Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Դեստուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումներ

Դեստրուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումներն ազդում են անհատի՝ իր զգացմունքներն ու վարքը կառավարելու ունակության վրա: Շատ դեպքերում վերահսկողության այս բացակայությունը նշանակում է, որ այս խանգարումներից որևէ մեկը ունեցող անձը կարող է պարբերաբար վիրավորել ուրիշներին կամ խախտել օրենքները:

 

Որո՞նք են դեստրուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումները

 

Դեստրուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումների խմբում ընդգրկված վիճակները բնութագրվում են երեխաների և դեռահասների կողմից հեղինակության դեմ ուղղված մշտական ​​թշնամական և անհարգալից վարքով: Թեև բոլոր երեխաները բնականոն կերպով անցնում են սահմանների փորձարկման շրջաններ՝ դրսևորելով բացասական վարքագիծ, դեստրուկտիվ և հակասոցիալ խանգարումներով երեխաների վարքը սովորաբար հետևանքներ է ունենում, որոնք անդրադառնում են և նրանյց, և շրջապատող մարդկանց կյանքի վրա։ 

 

Դեստրուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումների ամենատարածված ձևերն են՝ Ընդդիմադիր դեվիանտ խանգարումը և վարքի խանգարումը: Վարքի խանգարումը բնութագրվում է համառ և կրկնվող վարքագծով, որը ներառում է այլոց հիմնական իրավունքների ոտնահարում և տարիքային սոցիալական նորմերի կանոնների կոպիտ խախտում: Որոշ դեպքերում վարքի խանգարումով երեխաները չեն արտահայտում մեղքի կամ ամոթի զգացում, և կարծես չեն զգում էմպատիա կամ կարեկցանք։ Ընդդիմադիր դեվիանտ խանգարումը նման է վարքի խանգարմանը, բայց սովորաբար ի հայտ է գալիս ավելի վաղ հասակում: Այն բնութագրվում է թշնամական, վչրեժխնդիր, անհարգալից և անկարգապահ վարքով՝ ուղղված ծնողների, ուսուցիչների և այլ հեղինակությունների դեմ: 

 

Վարքի և ընդդիմադիր դեվիանտ խանգարումները համարվում են աշխարհում երեխաների մոտ ախտորոշվող ​​ամենատարածված հոգեբուժական վիճակները: Հետազոտությունները ցույց են տվել, որ վարքի խանգարումը հանդիպում է ԱՄՆ-ում դեռահասների 1-4%-ի մոտ, իսկ ընդդիմադիր դեվիանտ խանգարման տարածվածությունը գնահատվում է 10,2%: Հայտնի է նաև, որ այս խանգարումները ավելի հաճախ հանդիպում են տղաների մոտ, քան աղջիկների մոտ:

 

Դեստուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումների զարգացումը տեսականորեն պայմանավորված է գենետիկական, ֆիզիկական և շրջակա միջավայրի նպաստող գործոններով: Ժառանգական գործոնի մասին վկայում են հոգեկան խանգարման ընտանեկան պատմությունը։ Ֆիզիկական պատճառները ներառում են ուղեղի, մասնավորապես՝ ճակատային բլթի կենսաքիմիական գործընթացների և կառուցվածքային  յուրահատկությունները։ Միջավայրը կարող է հսկայական ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա։ Անկայունությունը, ոչ հետևողական ծնողավարումը, լքվածությունը կարող են բերել որոշակի վարքային պատերների զարգացմանը, որոնք կհամապատասխանեն դեստրուկտիվ և հակասոցիալ վարքի խանգարումների ախտանիշներին։ Ռիսկի գործոններ են համարվում մանկական հասակում բռնության ենթարկվելը, ընտանեկան կոնֆլիկտները, անտեսումը, ոչ լիարժեք կամ անհետևողական դաստիարակությունը,  ծնողների ներգրավվածության բացակայությունը, դիսֆունկցիոնալ ընտանիքը։ 

 

Դեստրուկտիվ և հակասոցիալական վարքի խանգարումների ազդեցությունը կյանքի վրա

 

Ընդդիմադիր դեվիանտ և վարքի խանգարում ունեցող երեխաները հաճախ մի շարք հուզական և սոցիալական դժվարությունների են բախվում, որոնք էականորեն ազդում են նրանց կյանքի վրա: Այս խանգարումներով երեխաների հուզական կյանքը դժվար է, քանի որ նրանք հաճախ վերապրում են ուժեղ զայրույթ, դյուրագրգռություն և հիասթափություն: Նրանք իրենց կարող են չհասկացված և մերժվծ զգալ, ինչը մեծացնում է նրանց բացասական հույզերը և հանգեցնում ագրեսիվ գործողությունների՝ կռիվների, վանդալիզմի կամ նույնիսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի: 

 

Դպրոցում այս երեխաները հաճախ ենթարկվում են կարգապահական տույժերի իրենց վարքի պատճառով, ինչը հանգեցնում է ակադեմիական վատ արդյունքների և բացակայությունների։ Մշտական ​​կոնֆլիկտները ուսուցիչների և դասընկերների հետ մեծացնում են անարդարության և թշնամանքի զգացումը շրջապատող աշխարհի նկատմամբ:

 

Ընտանիքի հետ հարաբերությունները նույնպես կարող են շատ լարված լինել։ Ծնողների և քույր-եղբայրների հետ մշտական ​​կոնֆլիկտները կարող են սրել ընտանեկան մթնոլորտը և հանգեցնել հուզական հեռացման: 

 

Նման երեխաների սոցիալական կյանքը նույնպես տուժում է։ Այլ երեխաներ կարող են խուսափել իրենց կողքին լինելուց, ինչը մեծացնում է միայնության զգացումը և կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականի և դեպրեսիայի: Դրական սոցիալական փոխազդեցությունների բացակայությունը վատթարանում է նրանց հուզական վիճակը և նպաստում վարքի հետագա վատթարացմանը:

 

Բուժում 

 

Այս խմբի խանգարումների վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր է, քանի որ կարող է  կանխել երեխաների և դեռահասների ավելի ռիսկային և վտանգավոր վարքի, ինչպես նաև այլ հոգեկան խանգարումների զարգացումը։ 

 

Վարքի խանգարման բուժումը դժվար է, քանի որ վարքի խանգարում ունեցող երեխաները և դեռահասները հաճախ իրենց վարքագծի մեջ ոչ մի վատ բան չեն գտնում: Ավելի լավ վարվելու համառ կոչերը չեն օգնում և չպետք է կիրառվեն: Երբեմն, ծանր խանգարում ունեցող ունեցող երեխաների և դեռահասների համար ամենաարդյունավետ բուժումը կարող է լինել երեխային ռիսկային միջավայրից հեռացնելը և կառուցվածքային միջավայրի ապահովումը, ինչպիսին է, օրինակ,  հոգեբուժական հաստատությունը։  

 

Հոգեթերապիան կարող է բարձրացնել երեխայի ինքնագնահատականը և ինքնատիրապետումը, դրանով իսկ հնարավորություն տալով նրան ավելի լավ կառավարել իր վարքը: ցուցված թերապևտիկ մեթոդներից են կոգնիտիվ վարքաբանական, ընտանեկան թերապիան։ Դեղորայքը կարող է կիրառվել ուղեկցող  խանգարումների ախտանիշները վերահսկելու համար։ 

 

Ընդդիմադիր դեվիանտ խանգարումը լավագույնս բուժվում է վարքաբանական մեթոդներով, որոնք ներառում են կարգապահության նկատմամբ հետևողական մոտեցում և ցանկալի վարքի համապատասխան ամրապնդում (պարգևատրումների միջոցով): Երեխայի հոգեբանը կամ թերապևտը կարող է ներկայացնել այս տեխնիկան ծնողներին և ուսուցիչներին:

 

Ճիշտ բուժման և աջակցության դեպքում երեխաները կարող են բարելավել իրենց սոցիալական հմտությունները, հուզական կառավարումը և կյանքի ընդհանուր որակը, ինչը թույլ կտա նրանց ավելի հաջողությամբ հաղթահարել կյանքի մարտահրավերները:

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել