Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Անձի խանգարումներ

Անձի խանգարումը երկարատև պաթոլոգիկ վիճակ է, որն ուղեկցում է մարդուն իր կյանքի ընթացքում: Անձի խանգարումները ներքին փորձառության և վարքի կայուն օրինաչափություններ են, որոնք զգալիորեն շեղվում են անհատի մշակութային նորմերից և ակնկալիքներից, տարածվում են անձի կյանքի բոլոր ոլորտների վրա և ճկուն չեն։ Անձի խանգարումները սկսվում են դեռահասության կամ վաղ երիտասարդ տարիքում, ժամանակի ընթացքում կայուն են մնում և հանգեցնում են դիստրեսի կամ գործունեության խանգարման: Այս խանգարումները կարող են զգալիորեն ազդել մարդու կյանքի որակի և կյանքի տարբեր ոլորտներում գործելու կարողության վրա: 

 

Անձի խանգարումների պատճառաբանությունը բազմակողմանի է և բարդ: Ներառում է գենետիկական գործոնները, որոնք կարող են նախատրամադրել անձի որոշակի գծերի զարգացմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությունները,  ներառյալ դաստիարակությունը, տրավմաները, սոցիալական և մշակութային գործոնները: Հոգեբանական տեսություններն ընդգծում են վաղ մանկության փորձառությունների և ծնողների հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք կարող է նպաստել վարքի և ընկալման որոշակի օրինաչափությունների ձևավորմանը:

 

Անձի խանգարումների տարածվածության մասին երկար ժամանակ տվյալներ չկային։ Մաշտաբային հետազոտությունները մեկնարկել են սկսած 1990-ականներից և այժմ համարվում է, որ դրանք բավականին տարածված են, գնահատականները տատանվում են 10-15%-ի սահմաններում։ Անձի շիզոտիպային, հակասոցիալ և հիստրիոնային  խանգարումը հանդիպում են դեպքերի 2-3%-ում: Նարցիստիկ ​​և տագնապային խանգարումները համարվում են ավելի հազվադեպ ( 0,5-ից մինչև 1%), իսկ ամենատարածվածը անձի սահմանային և օբսեսիվ-կոմպուլսիվ  խանգարումներն են։ 

 

Առաջին խումբ` սոցիալական ադապտացիայի խանգարումներ 

 

Անձի պարանոիդ խանգարում

 

Բնութագրվում է մշտական ​​կասկածամտությամբ ու ուրիշների նկատմամբ անվստահությամբ։ Այս խանգարումով մարդիկ հակված են այլոց մտադրությունները մեկնաբանել որպես թշնամական և չարամիտ: Նրանք հաճախ համոզված են, որ ուրիշները պատրաստվում են վնասել, խաբել կամ օգտագործել իրենց։ Անձի պարանոիդ խանգարումով մարդիկ կաորղ են չափազանց զգայուն լինել քննադատության նկատմամբ և հաճախ թաքնված նպատակներ են գտնում ուրիշների չեզոք գործողություններում: Սա դժվարություններ է ստեղծում միջանձնային հարաբերություններում, կաորղ է բերել հաճախակի կոնֆլիկտների և մեկուսացմանը:

 

Անձի շիզոիդ խանգարում

 

Բնութագրվում է սոցիալական հարաբերություններից հեռացմամբ և սահմանափակ հուզական արտահայտչականությամբ: Այս խանգարումն ունեցող մարդիկ նախընտրում են մենակ լինել, խուսափում են մտերիմ շփումներից, այդ թվում՝ ընտանեկան, աշխատել ևս ձգտում են մենակ: Նրանք կարող են սառը կամ անտարբեր թվալ գովասանքի կամ քննադատության հանդեպ և հազվադեպ են ուժեղ հույզեր արտահայտում: Նրանց սահմանափակ սոցիալական հմտությունները և մեկուսանալու նախապատվությունը կարող են դժվարացնել նրանց մասնակցությունը սոցիալական և մասնագիտական ​​կյանքին:

 

Անձի շիզոտիպային խանգարում

 

Անձի շիզոտիպային խանգարում ունեցող մարդիկ կարող են սուր անհարմարություն զգալ սերտ հարաբերություններում, դրսևորել տարօրինակ վարք և ունենալ  ճանաչողական կամ ընկալման աղավաղումներ: Նրանց մտքերն ու աշխարհի մասին պատկերացումները կարող են անսովոր թվալ, ինչը հանգեցնում է օտարության և մեկուսացման զգացմունքերի: Նրանք նաև կարող են տարօրինակ զգայություններ ունենալ՝ պատրանքներ կամ անսովոր մարմնական զգայություններ: 

Իրենց էքսցենտրիկ պահվածքի և մտքերի պատճառով նրանք հաճախ անհարմար են զգում սոցիալական իրավիճակներում և փորձում են խուսափել դրանցից, ինչը հանգեցնում է սոցիալական մեկուսացման: 

 

Երկրորդ խումբ՝ հակասոցիալական, ագռեսիվ վարքի դրդող խանգարումներ

 

Անձի հակասոցիալ խանգարում
 

Բնութագրվում է կարեկցելու սահմանափակ կարողությամբ և այլ մարդկանց իրավունքների անտեսմամբ և ոտնահարմամբ։ Այլ նշանավոր ախտանիշներն են՝ իմպուլսիվությունը, անխոհեմ վարքը (ներառյալ թմրամիջոցների չարաշահումը), ուրիշներին վիրավորելուց հետո զղջման բացակայությունը, խաբեությունը, անպատասխանատվությունը և ագրեսիվ վարքը։ Այս խանգարումով մարդկանց դժվար է կառավարել սեփական վարքը, հետևաբար նրանք կարող են նորից ու նորից  անօրինական գործողություններ կատարել, ինչը հանգեցնում է օրենքի հետ կապված խնդիրների։ Հակասոցիալ խանգարումով մարդիկ հակված են օրինազանցությանը, թեև միշտ չեն դիմում այդպիսի քայլերի: Մարդկանց այս տիպը սիրում է ուշադրություն գրավել, առաջատար լինել, օրինակ ծառայել: Այս դեպքում նրանք խուսափում են հանցավոր քայլերից, բայց օրենքը խախտում են ուրիշներին օգտագործելով, կոնֆլիկտներ հրահրելով և հակադրվելով:

 

Անձի սահմանային խանգարում

 

Անձի սահմանային խանգարումը բնութագրվում է միջանձնային հարաբերությունների, ինքնագնահատականի և հույզերի անկայունությամբ, ինչպես նաև ուժեղ իմպուլսիվությամբ: Այս խանգարումն ունեցող մարդիկ հաճախ ունենում են ինտենսիվ և փոփոխական հույզեր, ինչը հանգեցնում է բուռն, հաճախ կոնֆլիկտային հարաբերությունների։ Նրանք կարող են իմպուլսիվ և ռիսկային վարք դրսևորել (օրինակ՝ անկանխատեսելի ծախսեր, անկանոն սեքսուալ հաարբերություններ, ինքնասպանության փորձեր) Այս յուրահատկությունները դժվարեցնում են կայուն հարաբերությունների պահպանումը և կարիերայի առաջխաղացումը։ 

 

Անձի հիստրիոնային խանգարում

 

Անձի հիստրիոնային խանգարումը դրսևորվում է չափազանցված հուզականությամբ և ուշադրություն գրավելու ցանկությամբ։ Այս խանգարումն ունեցող մարդիկ հաճախ զգում են, որ նրանց անտեսում են, եթե նրանք ուշադրության կենտրոնում չեն: Նրանք նկատված և գնահատված լինելու մշտական կարիք են զգում, ինչը կարող է հանգեցնել ցուցադրական և թատերական վարքի։ Հուզական փորձառությունները սովորաբար ինտենսիվ են, սակայն մակերեսային են։ Իրենց անհրաժեշտ ուշադրությունն ու հավանությունը չստալու դեպքում հիստրիոնային խանգարմամբ մարդիկ կարող են դատարկություն և տագնապ զգալ: Միջանձնային հարաբերություններում նրանք հակված են իրենց անտեսված զգալ, եթե իրենց համար բավարար ուշադրություն կամ չի հիացում չեն գտնում։ Հավանության և հիացմունքի կարիքը հաճախ հանգեցնում է մակերեսային հարաբերությունների և խորը և իմաստալից կապեր ձևավորելու դժվարության:

 

Անձի նարցիստիկ խանգարում

 

Բնութագրվում է սեփական անձի կարևորության գերակայող զգացումով, հիացմունքի կարիքով և ուրիշների հանդեպ կարեկցանքի թույլ արտահայտվածությամբ։ Նարցիստիկ խանգարումով մարդկանց  հատուկ զգացմունքներից է նախանձը՝ թվում է, թե ուրիշներն ունեն այն, ինչին իրենք արժանի են, և միևնույն ժամանակ հավատում են, որ իրենց նախանձում են։ Չնայած արտաքին վստահությանը, նրանք շատ զգայուն են քննադատության նկատմամբ և այն ընկալում են որպես անձնական վիրավորանք, ինչը հանգեցնում է զայրույթի կամ նվաստացման զգացման: Նրանք կարծում են, որ իրենք արժանի են հատուկ վերաբերմունքի և արտոնությունների, և իրենց դատարկ ու աննշան են զգում, երբ դա չեն ստանում։ Այս բոլոր զգացմունքները հանգեցնում են լարվածության և կոնֆլիկտային միջանձնային հարաբերությունների։

 

Երրորդ խումբ՝ տագնապային, անվստահ, վախային խանգարումներ

 

Անձի խուսափողական խանգարում

 

Անձի խուսափողական խանգարումը դրսևորվում է սոցիալական տագնապայնությամբ, թերարժեքության զգացումով և բացասական գնահատականի նկատմամբ գերզգայունությամբ: Այս խանգարում ունեցող մարդիկ խուսափում են սոցիալական շփումներից և իրավիճակներից, որտեղ նրանք կարող են քննադատվել կամ մերժվել: Նրանք հաճախ վախենում են նվաստացումից կամ ծաղրից և նախընտրում են մենակությունը: Սա հանգեցնում է մեկուսացման և դժվարությունների մասնագիտական ​​և անձնական ոլորտներում։

 

Անձի կախյալ խանգարում

 

Անձի կախյալ խանգարումը կապված է այլ մարդկանց կողմից խնամքի և աջակցության չափազանց մեծ կարիքի հետ: Այս մարդիկ հաճախ իրենց անօգնական են զգում և չեն կարողանում որոշումներ կայացնել առանց որևէ մեկի օգնության: Նրանք կարող են չափազանց հնազանդ լինել և փորձել հաճոյանալ ուրիշներին՝ կոնֆլիկտից կամ մերժումից խուսափելու համար: Նրանց կախվածությունը հանգեցնում է անկախ ապրելու դժվարությունների և կարող է նրանց խոցելի դարձնել շահագործման համար:

 

Անձի օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում

 

Բնութագրվում է կարգուկանոնի, կատարյալության և վերահսկողության վերաբերյալ չափազանց մեծ մտահոգվածությամբ։ Այս խանգարումով մարդիկ կարող են շատ պահանջկոտ լինել իրենց և ուրիշների նկատմամբ՝ ձգտելով կատարել առաջադրանքները: Նրանք կարող են դժվարանալ գործն ավարտի հասցնելիս՝ մանրակրկտության ու ստանդարտացման հակվածության պատճառով: Նրանց հոգեբանական անճկունությունը կարող է խնդիրներ առաջացնել անձնական և մասնագիտական ​​հարաբերություններում:

 

Բուժում 

 

Անձի խանգարումների բուժման մասին խոսելիս մասնագետները նկատի ունեն ախտանիշների մեղմումը, ֆունկցիոնալության բարձրացումը։ Անձի ցանկացած խանգարումն ունի երկու հիմնական վիճակ՝ ադապդացված և դեզադապտացված: Ադապտացված վիճակը թույլ է տալիս մարդուն հասնել որոշակի կայունության հասարակությունում և սեփական կյանքի կարգավորման գործում: Դեզադապտացված վիճակում անձնային գծերի սրման հետևանքով մարդը կորցնում է այդ ունակութունը: 

 

Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ թերապիան կարող է օգնել մարդկանց անձի խանգարումների տարբեր տեսակների դեպքում։ 

Բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է։ Անձի խանգարումների թերապիայի համար առավել արդյունհավետություն են ցույց տալիս Կոգնիտիվ վարքաբանական  (CBT) և Դիալեկտիկական վարքաբանական (DBT)թերապիաները։ Դեղորայքային թերապիան կարող է կիրառվել ուղորդող խանգարումների բուժման համար, սակայն այն չի համարվում անձի խանգարումների առաջնային բուժում:

Հետևողական հոգեթերապևտիկ աշխատանքի, հոգեբույժների և սոմատիկ բժիշկների հետ պարբերական հանդիպումների և ընտանհիքի աջակցության պայմաններում  շատ մարդիկ կարող են զգալիորեն բարելավել իրենց վիճակը և կյանքի որակը: 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել