Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈւՊՀՀ)

Երկար ժամանակ Ուշադրության պակիասի և հիպերակտիվության համախնատիշը (ՈւՊՀՀ) մանկական տարիքի խանգարում է համարվել։ Այս ընթացքում մեծ քանակությամբ տվյալներ են կուտակվել այս համախտանիշի վերաբերյալ, սակայն վերջին տարիներին ավելի և ավելի շատ ուշադրություն է դարձվում մեծահասակների մոտ համախտանիշի ախտորոշման կարևորությանը։ 

 

Հաճախ ՈւՊՀՀ-ով մեծահասակները չգիտեն իրենց խանգարման մասին և նրանց կարող է թվալ, որ իրենց խնդիրների պատճառը անկազմակերպվածությունն է, անհետևողականությունը և թույլ կամքը։ Սակայն երբեք ուշ չէ դիմել մասնագիտական օգնությանը: Հետևողական բուժումը կարող է հեշտացնել ՈւՊՀՀ-ով շատ անհատների և նրանց ընտանիքների կյանքը:

 

Ի՞նչ է ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիիշը

 

Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիիշը բնութագրվում է ախտանիշների երեք հիմնական խմբերով՝ անուշադրություն, հիպերակտիվություն և իմպուլսիվություն: 

 

Անուշադրությունը կարող է դրսևորվել որպես առաջադրանքների կատարման դժվարություն, ժամանակի վատ կառավարում, աշխատանքի և ուսման հետ կապված գործողություններում ուշադրությունը պահպանելու դժվարություն, ցրվածություն, մոռացկոտություն և թույլ կենտրոնացում: 

 

Հիպերակտիվությունն արտահայտվում է անհանգստությամբ, անշարժ նստելու անկարողությամբ, հատկապես այն իրավիճակներում, որտեղ դա պահանջվում է, շատախոսությամբ, հանգիստ գործունեությամբ զբաղվելու դժվարությամբ։ 

 

Իմպուլսիվության հետևանքով անհատը իմպուլսիվ որոշումներ է կայացնում,  դժվարանում է սպասել իր հերթին,  հաճախակի ընդհատում է խոսողին և միջամտնում ուրիշներին խոսակցությունների կամ գործունեության ընթացքում,  առհասարակ իմպուլսիվ վարք է դրսևորում՝ առանց հետևանքները հաշվի առնելու։անուշադիր, հիմնականում հիպերակ-իմպուլսիվ և խառը։ 

 

Երեխաների մոտ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիիշն առավել հաճախ արտահայտվում է որպես հիպերակտիվություն և իմպուլսիվություն, ինչը կարող է խնդիրներ առաջացնել դպրոցում և հասակակիցների հետ շփվելիս: 

 

ՈւՊՀՀ ունեցող մեծահասակները ավելի հավանական է, որ դժվարություններ ունենան կազմակերպման, ժամանակի կառավարման և առաջադրանքների կատարման հետ կապված: 

 

ՈւՊՀՀ-ի առաջացման պատճառները լիովին հայտնի չեն, սակայն շատ հետազոտություններ ցույց են տալիս, որ ժառանգականությունը մեծ դեր է խաղում (74%.): Ինչպես շատ այլ խանգարումներ, ՈւՊՀՀ-ն հավանաբար առաջանում է մի շարք գործոնների համակցությամբ: Գենետիկայից բացի, հետազոտողները ուսումնասիրում են հնարավոր շրջակա միջավայրի գործոնները (ուղեղի վնասվածքները, սնուցումը, սոցիալական միջավայրը), որոնք կարող են բարձրացնել ՈւՊՀՀ-ի զարգացման ռիսկը։ 

 

ՈւՊՀՀ-ն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ, ընդորում,  կանանց ախտորոշումը հաճախ դժվարեցված է ավելի լավ սոցիալական ադապտացիայի պատճառով։ Համախտանիշը հաճախ համակցվում է այլ խանգարումների հետ, ինչպիսիք են տագնապային խանգարումը, վարքի խանգարումը, դեպրեսիան և հոգեմետ նյութերի օգտագործման խանգարումը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիիշի տարածվածությունը երեխաների մոտ կազմում է մոտավորապես 5-7%, իսկ մեծահասակների մոտ՝ մոտ 2-5%:

 

ՈՒՊՀՀ-ի ազդեցությունը կյանքի վրա

 

ՈւՊՀՀ-ով մարդիկ վաղ հասակից մյուսներից շատ ավելի հաճախ են արժանանում քննադատությանը և ծաղրին, երեխաների դեպքում ավելի մեծ է բուլինգի զոհ դառնալու հավանականությունը։ ավելի մեծ է նաև տրավմաների և հետագա հետտրավմատիկ սթրեսի խանգարման զարգացման հավանականությունը։  Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու խախտումներն ավելի հաճախ են հանդիպում ՈւՊՀՀ ունեցող վարորդների մոտ։ 

 

Առաջադրանքների կատարման ընթացքում ուշադրության կայունությունը ապահովելու դժվարությունը բերում է հաճախակի անզգույշ սխալների, որոնք առաջանում են մանրուքների նկատմամբ ուշադրության պակասի պատճառով։ 

 

Գործունեության կազմակերպման դժվարությունը կարող է բերել կայուն մտավոր ջանքեր պահանջող առաջադրանքներից խուսափելուն։ Մոռացկոտության, հեշտությամբ շեղելիության, մեկ չավարտված գործունեությունից մյուսին հաճախակի անցնելու հետևանք կարող է լինել այն, որ մասնագիտական կատարողականությունը և միջանձնային հարաբերությունները կարող են տուժել և, ի վերջո, հանգեցնել աշխատանքի հաճախակի փոփոխության, գործազրկության, մասնագիտական ներուժը իրագործելու անհնարինության և ցածր եկամուտի: 

 

Ավելին, ՈւՊՀՀ-ով չափահաս անհատի  կյանքի դերի, հետևողականության և հիշողության մեջ գլոբալ կատարողականի դեֆիցիտները կարող են համատարած ազդեցություն ունենալ, որն անդրադառնում է նաև նրանից կախված մարդկանց վրա (օրինակ՝ երեխաներ, ամուսիններ, գործատուներ, ընկերներ):

 

Զգացմունքային ապակարգավորումը արտահայտվում է տրամադրության փոփոխություններով և զգայունությամբ, վրդովմունքն ու զայրույթը կառավարելու դժվարությամբ, սթրեսին դիմակայելու դժվարությամբ։ 

ՈւՊՀՀ-ով անձանց քննադատությունը պահպանված է, և սա նշանակում է, որ նրանք, քաջատեղյակ լինելով իրենց վարքի հետևանքների մասին, շատ հաճախ ունենում եմ մեղքի զգացում և ցածր ինքնագնահատական։ 

 

Բուժում

 

ՈւՊՀՀ-ի բուժումը կարող է օգնել թեթևացնել ախտանիշները և սահմանափակել առօրյա կյանքում դրանց ազդեցությունը:

ՈւՊՀՀ-ն կարող է բուժվել դեղորայքի (հոգեխթանիչներ և հակադեպրեսանտներ) կամ հոգեթերապիայի միջոցով, իսկ երկուսի համադրությունը հաճախ լավագույն արդյունքն է տալիս: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս խանգարման համար ամենաարդյունավետը համարվող հոգեխթանիչները ոչ բոլոր երկրներում են հասանելի։ 

 

Մի շարք հատուկ հոգեսոցիալական միջամտություններ ցույց են տվել իրենց արդյունավետությունը ՈւՊՀՀ-ի ախտանիչշների կառավարման և համախտանիշով ապրող մարդկանց առօրյա գործունեության և ինքնազգացողության բարելավման հարցում։ Առավել հաճախ կիրառվող մեթոդները Վարքաբանական և Կոգտնիտիվ  վարքաբանական և ընտանեկան թերապիաներն են, ինչպես նաև սթրեսի կառավարման տեխնիկաների ուսուցումը և ընտանիքի  անդամների անմիջական աջակցությունը:

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել