Շիզոաֆեկտիվ խանգարում
Շիզոաֆեկտիվ խանգարումը բազմակողմանի է և տարաբնույթ փորձառություններ է առաջ բերում, սակայն այն կարող է կառավարվել, իսկ ախտանիշները՝ հարթվել։
Շիզոաֆեկտիվ խանգարումը հեշտ է շփոթել շիզոֆրենիայի հետ, քանի որ այն ներառում է շիզոֆրենիային հատուկ վառ փսիխոտիկ ախտանիշները, սակայն հատկանշական են նաև աֆեկտիվ, այսինքն՝ տրամադրության խանգարման ախտանիշները։ Այս պատճառով ախտորոշման համար սովորաբար անհրաժեշտ է լինում դիտարկել ավելիo երկար ժամանակաշրջան, քան վերոնշյալ խանգարումներից որևէ մեկի համար։
Ի՞նչ է շիզոաֆեկտիվ խանգարումը
Շիզոաֆեկտիվ խանգարման ժամանակ մեկ դրվագում արտահայտվում են շիզոֆրենիային հատուկ ախտանիշները՝ օրինակ,հալյուցիանցիաներ, կամ զառանցկան մտքեր, անտրամաբանական մտածողություն և վարք, և միևնույն ժամանակ դրսևորվում է տրամադրության նկատելի փոփոխություն կամ դեպի դեպրեսիա, կամ դեպի մանիա։ Դեպրեսիայի հիմնական ախտանիշներն են շրջապատող աշխարհի նկատմամբ հետաքրքրության կորուստը (որը հատուկ է նաև շիզոֆրենիային), արտահայտված ցածր տրամադրությունը, մեղքի և հուսալքության զգացումը, ուժի կորստը, քնի և ախորժակի խանգարումները, կարող են լինել ինքնասպանության մտքեր։ Մանիայի դեպքում նկատվում է գրգռված, էյֆորիկ տրամադրություն, հուզական և ֆիզիկական ակտիվացում, ընգծված լավատեսություն։ Սրացման ժամանակ մարդը կարող է վտանգ ներկայացնել ինչպես իր կյանքի, այնպես էլ շրջապատի համար, քանի որ իրականության ընկալումը խաթարված է։ Նա կարող է ռիսկային վարք դրսևորել, նկատի չունենալով հետևանքները։
Շիզոաֆեկտիվ խանգարման առաջացման բնորոշ տարիքը վաղ հասուն տարիքն է, չնայած այն կարող է առաջանալ ցանկացած ժամանակ՝ պատանեկությունից մինչև կյանքի վերջ: Այլ հոգեկան հիվանդությամբ ախտորոշված անհատների զգալի մասը շիզոաֆեկտիվ խանգարում ախտորոշումը ստանում է ավելի ուշ, երբ ակնհայտ են դառնում տրամադրության դրվագների օրինաչափությունները։ Որոշ դեպքերում էլ սկզբում կարող է ախտորոշվել տրամադրության խանգարում։
Շիզոաֆեկտիվ խանգարման ծագման ճշգրիտ պատճառը դեռևս անհայտ է։ Համարվում է, որ գենետիկ նախատրամադրվածությունը հիմնարար դեր է խաղում՝ խանգարման զարգացման ռիսկը զգալիորեն մեծանում է, եթե մտերիմների մոտ ախտորոշվել է հոգեկան խանգարում:
Շիզոաֆեկտիվ խանգարման զարգացմանը նպաստող գործոններից են համարվում․
- հոգեակտիվ նյութերի օգտագործումը
- ծանր կոնֆլիկտային հարաբերություններ ընտանիքում կամ շրջապատի հետ
- բնավորության գծերը՝ հուզական անկայունություն, կասկածամտություն
- անձի շիզոտիպային, շիզոիդ կամ պարանոիդ խանգարման առկայությունը
- լուրջ հոգեկան տրավման
- երկարատև ծանր հիվանդությունները
- ուղեղի բնածին կամ ձեռքբերովի վնասվածքները
Շիզոաֆեկտիվ խանգարման ազդեցությունը կյանքի վրա
Շիզոաֆեկտիվ խանգարումով ապրելը կարող է տարբեր դժվարություններ առաջացնել՝ ազդելով մարդու մտքերի, հույզերի և շրջապատիի հետ փոխհարաբերություններ վրա: Առանց բուժման այն ախտանիշների հետ մշտական պայքարի է նմանվում։ Հալյուցինացիաներ կամ զառանցանք վերապրելը կարող է վախեցնող և մեկուսացնող լինել: Անհատը կարող է լսել ձայներ, որոնք չկան կամ ունենալ համոզմունքներ, որոնք ուրիշները համարում են տարօրինակ կամ անհիմն: Այս ախտանիշները բերում են նրան, որ մարդը դժվարանում է վստահել իի սեփական մտքերին և շրջապատող իրականությանը: Դեպրեսիայի և մանիայի դրվագների ժամանակ իհայտ են գալիս կամ ճնշող տխրությունը, հուսահատությունը և էներգիայի կորուստը, կամ անսովոր բարձր տրամադրությունը, անհանգստությունը, ռիսկային վարքը, հետևանքների անտեսումը։
Խնդիրներ են առաջանում աշխատավայրում կամ ուսոումնական հաստատությունում, քանի որ դժվար է կենտրոնանալ և հետևողական արդյունք պահպանելը։ Առաջադրանքները կարող են անհաղթահարելի թվալ՝ հանգեցնելով հիասթափության և անբավարարության զգացողության: Մարդը կարող է կորցնել ընկերական կամ ընտանեկան կապերը՝ անհետևողական վարքի պատճառով, կամ քննադատված լինելու վախից։ Թեև դրվագներից դուրս շիզոաֆեկտիվ խանգարումով անհատը ունակ է լիարժեք գործել, դրանց առկայությունը միևնույն է շփոթեցնող է և՛ նրա, և՛ շրջապատի համար, ինչի հետևանքը խարանն է, որը ևս մեծ դիստրես է պատճառում։ Այս գործոնների ազդեցության ներքո աստիճանաբար մարդու անհատականությունը փոխվում է, նա փորձում է հնարավորինս սահմանափակել շփումները ուրիշների հետ, պաշտպանվում է արտաքին աշխարհից։
Բուժում
Շիզոաֆեկտիվ խանգարման բուժումը ներառում է դեղորայքային բուժում, հոգեթերապիա և շրջապատի աջակցություն։ Այս դեպքում սովորաբար մի քանի տեսակի դեղորայք կարող է նշանակվել՝ հակապսիխոտիկներ, տրամադրության կարգավորիչներ և հակադեպրեսանտներ։ Հոգեթերապևտիկ մեթոդներից առաջին ընտրության են համարվում Կոգնիտիվ վարքաբանական թերապիան, որն օգնում է կապ հաստատել մտքերի, զգացմունքների, վարքի և ախտանիշների միջև, բարելավում է դիմադրողականության հմտությունները։ Հոգեթերապիայի այլ ցուցված ուղղություններից են մայնդֆուլնես թերապիան և ընտանեկան թերապիան։
Սուր դրվագի ընթացում հաճախ անհրաժեշտ է լինում բուժումը հիվանդանոցային պայմաններում, առնվազն կարճ ժամանակով: Դրվագների տևողությունը կարող է տարբեր լինել, սակայն դեղամիջոցները սովորաբար օգնում են կրճատել այն: Դեղորայքը կարող է նաև նվազեցնել նոր դրվագների առաջացման վտանգը, և մարդը կարող է շարունակել լիարժեք կյանք վարել: Լիարժեք բուժումը կարող է ապահովել ռեմիսիայի (հիվանդության հետընթացի) տևական շրջաններ՝ ախտանիշների իսպառ բացակայությամբ։ Այս խանգարումը չունի առաջընթացի միտում։