս խանգարումով մարդիկ հակված են ինքնասպանության փորձեր կատարելուն և ինքնավնասումներին: Էմոցիոնալ անկայունությունն արտահայտվում է տրամադրության հանկարծակի փոփոխություններով՝ դատարկության քրոնիկ զգացումի հետ մեկտեղ: ԱՍԽ-ով մարդկանց երբեմն ուժեղ և անհամաչափ զայրույթ են զգում կամ դժվարանում են այն կառավարել: Ի պատասխան սթրեսի կարող են պարանոյիկ մտքեր առաջանալ (կասկածամտություն) կամ ծանր դիսոցիատիվ ախտանիշներ: Բացի այդ, նրանք լքված լինելու ինտենսիվ վախ են ունենում և անընդհատ ջանքեր են գործադրում երևակայական կամ իրական իրավիճակից խուսափելու համար:
ԱՍԽ-ի զարգացման պատճառները լիովին պարզված չեն, բայց ենթադրվում է, որ հիմքույմ գենետիկ, կենսաբանական և հոգեսոցիալական գործոնների համակցություն է: Մանկության շրջանում տրավմատիկ փորձառությունները՝ բռնությունը կամ անտեսումը, կարող են զգալիորեն նպաստել այս խանգարման զարգացմանը:
Ենթադրվում է, որ ԱՍԽ- ով ապրում է աշխարհի բնակչության 1-2%-ը: Ավելի հաճախ այն ախտորոշվում է կանանց մոտ, քան տղամարդկանց:
Անձի սահմանային խանգարման անզդեցությունը կյանքի վրա
ԱՍԽ-ով մարդիկ շատ զգայուն են շրջակա միջավայրի հանգամանքների նկատմամբ: Լքված լինելու ուժեղ վախը և անտեղի զայրույթը առաջանում են նույնիսկ երբ խոսքը մտերիմի հետ սովորական, իրատեսական ժամանակով բաժանման մասին է: Նրանք կարող են հավատալ, որ սիրելիի «հեռանալը» ենթադրում է, որ նրանք «վատն» են։
Այս փորձառությունները հանգեցնում են ինտենսիվ և անկայուն հարաբերությունների, որտեղ յուրաքանչյուր անհամաձայնություն կարող է աղետալի թվալ: Նրանք կարող են իդեալականացնել զուգընկերոջը կամ ընկերոջը, իսկ հետո հանկարծ փոխել իրենց կարծիքը և արժեզրկել մարդկանց, եթե հիասթափված կամ դավաճանված զգան իրենց: Զգացմունքային անկայունությունը և տրամադրության հանկարծակի փոփոխությունները նրանց ներաշխարհի հիմնական կողմերն են: Այս փոփոխությունները կարող են տեղի ունենալ առանց որևէ ակնհայտ պատճառի, ինչը նրանց կյանքը դարձնում է անկանխատեսելի և սթրեսային: Դատարկության զգացումը և հստակ ինքնաճանաչման բացակայությունը հանգեցնում են սեփական կարևորության և արժեքի հաստատման արտաքին աղբյուրների մշտական որոնմանը:
Ինքնավնասումը և ինքնասպանության փորձերը հաճախ օգնության կանչ են և խորը ներքին ցավի արտահայտություն:
Անկայուն և կոնֆլիկտային հարաբերությունները, ինքնագնահատականի հետ կապված դժվարությունները և հուզական հաճախակի տատանումները հանգեցնում են նաև սոցիալական և մասնագիտական խնդիրների:
Բուժում
ԱՍԽ-ով մարդուն էֆեկտիվ օգնությունը ներառում է հոգեթերապիա, երբեմն դեղորայք և մտերիմների աջակցություն:
Որոշ դեպքերում կարող է պահանջվել կարճատև ինտեսնիվ բուժում հիվանդանոցային պայմաններում, բայց հիմնականում բուժումը կազմակերպվում է ամբուլատոր խնամքով:
Դեղորայքային թերապիան կարող է ներառել հակադեպրեսանտներ, տրամադրության կայունացուցիչներ և հակափսիխոտիկներ՝ ախտանիշները կառավարելու համար: Սակայն բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է:
Դիալեկտիկական վարքաբանական թերապիան (DBT) մշակվել է հատուկ անձի սահմանային խանգարուվ մարդկանց օգնելու համար: Այն օգտագործում է գիտակցության կամ ներկա իրավիճակի և հուզական վիճակի մասին իրազեկման հասկացությունները: Այն նաև սովորեցնում է հմտություններ, որոնք օգնում են մարդկանց կառավարել բուռն հույզերը, նվազեցնել ինքնավնասող վարքը և բարելավել հարաբերությունները:
Մյուս մեթոդը, որը արդյունավետ կարող է լինել, Կոգնիտիվ վարքաբանական թերապիան է: Այն օգնում է բացահայտել և փոխել ոչ ճշգրիտ ընկալումներից և այլոց հետ շփվելու խնդիրներից բխող հիմնական համոզմունքներն ու վարքը: ԿՎԹ-ն կարող է օգնել մարդկանց նվազեցնել տրամադրության տատանումները և տագնապային ախտանիշները և կարող է նվազեցնել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը:
Թերապիայի արդյունքում անձի սահմանային խանգարում ունեցող մարդկանց մեծ մասի մոտ ախտանիշները զգալիորեն նվազում են և հաճախ անհետանում են: Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ այս բարելավումները վերածվեն կայուն հարաբերություններ կամ աշխատանքից պահպանելու ունակությանը: Բուժման նպատակը օգնելն է մարդուն առօրյա բարդություններն ավելի լավ հաղթահարել: Բուժումն սկսվելուց հետո ախտանիշների բարելավման համար կարող է ժամանակ պահանջվել: Անձի սահմանային խանգարում ունեցող մարդկանց և նրանց սիրելիների համար կարևոր է լինել համբերատար, հավատարիմ մնալ բուժման պլանին և աջակցություն փնտրել բուժման ընթացքում: