Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Սուր փսիխոզ

Փսիխոզ տերմինը նկարագրում է մի վիճակ, երբ մարդն ընկալում է կամ մեկնաբանում է շրջապատող իրականությունը այլ կերպ, քան ուրիշները։ Կարող է թվալ, որ տեսնում ես կամ լսում ես այնպիսի բաներ, որոնք ուրիշները չեն տեսնում կամ լսում: Կամ հավատալ այն բաներին, որոնց ուրիշները չեն հավատում: Ոմանք փսիխոզը նկարագրում են որպես «իրականության ճեղքում»։

Ավանդաբար փսիխոզը դիտվում էր որպես հոգեկան խանգարման ախտանիշ: Սակայն միշտ չէ, որ այն պայմանավորված է հոգեկան խանգարմամբ:

 

Ի՞նչ է սուր փսիխոզը

 

Սուր փսիխոզը ախտանիշների համադրություն է, որը  ներառում է հալյուցինացիաներ, զառանցանքներ, անհամապատասխան կամ անկազմակերպ վարք կամ խոսք, կամ դրանց համակցություններ, որի տևողությունը սովորաբար տատանվում է մի քանի օրից մինչև 1 ամիս։

 

Հալյուցիանցիաներն այն դեպքերն են, երբ մարդը տեսնում է կամ զգում է այն, ինչ ուիշները չեն տեսնում կամ զգում։ Օրինակ, դա կարող են լինել ձայն կամ ձայներ, առարկաներ և մարդիկ, համային կամ հոտառական զգայություններ, կամ զգացողություն, որ ինչ որ մեկը դիպչում է մաշկին։ 

 

Լսողական հալյուցիանցիաներն ամենա տարածվածն են։ Ձայները, որոնք լսում է մարդը սուր փսիխոզում կարող են լինել արական կամ իգական, ծանոթ կամ անծանոթ, ծանոթ կամ անծանոթ լեզվով, շշնջացող կամ բղավող, հաճելի կամ թշնամական։ 

 

Մյուս վառ ախտանիշը՝ զառանցանքը, անսովոր համոզմունքներ են, որոնք մյուս մարդիկ չեն կիսում, և որոնք չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ, մարդուն կարող է թվալ, որ նրան հետևում են, որ ծանոթ կամ անծանոթ ինչ որ մեկը ցանկանում է սպանել նրան, կամ թունավորել, կամ վերահսկում է նրա մտքերը։ 

 

Տարածված է նաև ամենակարողության, գրանդիոզության զառանցանքը։ 

Սուր փսիխոզը անդրադառնում է նաև ճանաչողական հնարավորությունների վրա, առաջացնելով կենտրոնացման խնդիրներ, հիշողության հետ կապված խնդիրներ,

նոր տեղեկատվությունը հասկանալու դժվարություններ և որոշումներ կայացնելու դժվարություն։ 

 

Հետազոտությունների համաձայն, տարեկան 100,000 մարդուց 15-ից 100-ի մոտ սուր փսիխոզ է զարգանում: Սուր փսիխոզի առաջին դրվագը սովորաբար ուշ պատանեկությունից մինչև 20 տարեկան հասակում է լինում: Այնուամենայնիվ, փսիխոտիկ դրվագներ կարող են զարգանալ և ավելի երիտասարդ, և ավելի հասուն տարիքում՝ որպես մի շարք խանգարումների և հիվանդությունների մաս:

 

Սուր փսիխոզի առաջացման պատճառները 

 

Սուր փսիխոզի առաջացման պատճառները կենսաբանական են: Խթանել այն կարող են շատ տարբեր վիճակներ և խանգարումներ։  Դեպքերի գրեթե մեկ երրորդը կապված է շիզոֆրենիայի հետ։ Փսիխոտիկ դրվագներ կարող են ներառել նաև երկբևեռ խանգարման մանիայի փուլը, դեպրեսիվ խանգարումը։  

 

Այլ պատճառներից կարող են հանդիսանալ քնի երկարատև պակասը, 

սուր և քրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները,  ծանր քրոնիկ սոմատիկ (ֆիզիկական) hիվանդությունները, որոշակի դեղամիջոցների, թունավոր նյութերի և թմրամիջոցների ընդունումը, հոգետրավմատիկ իրավիճակը (օրինակ, սիրելիի մահ, բռնության ենթարկվելը և այլ), հղիության և ծննդաբերության բարդությունները։

 

Որպես պատճառների ևս մեկ խումբ  կարելի է առանձնացնել նյարդաբանական խանգարումները՝ Ալցհեյմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, քունքային էպիլեպսիա։ 

 

Սուր փսիխոզի ազդեցությունը կյանքի վրա

 

Թեև փսիխոզի զարգացումն անկախատեսելի է, հաճախ դրվագից առաջ կարելի է  նկատել որոշ փոփոխություններ  վարքում։  Փսիխոզի համար նախազգուշացնող  նշանները կարող են ներառել կասկածամտություն, պարանոիդ գաղափարներ,  հստակ և տրամաբանորեն մտածելու դժվարություն, շփումներից խոսափում, մեկուսացման ձգտում, տարօրինակ զգացմունքներ կամ զգացմունքների բացակայություն, ինքնասպասարկան կամ անձնական հիգիենայի անկում, քնի խանգարում, շփոթված խոսք կամ հաղորդակցման հետ կապված խնդիրներ, գործունակության հանկարծակի անկում։ 

 

Սուր փսիխոտիկ դրվագի ժամանակահատվածում մարդիկ ավելի հաճախ են ծխում, ալկոհոլ և թմրանյութեր կարող են օգտագործել, ինչը  նրանց կարճաժամկետ թեթևացում է բերում և օգնում ժամանակավորապես նվազեցնել փսիխոզի ախտանիշները, սակայն կարող է հանգեցնել լուրջ, երբեմն անդառնալի առողջական խնդիրների։ Բացի դրանից սուր փսիխոզի բարդություններից են խնդիրների առաջացումը աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում, լարված ընտանեկան հարաբերությունները, ընկերների և ծանոթների կորուստը, ինքնավնասման և ինքնասպանության ռիսկը, օրենքի խախտումը։ Սակայն հնարավորինս սեղմ ժամանակահատվածում  մասնագիտական օգնության դիմելը կարող է օգնել կանխել բոլոր այս բարդությունները։ 

 

Բուժում 

 

Սուր փսիխոզի բուժուման առաջնային  միջոցը դեղորայքային թերապիան է, որը ենթադրում է հակափսիխոտիկների կիրառում։ Սովորաբար, կարիք է լինում բուժումը կազմակերպելու հիվանդանոցային պայմաններում։ Այսպիսի միջամտությունը կարող է տևել 2-ից 4 շաբաթ, կամ ավելին։ Սուր փսիխոտիկ դրվագի ավարտից հետո անհրաժեշտ էի միջոցներ ձեռնարկել ռեցիդիվները և քրոնիկ հոգեկան խանգարումները կանխելու համար։ Այդ միջոցներից կարող են լինել դեղորայքային թերապիան, որն ուղղված կլինի փսիխոզի պատճառ հանդիսացող վիճակի շտկմանը, հոգեթերապիան, շրջապատի աջակցությունը։ Հոգեթերապևտիկ մեթոդներից ամենից հաճախ կիրառվում են Կոգնիտիվ վարքաբանական թերապիան, Ընտանեկան թերապիան։ 

 

Վաղ ախտորոշման և համապատասխան բուժման դեպքում հնարավոր է լիարժեք ապաքինվել փսիխոզից: Որոշ մարդիկ, ովքեր ստանում են վաղ բուժում, երբեք այլ փսիխոտիկ դրվագ չեն ունենում: Այլ մարդկանց համար վերականգնումը նշանակում է լիարժեք և արդյունավետ կյանք վարելու կարողություն, նույնիսկ եթե հոգեկան ախտանիշները երբեմն վերադառնում են:

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել