Շիզոֆրենիա
Շիզոֆրենիան հոգեկան ոլորտի ամենահայտնի խանգարումներից մեկն է, որի շուրջ շատ միֆեր և թյուր ընկալումներ կան կուտակված։ Շիզոֆրենիայի նման ախտանիշների նկարագրություններ կարելի է գտնել դեռ մ.թ.ա 18-րդ դարում, սակայն տերմինը կիրառվում է 1908 թվականից։ Հեղինակը շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերն է, որը կազմել է այն հունարեն «schizo» (պառակտում) և «phren» (միտք) բառերից։ Թեև ախտանիշները կարող են ապակողմնորոշող և դժվար հաղթահարելի թվալ, բուժման և աջակցության մոդելների զարգացումը հուսադրող են։ Համապարփակ մոտեցմամբ, որը ներառում է բժշկական միջամտություն, հոգեթերապիա և համայնքային աջակցություն, շիզոֆրենիա ունեցող անհատները կարող են կառավարել ախտանիշները և բարելավել կյանքի որակը: Կրթությունն ու իրազեկվածությունը կարևոր են խարանը վերացնելու և աջակցող միջավայր ստեղծելու համար այս բարդ խանգարումով ապրող մարդկանց համար:
Ի՞նչ է շիզոֆրենիան
Շիզոֆրենիան բնութագրվում է իրականության ընկալման ճեղքումով, որն արտահայտվում է մտածողության, զգացմունենրի և վարքի մեջ։ Հիմնական ախտանիշներն են․
- Հալյուցինացիաներ․ լսողական, տեսողական, համային կամ շոշափողական զգայություններ, որոնք այլ մարդիկ չեն զգում։
- Զառանցանք․ կեղծ, իրականությանը չհամապատասխանող համոզմունքներ, դիրքորոշումներ, որոնք անհնար է վիճարկել, չնայած դրանց հակասող հստակ ապացույցներին: Օրինակ՝ մարդը համոզված է, որ նրան հետապնդում են, կամ գաղտնալսում են, կամ փորձում են թունավորել։ Կարող է լինել համոզմունք, որ իրարից անկախ կատարվող իրադարձությունները փոխկապակցված են, և որ դրանք հատուկ նշանակությոըն ունեն։ Զառանցանքի մեկ այլ տեսակ է ներգործության զառանցանքը, երբ թվում է, որ մարդու վրա ներազդում են արտաքին ուժեր։ Զառանցանքը կարող է կապված լինել նաև կենցաղային իրավիճակների հետ, օրինակ՝ խանդի։
- Արտահայտված անտրամաբանական, ոչ կապակցված խոսքը, տարօրինակ վարքը, որը կարող է ունենալ անմեղ թեթևամտության, անհանգստության կամ ոչ պատշաճ արտաքին տեսքի, հիգիենայի կամ վարվելակերպի ձև։
- Զգացմունքների արտահայտման սակավություն, դիմախաղի սահմանափակ արտահայտվածություն, շփման, նախկինում հաճույք պատճառող զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ։
- Արտահայտված դժվարություններ պահպանելու առօրյա գործունեությունը, շփումները, աշխատանքը։
Շիզոֆրենիայի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն։ Համարվում է, որ հիմքում կենսաբանական գործոններն են (գլխուղեղում մոլեկուլյար և ֆունկցիոնալ փոփոխությունները)։ Որոշ արտաքին գործոններ, ինչպիսիք են ծանր սթրեսը կամ ալկոհոլի և թմրանյութերի չարաշահումը, կարող են խթան հանդիսանալ:
Շիզոֆներիայի տարածվածությունը ամբողջ աշխարհում բնակչության մոտավորապես 1%-ն է, հանդիպում է հավասարապես տղամարդկանց և կանանց մոտ։ Առաջին դրսևորումները սովորաբար արտահայտվում են 18-ից 35 տարեկանում։ Մեկնարկը կարող է լինել դանդաղ՝ երբ ախտանիշները դեռ ակնհայտ չեն, բայց մարդն այլևս չի գործում նույն մակարդակով։ Կտրուկ մեկնարկը կարող է լինել սուր դրվագով՝ հալյուցինացիաների և զառանցանքի ի հայտ գալով և այլ ախտանիշների ավելի ցայտուն արտահայտմամբ։
Շիզոֆրենիայի ազդեցությունը կյանքի վրա
Շիզոֆրենիայի ախտանիշները դժվարություններ են առաջացնում կյանքի բոլոր ոլորտներում, անդրադառնալով աշխատանքի, հարաբերությունների և ինքնասպասարկման վրա: Փսիխոտիկ ախտանիշները՝ հալյուցինացիաները և զառանցանքը, կարող են վախեցնել և շփոթեցնել շիզոֆրենիա ունեցող անհատին և նրա մտերիմներին։ Ամենօրյա գործողությունները, օրինակ՝ անձնական հիգիենայի պահպանումը, կերակուր պատրաստելը կամ ֆինանսների կառավարումը, կարող են դառնալ անիրագործելի։ Շփումը մարդկանց հետ նույնպես կարող է լարված լինել, քանի որ թյուրիմացությունները և խանգարման հետ կապված խարանը կարող են հանգեցնել մեկուսացման և միայնության:
Մտերիմները հաճախ կարևոր դեր են խաղում խնամքի և աջակցության հարցում, ինչը նրանց համար կարող է լինել և՛ շնորհակալ գործ, և՛ մարտահրավեր: Ընտանիքի անդամները կարող են վերապրել անորոշություն, հիասթափություն, տխրություն և անօգնականություն: Բացի այդ, հոգեկան խանգարման հետ կապված խարանը կարող է հանգեցնել նաև ընտանիքի սոցիալական մեկուսացմանը։ Շիզոֆրենիայով մտերիմի համար հոգալը պահանջում է համբերություն, կարեկցանք և տոկունություն: Խնամակալների համար կարևոր է աջակցություն փնտրել նաև իրենց համար՝ լինի դա խորհրդատվության, աջակցության խմբերի կամ կրթական ռեսուրսների միջոցով: Խանգարումը հասկանալը և նմանատիպ իրավիճակներում ուրիշների հետ կապ հաստատելը կարող է արժեքավոր պատկերացումներ և էմոցիոնալ թեթևացում ապահովել:
Բուժում
Մասնագիտական շրջանակում դեռևս միանշանակ ընդունված կարծիք չկա այն մասին, թե ինչն է ապաքինում համարվում շիզոֆրենիայի դեպքում, սակայն կան ռեմիսիայի (խանգարման կայուն հետընթաց, ախտանիշների բացակայությամբ) հստակ չափանիշներ։ Շիզոֆրենիայի բուժումը հիմնականում ենթադրում է ախտանիշների շտկում և ֆունկցիոնալ մակարդակի բարձրացում։ Այսօր առավել տարածված է դառնում վերականգնման մոդելը, որն ընդգծում է բարելավման, հզորացման և սոցիալական ինտեգրացիայի հնարավորությունը։
Բուժումը սովորաբար ներառում է դեղորայքային թերապիա հակափսիխոտիկներով, որոնք օգնում են նվազեցնել այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են հալյուցինացիաները և զառանցանքները: Ճիշտ դեղորայք և դեղաչափ գտնելը կարող է որոշակի ժամանակ և ճշգրտումներ պահանջել։
Հոգեթերապևտիկ մեթոդներից կիրառվում է Կոգնիտիվ վարքաբանական հոգեթերապիան, ընտանեկան հոգեթերապիան, աշխատանքային թերապիան։
- Կոգնիտիվ վարքաբանական թերապիան շիզոֆրենիայի դեպքում ուղղված է ախտանիշների մեղմմանը, ինքնագնահատականի, սոցիալական գործառույթի և վիճակի մասին պատկերացումների բարելավմանը, ինչն օգնում է խուսափել լուրջ տառապանքից:
- Ընտանեկան թերապիայի շրջանակում աջակցություն են ստանում շիզոֆրենիա ունեցող անձը և նրա ընտանիքի անդամները։ Այստեղ կարևոր դեր է խաղում հոգեկրթությունը, որի շնորհիվ թերապիայի մասնակիցները սովորում են ավելի լավ հոգ տանել իրենց և միմյանց համար, բարելավվում է շփումը։
- Արդյունավետ կարող է լինել նաև սոցիալական հմտությունների ուսուցումը, որի շնորհիվ բարելավվում են շիզոֆրենիա ունեցող անհատի սոցիալական փոխազդեցությունները և հաղորդակցությունը՝ հեշտացնելով առօրյա կյանքը:
Վերականգման մոդելի մաս են կազմում նաև օգնույթունը զբաղվածության և կրթական որորտներում, որը նպաստում է անհատի անկախութանը և ինքնագնահատականի բարձրացմանը, և աջակցման խմբերում ներգրավվելը, որտեղ նմանատիպ փորձառություններ ունեցող մարդիկ կարող են ստանալ էմոցիոնալ աջակցություն և գործնական խորհուրդներ:
Դեպքերի մեծամասնությունում շիզոֆրենիայով անհատը ժամանակի մեծ մասը կարող է բուժում ստանալ հիվանդանոցային պայմաններից դուրս։ Սուր դրվագների դեպքում կարող է պահանջվել հոսպիտալացում:
Ընթացք և կանխատեսում
Շիզոֆրենիայի ընթացքի և ելքի վրա մի շարք գործոններ են ազդում։ Ավելի դրական կանխատեսման հետ կապված են իգական սեռը, կտրուկ մեկնարկը, ավելի մեծ տարիքում ի հայտ եկած առաջին դրվագը, մինչև խանգարման մեկնարկը ֆունկցիոնալության բարձր մակարդակը, բարձր աշխատունակությունը, ակադեմիական նվաճումները, սոցիալական հմտությունները, բարենպաստ տնտեսական պայմանները։ Մտերիմների ու ծանոթների աջակցությունը կարող է զգալիորեն ազդել բուժման ելքի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուրիշների վերաբերմունքի բացասական կողմերը՝ քննադատական մեկնաբանությունների քանակը, թշնամանքի բարձր մակարդակը կապվում են ռեցիդիվի բարձր ռիսկի հետ։ Վաղ միջամտությունը ևս կապվում է լավատեսական կանխատեսման հետ։