Մտավոր զարգացման խանգարումներ
Մտավոր զարգացման խանգարումը բնութագրվում է ինտելեկտուալ գործունեության և հարմարվողական վարքի զգալի սահմանափակումներով, որոնք հայտնվում են մանկության տարիներին: Այն ազդում է սովորելու, խնդիրները լուծելու, փոփոխություններին հարմարվելու և շրջապատող աշխարհի հետ շփվելու ունակության վրա: Այս խանգարումը հաճախ ուղեկցվում է ուսուցման, սոցիալական հարմարվողականության և առօրյա խնդիրների հետ կապված դժվարություններով, որոնք պահանջում են հատուկ աջակցություն և օգնություն:
Մտավոր զարգացման խանգարումների տեսակները
Մտավոր զարգացման խանգարումների ախտանիշները տարբեր են՝ կախված խանգարման ծանրությունից, սակայն բոլորը ներառում են ճանաչողական զարգացման ուշացում և վերացական մտածողության, տրամաբանության, պլանավորման և սովորելու հետ կապված դժվարություններ: Մանկական տարիքում կարող են ի հայտ գալ խոսքի դանդաղ զարգացումը, շարժողական հմտությունների և սոցիալական հմտությունների հետ կապված խնդիրներ: Դպրոցական տարիքում դա կարող է հանգեցնել նյութի յուրացման և բարդ հասկացությունների ըմբռնման դժվարությունների: Ժամանակի ընթացքում, առանց համապատասխան աջակցության, սա բերում է կրթական դեֆիցիտի և սոցիալական մեկուսացման:
Երբեմն մտավոր զարգացման խանգարումներին բնորոշ են նաև որոշ վարքային խանգարումներ՝ սեքսուալ ապարգելացվածությունը և էմոցիոնալ անկայունությունը:
Գոյություն ունեն ինտելեկտուալ զարգացման խանգարման մի քանի տեսակներ, որոնք դասակարգվում են՝ կախված ախտանիշների ծանրությունից։
Մեղմ աստիճանը բնութագրվում է զարգացման թեթև հապաղումով, որի դեպքում անձը կարող է հասնել անկախության և հասարակության մեջ ինտեգրվել համապատասխան աջակցությամբ:
Միջին աստիճանը ուղեկցվում է ավելի ընդգծված սահմանափակումներով, որոնք պահանջում են մշտական օգնություն և վերահսկողություն, հատկապես կրթական և սոցիալական ոլորտներում:
Ծանր և խորը աստիճանները ներառում են զգալի խանգարումներ, որոնք անհնար են դարձնում անկախ կյանքը և պահանջում են մշտական խնամք և աջակցություն առօրյա գործունեության մեջ:
Մտավոր զարգացման խանգարումները բավականին տարածված են և տարածվում են աշխարհի բնակչության մոտ 1-3%-ի վրա: Որոշ խանգարումներ պայմանավորված են լինում քրոմոսոմային կամ գենետիկ խանգարումներով (Դաունի համախտանիշ): Գոյություն ունեն ներարգանդային զարգացման տարատեսակ խախտումներով, ծննդային և վաղ մանկական հասակում ստացված տրավմաներով, բարդություններով, ինֆեկցիաներով պայմանավորված խանգարումներ: Կարևոր է նշել, որ շատ դեպքերում խանգարման պատճառը հնարավոր չէ պարզել:
Մտավոր զարգացման խանգարումների ազդեցությունը կյանքի վրա
Մտավոր զարգացման խանգարումներով ապրելը կարող է դժվար լինել ինչպես անձի, այնպես էլ նրա շրջապատի համար: Այս խանգարում ունեցող մարդու համար աշխարհը կարող է շփոթեցնող և անկանխատեսելի թվալ, հատկապես, երբ պահանջվում է որևէ խնդիրներ լուծել կամ հարմարվել նոր իրավիճակներին: Հաճախ նման մարդիկ հիասթափության և անվստահության զգացում են ունենում՝ դժվարանալով իրավիճակներում, որոնք ուրիշների համար կարծես պարզ են և բնական: Սա կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականի և սոցիալական մեկուսացվածության զգացման:
Խնամքի և աջակցության մշտական կարիքը, հատկապես խանգարման ծանր մակարդակի դեպքում, ընտանիքից պահանջում են զգացմունքային և ֆիզիկական զգալի ռեսուրսներ: Իրենց սիրելիի ապագայի մասին մտահոգությունը կարող է անօգնականության և տագնապի զգացում առաջացնել: Կարևոր է, որ ընտանիքներին հասանելի լինեն մասնագիտացված ծառայություններ և աջակցություն՝ հաղթահարելու այս մարտահրավերները և ապահովելու իրենց սիրելիի կյանքի հնարավոր լավագույն որակը:
Բուժում
Մտավոր զարգացման խանգարումը անփոփոխ է մնում կյանքի ամբողջ ընթացքում: Այնուամենայնիվ, վաղ միջամտության և համապարփակ աջակցության միջոցով հնարավոր է զգալիորեն բարելավել մարդու ֆունկցիոնալ կարողությունները և կյանքի որակը: Վաղ միջամտության ծրագրերը, որոնք ներառում են հատուկ կրթական և վարքային միջամտություններ, կարող են օգնել մտավոր զարգացման խանգարում ունեցող երեխային հասնել իր առավելագույն ներուժին: Կարևոր ասպեկտ է ուսուցման անհատական մոտեցումը: Կարևոր է նաև աջակցել սոցիալական հմտությունների և հաղորդակցման զարգացմանը, ինչը կարող է օգնել մարդուն ավելի լավ հարմարվել հասարակությանը:
Վերականգնողական ծրագրերն ու թերապիաները կարող են ներառել ինքնասպասարկման դասընթացներ, ճանաչողական և շարժողական հմտությունների զարգացում և սոցիալական և հոգեբանական աջակցություն: Այս ծրագրերը կարող են տրամադրվել կա՛մ ինստիտուցիոնալ պայմաններում, կա՛մ տանը՝ կախված խանգարման ծանրությունից և անհատի կարիքներից: Ծնողները և ընտանիքները նույնպես կարիք ունեն աջակցության և վերապատրաստման՝ իրենց սիրելիի կարիքներն ավելի լավ հասկանալու և նրանց հետ արդյունավետ հաղորդակցվելու համար: