Երկբևեռ խանգարում
Երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց տրամադրությունը տատանվում է նկատելի անկումից (դեպրեսիա), մինչև կտրուկ բարձրացում (մոլուցք): Հուզական այս վերիվարումները տարբերվում են տրամադրության սովորական տատանումներից ուժգնությամբ և կյանքի որակի վրա նշանակալի ազդեցությամբ։
Ի՞նչ է երկբևեռ խանգարումը
Երկբևեռ խանգարումը բնութագրող երկու վիճակները դեպրեսիան և մանիան են (մոլուցքը)։
Դեպրեսիվ դրվագի ժամանակ նկատվում է տրամադրության նշանակալի անկում, հաճույք և ուրախություն ապրելու անկարողություն, ուժերի կորուստ, ինչպես նաև կարող են դիտվել անտարբերություն շրջապատի նկատմամբ, քնի և ախորժակի խանգարում, մեղքի զգացողություն, կենտրոնանալու, որոշումներ կայացնելու դժվարություն, ցածր ինքնագնահատական։
Մանիան բնութագրվում է էներգիայի անսովոր բարձր մակարդակով, դյուրագրգիռությամբ, բարձր տրամադրությամբ և լավատեսությամբ, անադեկվատ ինքնավստահությամբ և էյֆորիայով, շատախոսությամբ։ Քնի պահանջը զգալիորեն պակասում է, հիշողությունն ու կենտրոնանալու ունակությունը անկում են ապրում։
Երկբևեռ խանգարումը լինում է երկու տեսակի։ Առաջին տիպի երկբևեռ խանգարմանը հատուկ են առնվազն մեկ մոլուցքային դրվագի և, սովորաբար մի քանի դեպրեսիվ դրվագների առկայությունը։ Երկրորդ տիպի դեպքում դեպրեսիվ դրվագների հետ մեկտեղ կարող են լինել հիպոմանիայի դրվագներ, որոնք չեն զարգանում մինչև մանիա։ Հիպոմանիան մանիայի մեղմ ձևն է, ախտանշանների թեթև դրսևորումներով, որին հատուկ են անընդհատ բարձր տրամադրութունը, ակտիվությունն ու լիարժեք ֆիզիկական բարեկեցության զգացումը:
Դրվագները տևում են մի քանի շաբաթից մինչև 3-6 ամիս; Դեպրեսիվ դրվագները սովորաբար ավելի երկար են տևում, քան մոլուցքային կամ հիպոմանիկ դրվագները:
Ցիկլը՝ մեկ դրվագի սկզբից մինչև մյուս դրվագը ժամանակահատվածը, զգալիորեն տարբերվում է տարբեր մարդկանց մոտ։ Ոմանք կարող են ունենալ ընդամենը մի քանի դրվագ իրենց կյանքի ընթացքում, մինչդեռ մյուսների մոտ ցիկլերը արագ հաջորդում են միմյանց (սովորաբար 4 դրվագ տարվա ընթացքում):
Ինքնասպանության փորձի կամ ավարտված փորձի հավանականությունը երկբևեռ խանգարում ունեցող մարդկանցի մոտ գնահատվում է առնվազն 20-30 անգամ ավելի բարձր, քան մնացած բնակչության շրջանում:
Երկբևեռ խանգարում առաջացնող գործոնները ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Պատճականության մասին գաղափարները հիմնված են գենետիկ տեսության վրա: Երկվորյակային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկբևեռ խանգարման ժառանգականությունը մոտ 90% է։ Կարելի է նաև ասել, որ անհատական նախատրամադրող գենետիկ և կենսաբանական գործոնները փոխազդում են շրջակա միջավայրի ազդեցությունների և տարբեր հոգեսոցիալական ասպեկտների հետ: Տարածվածությունը կազմում է բնակչության 0.3%-0.6% և չի տարբերվում կանանց և տղամարդկանց մոտ։
Սովորաբար խանգարումն իհայտ է գալիս 20-ից 30 տարեկան հասակաում, սակայն կարող է մեկնարկել նաև ամբողջ կյանքի ընթացքում:
Երկբևեռ խանգարման ազդեցությունը կյանքի վրա
Երկբևեռ խանգարումը բավական ծանր վերապրվող խանգարումներից է, քանի որ այն մեծ ազդեցություն է ունենում մարդու ոչ միայն ամենօրյա կյանքի, հարաբերությունների և աշխատանքի վար, այլև սուբյեկտիվորեն ծանր ապրումների աղբյուր է, օրինակ, դեպրեսիայի էպիզոդների ժամանակ։ Այդ ընթացքում հուսահատության, անիմաստության, մեղքի, ցածր ինքնագնահատականի զգացմունենքրը լուրջ տառապանքի աղբյուր են դառնում։
Խանգարման մյուս բաղադրիչը՝ մոլուցքը, կարող է տևական խնդիրներ առաջացնել կյանքի բոլոր ոլորտներում և նույնիսկ դժբախտ պատահարների, ֆինանսական, օրենքի հետ խնդիրների պատճառ դառնալ։ Կայուն աշխատանք պահպանելը կարող է դժվար լինել տրամադրության անկանխատեսելի փոփոխությունների պատճառով: Մանիկ դրվագների շրջանակում կարող են իմպուլսիվ որոշումներ կայացվել, անհատը կարող է զուգահեռ մի քանի նախագիծ սկսել, իվիճակի չլինելով գնահատել դրանց իրականացման համար գիտելիքների կամ ժամանակի անհրաժեշտությունը։
Ակտիվության կամ էներգիայի բարձր մակարդակը կարող է դրսևորվել օրվա անսովոր ժամերին, օրինակ՝ անհատի նորմալ քնի փոխարեն։ Չափազանցված լավատեսությունը, մեծամտությունը և թերի դատողությունը հաճախ հանգեցնում են ֆինանսական կորուստների, սեռական անկանոն կապերի։ Տրամադրության ծայրահեղ փոփոխությունները կարող են լարել հարաբերությունները շրջապատի հետ։ Ընկերներն ու ընտանիքը կարող են դժվարանալ հասկանալ երկբևեռ խանգարոումեվ մարդու վարքը, ինչը կհանգեցնի կոնֆլիկտների և թյուրիմացությունների:
Մոլուցքի դրվագների հետ կապված իմպուլսիվ վարքագիծը և դեպրեսիվ դրվագների ժամանակ անարժեքության զգացումը երբեմն կարող են հանգեցնել վտանգավոր իրավիճակների, ներառյալ թմրամիջոցների չարաշահումը կամ ինքնավնասումը:
Այս խանգարումով մարդիկ ոչ միայն արտաքին խարանի են ենրթարկվում, այլև հակված են իրենք իրենց խարանավորելուն, ինչը վատթարացնում է իրենց վիճակը։
Բուժում
Մոլուցքի կամ դեպրեսիայի ծանր դրվագների ժամանակ հաճախ պահանջում է հոսպիտալացում: Նույնիսկ ավելի քիչ ծանր մոլուցքը կարող է պահանջել հոսպիտալացում, եթե կա ինքնավնասման կամ ուրիշներին վնաս պատճառելու վտանգ, կամ եթե առկա են այլ լուրջ խնդիրներ (օրինակ՝ ալկոհոլի չարաշահում կամ այլ հոգեմետ նյութերի չարաշահում): Հիպոմանիա ունեցող մարդկանց մեծ մասը կարող է բուժում ստանալ հիվանդանոցից դուրս։
Թեև երկբևեռ խանգարումը խրոնիկ բնույթ ունի, համակարգված բուժումը կարող է ապահովել կայուն և տևական ռեմիսիա։ Բուժումը ներառում է դեղորայքային թերապիա, հոգեթերապիա, ուսուցում և շրջապատի աջակցություն։
Դեղորայքային բուժումը կարող է ներառել տրամադրության կայունացուցիչներ, ինչպիսիք են լիթիումը և որոշ հակացնցումային պրեպարատները։ Լիթիումը օգնում է կանխել տրամադրության փոփոխությունները, սակայն այն սկսում է գործել 4-ից 10 օրվա ընթացքում, և երբեմն կարիք է լինում նշանակել ավելի արագ գործող դեղամիջոցներ՝ հակափսիխոտիկներ կամ հակացնցումայիններ։
Հակադեպրեսանտները երկբևեռ խանգարման ժամանակ զգուշությամբ են օգտագործվում, քանի որ դրանք կարող են խթանել մոլուցքային դրվագի զարգացումը։ Եթե տրամադրության կայունացուցիչները չեն օգնում դեպրեսիայի ժամանակ, երբեմն կարող է ցուցվել էլեկտրացնցումային թերապիա կամ տրանսկրանիալ մագնիսական խթանում։
Հոգեթերապիայի հիմնական դերը երկբևեռ խանգարման դեպքում կայանում է նրանում, որ այն օգնում է մարդուն ավելի լավ հասկանալ սեփական վիճակը, կարողանալ կառավարել այն, և, ամենակարևորը, հետևողական լինել բուժման ընդունման հարցում։
Մարդը սովորում է ճանաչել ախտանիշները, կանխատեսել դրանք, ինչպես նաև տեղեկություններ ստանում դրանց կանխելու ուղիների մասին: