Անոթային դեմենցիա
Դեմենցիան ընդհանրական տերմին է, որը նկարագրում է ճանաչողական գործառույթների՝ մտածողության, հիշողության և տարմաբանման կորուստով ուղեկցվող հիվանդությունների մեծ խումբ: Դեմենցիան հաճախ բնութագրվում է որպես «ծերունական», ինչն արտացոլում է նախկինում տարածված, բայց սխալ համոզմունքը, որ մտավոր լուրջ անկումը ծերացման նորմալ մասն է: Այսօր հայտնի է, որ տարբեր հիվանդություններ և առողջական վիճակներ կարող են առաջացնել դեմենցիա և գիտնականները միջոցներ են փնտրում այդ հիվանդություններիև հետ ավելի արդյունավետ պայքարի համար:
Ի՞նչ է անոթային դեմենցիան
Անոթային դեմենցիան ուղեղում արյան շրջանառության խախտման հետևանքով առաջացած դեմենցիայի տեսակ է: Անոթային դեմենցիայի ախտանիշները կարող են առաջանալ ճանաչողական և ֆունկցիոնալ տարբեր ոլորտներում: Ճանաչողական ախտանշանները ներառում են հիշողության խանգարում, նոր տեղեկություններ մտապահելու և վերջին իրադարձությունները հիշելու հետ կապված խնդիրներ, խնդիրների վրա կենտրոնանալու և ուշադրության պահպանման դժվարություն, բարդ առաջադրանքների պլանավորման, կազմակերպման և կատարման հետ կապված խնդիրներ: Բացի այդ, կարող է նվազել որոշումներ կայացնելու և իրավիճակները գնահատելու ունակությանը:
Հուզական և վարքային ախտանշանները ներառում են տագնապ, հաճախակի դեպրեսիվ ախտանիշներ, տրամադրության փոփոխություններ, դյուրագրգռություն և ագրեսիվություն, ինչպես նաև ապատիա, ամենօրյա գործունեության և սոցիալական փոխհարաբերությունների նկատմամբ հետաքրքրության կորուստ:
Ֆունկցիոնալ ախտանշանները ներառում են քայլվածքի և կորդինացիայի հետ կապված խնդիրներ, շարողական և հավասարակշռության հետ կապված խնդիրներ, ինչպես նաև կենցաղային գործառույթների կատարման հետ կապված դժվարություններ, ինչպիսիք են հագնվելը կամ սնունդ պատրաստելը: Անոթային դեմենցիայի ախտանիշները սովորաբար ծանրանում են ժամանակի ընթացքում: Սա կարող է տեղի ունենալ թռիչքաձև կամ աստիճանաբար:
Սկզբնական փուլում կարող են նկատվել թուլություն, հոգնածություն, գրգռվածություն, գլխացավ, քնի խանգարումներ։ Ի հայտ են գալիս աֆեկտիվ խանգարումներ՝ դեպրեսիվ ապրումների, հուզական անկայունության տեսքով։ Սրվում են անձնային գծերը: Մյուս փուլերում ավելի ցայտուն են դառնում հիշողության խանգարումները (ընթացիկ իրադարձություններ, անուններ, թվեր)։ Մտածողությունը կորցնում է ճկունությունը, դառնում է կարկամ, իջնում է հիշողության մոտիվացիոն բաղադրամասը։
Համեմատաբար հազվադեպ անոթային դեմենցիայի ժամանակ կարող են ի հայտ գալ գիտակցության խանգարումներ՝ զառանցանքով և խաբկանքներով, սուր և ենթասուր պսիխոզներով, հաճախ գիշերայի ժամերին։
Անոթային դեմենցիայի հիմնական պատճառներն են ինսուլտները, միկրո ինսուլտները և ուղեղի արյան շրջանառության այլ խանգարումները։ Կարևոր է նշել, որ անոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, ինչպիսիք են հիպերտոնիան, շաքարախտը, ծխելը և ավելորդ քաշը, նույնպես մեծացնում են անոթային դեմենցիայի զարգացման ռիսկը: Անոթային դեմենցիան Ալցհեյմերի հիվանդությունից հետո դեմենցիայի երկրորդ ամենատարածված ձևն է: Տարբեր հետազոտությունների համաձայն, այն կազմում է դեմենցիայի բոլոր դեպքերի 10%-ից 20%-ը:
Անոթային դեմենցիայի ազդեցությունը կյանքի վրա
Անոթային դեմենցիայով մարդիկ հաճախ նկատում են հիշողության կորուստը և կենտրոնանալու, պլանավորելու և ամենօրյա առաջադրանքները կատարելու ունակության նվազումը: Այս փոփոխությունները կարող են առաջացնել հիասթափության, անհանգստության և անօգնականության զգացումներ, քանի որ նախկինում պարզ գործունեությունը դառնում է դժվար կամ անհնար: Ուրիշների հետ փոխազդեցությունը բարդացնում են տրամադրության հանկարծակի փոփոխությունները, որոնք կարող են զգալի սթրես և անհանգստություն առաջացնել ինչպես անհատի, այնպես էլ նրա մտերիմների համար: Ֆիզիկապես անոթային դեմենցիան կարող է ուղեկցվել կորդինացիայի և շարժողական խնդիրներով, ինչը մեծացնում է ընկնելու և վնասվածքներ ստանալու վտանգը:
Ընտանիքի և մտերիմների համար անոթային դեմենսիան դժվար փորձություն է: Իրենց մտերիմի վիճակի աստիճանական վատթարացումը պահանջում է ավելի ու ավելի մեծ ուշադրություն և խնամք։ Ընտանիքի անդամները հաճախ դառնում են ոչ ֆորմալ խնամակալներ, ինչը կարող է հանգեցնել հուզական և ֆիզիկական այրման:
Մշտական խնամքի և օգնության կարիքը կարող է առաջացնել ֆինանսական դժվարություններ և սահմանափակել խնամողների սոցիալական և մասնագիտական հնարավորությունները: Բացի այդ, խնամքի տակ գտնվողի վարքի և տրամադրության փոփոխությունները կարող են ընտանիքում կոնֆլիկտների և սթրեսի պատճառ դառնալ, ինչը ավելի է խորացնում առանց այն էլ բարդ իրավիճակը։
Բուժում
Անոթային դեմենցիայի բուժման նպատակը ախտանիշների կառավարումն է և ուղեղի հետագա վնաման կանխումը: Դեորայւքային թերապիայի հիրմնական թիրախն այս առումով կարող են լինել հիմքում ընկած հիվանդությունները՝ հիպերտոնիան, հիպերլիպիդեմիան կամ շաքարային դիաբետը:
Կարող են կիրառվել նաև ֆիզիոթերապիա և ճանաչողական վերականգնում։ Անոթային դեմենցիայի կանխատեսումը կախված է ուղեղի վնասվածքի չափից և անհատրի ընդհանուր առողջական վիճակից: Ռիսկի գործոնների վաղ հայտնաբերումը և արդյունավետ բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության առաջընթացը և բարելավել մարդու կյանքի որակը: Ինչպես ինսուլտի այլ ախտանիշների դեպքում, ճանաչողական փոփոխությունները երբեմն կարող են բարելավվել սուր փուլից վերականգնման ընթացքում, քանի որ ուղեղը նոր արյունատար անոթներ է ստեղծում, իսկ վնասված շրջանից դուրս ուղեղի բջիջները նոր դերեր են ստանձնում:
Կարևոր է, որ ընտանիքներին հասանելի լինի հիվանդության և դրա կառավարման մասին տեղեկատվություն, ինչը կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրենց սիրելիի վիճակը և արդյունավետորեն հաղթահարել մարտահրավերները: Բացի այդ, հոգեբանական աջակցություն կարող է անհրաժռշտ լինել նաև հիմնական խնամողներին։
Մասնագիտական խնամքը կապահովի անհրաժեշտ աջակցություն և թեթևացնել ընտանիքների բեռը: Դեմենցիայով հիվանդներին խնամելու հարցում խնամողների կրթությունն ու վերապատրաստումը կարող են նաև զգալիորեն բարելավել ինչպես խնամքի տակ գտնվող մարդու, այնպես էլ նրա սիրելիների կյանքի որակը: