Խոսքի զարգացման խանգարումներ
Խոսքի զարգացումը, չնայած միջին ընդունված չափանչիշների, տարբեր է ընթանում երեխաների մոտ։ Երեխաներից շատերը ունենում են խոսքի որոշակի յուրահատկություններ, ինչպիսիք են հնչյունները սխալ արտասանելը, կամ ոչ բոլոր հնչյուններն արտասանելը, կամ կակազելը։ Այս և նման այլ խնդիրները կարող են տարբեր աստիճանի արտահայտված լինել և շտկվել ինքնըստինքյան, սակայն որոշ դեպքերում կարող է մասնագիտական օգնության և մտերիմների համակարգված աջակցության կարիք լինել։
Խոսքի զարգացման խանգարումների տեսակները
Խոսքի զարգացման խանգարումները բաժանվում են մի քանի տեսակների, որոնք բնութագրվում են խոսքը հասկանալու, արտաբերելու կամ լեզուն ու խոսքը շփման համար կիրառելու դժվարություններով։
Ամենատարածված տեսակը Խոսքի խանգարումն է, որը բնութագրվում է լեզվական հմտությունների հետաձգված կամ ոչ սովորական զարգացմամբ, որը կարող է դրսևորվել բանավոր և գրավոր խոսքում, ժեստերի լեզվով հաղորդկցվելիս։ Այս դժվարությունները ներառում են սահմանափակ բառապաշար, նախադասություններ կառուցելու դժվարություն և գաղափարներ արտահայտելու և զրույց շարունակելու համար լեզուն օգտագործելու խնդիրներ: Այս երեխաների լեզվական կարողությունները զգալիորեն ցածր են նրանց տարիքի համար նախատեսվածից, ինչը հանգեցնում է հաղորդակցության, սոցիալական փոխհարաբերությունների, ուսման դժվարությունների: Ախտանիշներն ի հայտ են գալիս զարգացման վաղ շրջանում, սակայն ախտորոշումը սովորաբար կարելի է հստակեցնել 4 տարեկան հասակից։
Հնչյունարտադրության խանգարումը կապված է խոսքի ձայնային կազմի խախտման հետ, որն արտահայտվում է առանձին հնչյունների կամ հնչյունների խմբերի սխալ արտասանությամբ։ Խոսքի հնչյունարտադրությունը բառերը կազմող հնչյունների հստակ արտասանությունն է: Այն պահանջում է խոսքի հնչյունների իմացություն, ծնոտի, լեզվի և շուրթերի շարժումների համակարգում շնչառության և ձայնի հետ: Երեխաները, ովքեր դժվարանում են հնչյուններ արտասանել, կարող են խնդիրներ ունենալ բոլոր այս գործընթացներում։ Հնչյունարտադրության խանգարումը ախտորոշվում է, եթե արտասանությունը չի համապատասխանում տարիքին, և եթե խնդիրները պայմանավորված չեն ֆիզիկական, կառուցվածքային, նյարդաբանական կամ լսողական խնդիրներով: Սովորաբար 3 տարեկանում երեխայի խոսքը պետք է հասկանալի լինի, իսկ 2 տարեկանում՝ 50%-ով: Այս խանգարումն ավելի հաճախ հանդիպում է տղաների, քան աղջիկների մոտ։
Մանկական կակազությունն ի հայտ է գալիս վաղ մանկության տարիներին և բնութագրվում է սահուն խոսելու դժվարությամբ։ Այս խանգարումով երեխաների խոսքը կարող է հաճախ ընդհատվել, կամ կարող են լինել հնչյունների, վանկերի կամ բառերի կրկնություններ, հնչյունների երկարացում։ Կակազությունը կարող է հանգեցնել շփման դժվարությունների և բացասաբար ազդել երեխայի ինքնագնահատականի վրա՝ սոցիալական իրավիճակներում առաջացնելով տագնապ և սթրես: Այն կարող է սրվելլ հուզմունքի ժամանակ, բայց կարող է առաջանալ նաև հանգիստ իրավիճակներում: Կակազության դեպքերի մեծ մասը սկսվում է 2-ից 5 տարեկանում։ Որոշ երեխաներ ժամանակի ընթացքում կարող են հաղթահարել իրենց կակազությունը, բայց մյուսների մոտ այն կարող է պահպանվել նաև հասուն տարիքում:
Խոսքի կոմունիկատիվ խանգարումով մարդիկ դժվարանում են հաղորդակցությունն օգտագործել սոցիալական նպատակներով և չեն կարողանում հարմարեցնել իրենց խոսքը իրավիճակին կամ անձին, ում հետ խոսում են, օրինակ՝ տարբեր կերպ խոսելով երեխաների և մեծահասակների հետ կամ տարբեր միջավայրերում։ Նրանք նաև դժվարանում են հետևել հաղորդակցության կանոններին, ինչպիսիք են զրույցի ընթացքում հերթով խոսելը, թյուրիմացությունը պարզաբանելը և փոխազդեցությունները կարգավորելու համար ազդանշաններ օգտագործելը: Բացի այդ, նրանք կարող են չհասկանալ թաքնված իմաստները և փոխաբերական արտահայտությունները: Ախտանիշները սովորաբար սկսվում են վաղ մանկությունից, բայց կարող են ակնհայտ դառնալ միայն այն ժամանակ, երբ սոցիալական փոխազդեցության պահանջները գերազանցում են երեխայի հնարավորությունները:
Խոսքի զարգացման խանգարումները բավականին տարածված են և հանդիպում են մինչև 5 տարեկան երեխաների մինչև 10%-ի մոտ: Այս խանգարումների պատճառները կարող են տարբեր լինել: Դրանք ներառում են գենետիկ գործոններ, ինչպիսիք են ընտանիքում խոսքի խանգարումների պատմությունը և շրջակա միջավայրի գործոնները, ներառյալ հղիության ընթացքում թունավոր նյութերի ազդեցությունը, վարակները և ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունները: Որոշ դեպքերում լեզվի զարգացման խանգարումները կարող են կապված լինել այլ հոգեկան և նյարդաբանական խանգարումների հետ, ինչպիսիք են աուտիզմի սպեկտրի խանգարումները կամ մտավոր արատները:
Խոսքի զարգտացման խանգարումների ազզդեցությունը կյանքի վրա
Խոսքի զարգացման խանգարումները կարող են ունենալ սոցիալական հետևանքներ ամբողջ կյանքի ընթացքում: Այս երեխաները ավելի հաճախ են բուլինգի ենթարկվում հասակակիցների կողմից: Նրանք կարող են խուսափել սոցիալական շփումներից: Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈւՊՀՀ), հուզական և վարքային խնդիրները և ուսման հատուկ խանգարումները նույնպես ավելի տարածված են այս երեխաների շրջանում:
Խոսքի և լեզվի խանգարումներ ունեցող երեխաների ծնողները և ընտանիքները ևս կարող են ազդված լինել այս խանգարումով: Լրացուցիչ խնամքի և ուշադրության մշտական կարիքը և լոգոպեդներին և այլ մասնագետներին հաճախակի այցելությունները կարող են էմոցիոնալ և ֆիզիկապես սպառել: Ծնողները կարող են իրենց մեղավոր զգալ, անօգնական կամ անհանգստանալ իրենց երեխայի ապագայի համար: Կարևոր է, որ ընտանիքներն ունենան անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես օգնել իրենց երեխային և հաղթահարել դժվարությունները:
Բուժում
Խոսքի զարգացման խանգարումների բուժումը ներառում է համապարփակ մոտեցում՝ ուղղված խոսքի խանգարումների շտկմանը և երեխայի հաղորդակցման հմտությունների բարելավմանը: Վաղ ախտորոշումը և միջամտությունը առանցքային դեր են խաղում կանխատեսման բարելավման գործում: Լոգոպեդիկ թերապիան բուժման հիմնական մեթոդն է և ներառում է դասեր, որոնք ուղղված են հնչյունների ճիշտ արտասանության զարգացմանը, բառապաշարի ընդլայնմանը, քերականական հմտությունների և խոսքի ըմբռնման բարելավմանը: Բուժման մեթոդները հարմարեցված են յուրաքանչյուր երեխայի կարիքներին՝ հաշվի առնելով նրա անհատական առանձնահատկությունները և խանգարման ծանրությունը:
Բացի լոգոպեդիկ օգնությունից, կարևոր դեր է խաղում առօրյա կյանքում խոսքի զարգացմանն աջակցելը: Ծնողները կարող են ակտիվորեն մասնակցել բուժման գործընթացին՝ երեխայի համար ստեղծելով դրական լեզվական միջավայր, խրախուսելով հաղորդակցությունը, գրքեր կարդալը, թեմաներ քննարկելը, հարցեր տալը և պատմելը: Կարևոր է, որ երեխան զգա մեծահասակների կողմից աջակցություն և հասկացվածություն, որպեսզի խուսափի մեկուսացման և շփման վախից:
Սոցիալական աջակցությունը և ներառականությունը նույնպես կարևոր դեր են խաղում խոսքի խանգարումներ ունեցող երեխաների կյանքում: Հասարակությունը պետք է ձգտի ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում նման երեխաները կզգան ընդունված և ներառված սոցիալական կյանքում: Սա ներառում է կրթական ծրագրերի հարմարեցում, խոսքի խանգարումների մասին իրազեկության բարձրացում ծնողների, ուսուցիչների և հասակակիցների շրջանում և ներառական կրթական և ժամանցի ծրագրերի ստեղծում: