Կատատոնիա
Կատատոնիան կամ կատատոնիկ սինդրոմը մի վիճակ է, երբ մարդը դառնում է անհաղորդ արտաքին գրգռիչներին և կորցնում է նորմալ շարժվելու և խոսելու ունակությունը: 20-րդ դարի սկզբին կատատոնիան դիտարկվում էր հիմնականում որպես շիզոֆրենիայի ենթատեսակ։ Մասնագիտական շրջանակում կա կարծիք, որ այս վիճակի տարածվածությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում նվազում է: Սակայն արդեն պարզ է նաև, որ կատատոնիան մտնում է մի շարք տարատեսակ հոգեկան, նյարդաբանական և սոմատիկ խանգարումների ախտանիշների կոմպլեքսի մեջ։
Ի՞նչ է կատատոնիան
Կատատոնիան ունի բազմաթիվ ախտանիշներ և ախտորոշվում է դրանցից առնվազն 3-ի առկայության դեպքում։ Կարող է արտահայտվել․
- Բնական դիրքում տևական անշարժությամբ
- Մարմնի տրված կեցվածքի երկարատև պահպանմամբ (կատալեպսիա)
- Տևական լռությամբ (մուտիզմ),
- Վերջույթներին տրված դիրքի պահպանմանբ (մոմանման ճկունություն)
- Պասիվ, բայց ուժեղ դիմադրությամբ ձեռքերի և ոտքերի դիրքը փոխելու ցանկացած փորձի նկատմամբ (նեգատիվիզմ)
- Անհարմար կեցվածքի պահպանմամբ
- Շարժումների ընդգծվածությամբ (մաներիզմ)
- Կրկնվող միապաղաղ շարժումներով (ստերեոտիպիա)
- Ավելորդ գրգռվածությամբ, ագրեսիայով
- Շրթունքների և հոնքերի ակամա շարժումներով
- Ուրիշի խոսքերը կրկնելով (էխոլալիա)
- Այլ մարդկանց շարժումների կրկնությամբ (էխոպրաքսիա)
Բացի այդ, կարող են նկատվել մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ծարավ, թքահոսություն, արյան ճնշման բարձրացում, սրտխփոց։
Կատատոնիայի ռիսկերից են թերսնուցումը, հյուծվածությունը, մկանային կծկումներ, տրոմբոէմբոլիան, պառկելախոցերի առաջացումը։
Կատատոնիայի առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարգ հոգեկան խանգարումներ՝ ավելի հաճախ տրամադրության խանգարումները, շիզոֆրենիան, ինչպես նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, հետծննդաբերական հոգեկան խանգարումներ։ Պատճառների մյուս խումբը ներառում է նյարդաբանական հիվանդությունները, օրինակ՝ գլխուղեղի ուռուցք, տրավմա, քունքային էպիլեպսիա, ինսուլտ։ Կատատոնիան կարող է զարգանալ նաև որոշ սոմատիկ հիվանդությունների ժամանակ կամ թունավորման, որոշ դեղորայքի ընդունման կամ թմրանյութերի օգտագորժման արդյունքում։
Բուժում
Կատատոնիկ վիճակների վաղ փուլերում արագ բուժումը շատ կարևոր է ախտանիշների տևական թուլացմանը հասնելու համար: Բուժելի վիճակները պետք է բացահայտվեն անհապաղ։
Կատատոնիայի բուժումը պետք է բաղկացած լինի կատատոնիայի հատուկ բուժումից, հիմքում ընկած ցանկացած խանգարման բուժումից և կատատոնիայի բարդությունների կանխարգելմանն ու կառավարմանը ուղղված միջոցառումներից։
Կատատոնիայի հատուկ բուժումը հիմնականում ներառում է դեղորայքային թերապիա և Էլեկտրոկոնվուլսիվ թերապիա (ECT)։
Քանի որ կատատոնիան կարող է զարգանալ որևէ խանգարման կոնտեքստում բուժումը կարող է պահանջել արդեն իսկ կիրառվող դեղորայքային բուժման փոփոխություն։ Օրինակ, կարող է անհրաժեշտ լինել դադարեցնել հակափսիխոտիկների օգտագործումը։ Ամենից հաճախ ցուցվող դեղամիջոցները բենզոդեազեպիններն են։