Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Դիսթիմիա

Դիսթիմիան դեպրեսիվ խանգարման ավելի մեղմ, սակայն ավելի տևական ձևն է։ 

Ընկճվածությունը, անարժեքության զգացումը, ցրվածությունը և այլ ախտանիշները ուղեկցում են մարդու կյանքը, ամեն օր, ամիսներ կամ տարիներ շարունակ: 

 

Դիսթիմիան չի բերում ֆունկցիոնալության, ինքնավարության զգալի սահմանափակման, սակայն դիսթիմիայով մարդիկ չեն կարողանում լիարժեք զգալ ուրախութունը, երջանկությունը, վայելել իրենց կյանքը։ Մարդիկ կարող են այս ամենը վերագրել իրենց բնավորությանը, մինչդեռ դիսթիմիան միանգամայն բուժելի հոգեկան խանգարում է, այլ ոչ անձի տեսակ։ 

 

Ի՞նչ է դիսթիմիան

 

Դիստիմիկ խանգարումը բնութագրվում է շարունակական ​​դեպրեսիայով (երկու տարի կամ ավելի), որն առկա է օրվա մեծ մասը, ժամանակի մեծ մասը: Երեխաների և դեռահասների մոտ դեպրեսիան կարող է դրսևորվել դյուրագրգռությամբ: Դեպրեսիվ տրամադրությունն ուղեկցվում է գործունեության նկատմամբ հետաքրքրության կամ հաճույքի նկատելի նվազումով, կենտրոնացման նվազումով, ցրվածությամբ և անարժեքության զգացումով: Կարող են դիտվել  նաև տագնապայնություն, մեղքի զգացում, ապագայի հանդեպ հուսահատություն, ախորժակի և քնի փոփոխություն կամ  հոգնածություն։  

 

Հետազոտությունների համաձայն դիսթիմիայով մարդկանցի առնվազն երեք քառորդն ունի նաև որևէ քրոնիկ ֆիզիկական հիվանդություն կամ հոգեկան այլ խանգարումներ, ինչպիսիք են տագնապային խանգարմումներից մեկը,  ցիկլոթիմիան, կախվածությունը հոգեմետ նյութերից։ Զուգակցումը մեծ դեպրեսիվ խանգարման հետ ամենահաճախն է (մինչև 75%)։  Այսպես կոչված «Կրկնակի դեպրեսիա»-ն ավելի դժվար է բուժել, քան սովորական դեպրեսիան, քանի որ մարդը մեծ դեպրեսիայի ախտանիշները ընկալում է որպես սեփական վերահսկողությունից դուրս կամ անխուսափելի երևույթներ։ Սա, իհարկե հետածգում է օգնության դիմելը։ Իսկ բուժումը կարող է այնքան էլ արդյունավետ չլինել, եթե հասցեագրվեն միայն մեծ դեպրեսիայի ախտանիշները, և անտեսվեն դիսթիմիկ ախտանիշները: 

 

Դիսթիմիան հանդիպում է աշխարհի բնակչության 4.5-5%-ի մոտ, աելի հաճախ՝ կանանց մոտ։ Մեկնարկը սովորաբար դեռահաության տարիքում է լինում։ 

 

Դիսթիմիայի ծագման կենսաբանական պատճառները չեն կարող հիմնական համարվել, ամենայն հավանականությամբ, այս խանգարման զարգացման պատճառները կոմպլեքսային են։ Որոշ տվյալներ փաստում են դիսթիմիայի ժառանգականությունը։  Խանգարման զարգացումը խթանող այլ գործոնները ներառում են սթրեսը, սոցիալական մեկուսացումը և սոցիալական աջակցության բացակայությունը։

 

Դիսթիմիայի ազդեցությունը կյանքի վրա

 

Դիսթիմիայի ընթացքի քրոնիակական և ոչ արտահայտված բնույթը հաճախ  բերում է նրան, որ մարդիկ պարզապես չեն իմանում իրենց խանգարման մասին։ Դիսթիմիայով մարդիկ հաճախ չեն կարող մտաբերել ժամանակ, երբ նրանք իրենց այլ կերպ են զգացել։ Արդյունքում նրանք կարող են հավատալ, որ դեպրեսիայի նշանները իրենց բնութագրող գծերն են, խառնվածքի մասն են կամ դիրքորոշումն են։ Ուստի նրանք կթաքցնեն իրենց ախտանշանները, չեն քննարկի իրենց  զգացմունքները մասնագետների, ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Սա կարող է բերել միայնության, լքվածության զգացողության։ 

 

Մեղմ աստիճանի դիսթիմիան կարող է հանգեցնել նրան, որ մարդ պաշպանվի սթրեսից և ձախողման հնարավորություններից՝ խուսափելով լիաթոք ապրել։ Ավելի ծանր դեպքերում դիսթիմիայով մարդը կարող է  հրաժարվել առօրյա գործունեությունից, քանի որ պարզապես հաճույք չի ստանում սովորական զբաղմունքներից և ժամանցից, ապագայի նկատմամբ հուսահատության և պեսիմիստիկ հայացքը ևս խոչընդոտում է նախաձեռնողականությունը։ 

 

Բացի այդ, դիսթիմիան հաճախ առաջանում է հոգեբանական այլ խանգարումների հետ միաժամանակ, որոնք ևս կարող են քողարկել դիսթիմիայի առկայությունը, ինչպես նաև ծանրացնել ընդհանուր վիճակը։ 

 

Բուժում

 

Դիսթիմիկ խանգարման բուժման լավագույն արդյունքները ցույց է տալիս հոգեթերապիայի և դեղորայքային թերապիայի համակցումը։ Ցուցումները նույնն են, ինչպես և մեծ դեպրեսիվ խանգարման համար՝ հակադեպրեսանտներ (հիմնականում սերոտոնինի հետընտրական ինհիբիտորները (SSRIs)) և կոգնիտիվ-վարքաբանական թերապիան: Բուժման արդյունավետության ընդհանուր մակարդակը փոքր-ինչ ավելի ցածր է, քան ոչ քրոնիկ դեպրեսիայի դեպքում, ավելի հավանական են ռեզիստենտ (բուժմանը չարձագանքող) դեպքերը։ Նման դեպքերում հաճախ առաջարկվում է լրացուցիչ միջոցների կիրառում։ Դրանք կարող են ներառել լիթիում, վահանաձև գեղձի հորմոնների պրեպարատներ, խթանիչներ և այլ դեղամիջոցներ։ 

 

Հոգեթերապևտիկ մեթոդներից կարող են օգտագործվել նաև Դիալեկտիկ վարքաբանական թերապիան (DBT), որն ուղղված է խնդիրների լուծման մեթոդների և ընդունման ռազմավարությունների ուսուցմանը, և  Վարքային ակտիվացումը։ Վերջինս օգնում է հաղփահարել խուսափողական և մեկուսացնող վարքը։  Բացի այդ, եթե անձը ունի նաև սեզոնային աֆեկտիվ խանգարում, լույսի թերապիան կարող է օգտակար լինել թերապևտիկ ազդեցությունների հզորացման համար:

 

Երկար ժամանակ քրոնիկ հոգեկան  խանգարման հետ պայքարելիս կարող է թվալ, որ թեթևացումը կամ ապաքինումը անհնար է։ Սակայն դիսթիմիան հաղթահարելի է՝ հետևողական բուժման և անհրաժեշտ աջակցության դեպքում միանգամայն հնարավոր է վերականգնել հոգեկան առողջությունըւ և ավելի երջանիկ ու լեցուն կյանք ապրել։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել