Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Իմպուլսի վերահսկման խանգարումներ

Իմպուլսների վերահսկման խանգարումներից  յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, ախտանիշները և հետևանքները: Սակայն այս խմբի խանգարումները միավորվում են մեկ հիմնական ախտանիշով՝ ազդակներին դիմակայելու անկարողությամբ, այսինքն՝ գործողությունները և արձագանքները վերահսկելու դժվարությամբ։ Նման վարքի օրինակներ կարող են լինել զայրույթի պոռթկումները, վիճաբանությունների և կռիվների մեջ հեշտ ներգրավվելը, գույքի ոչնչացումը, դիմադրողականություն և անհնազանդությունը, գողությունը, կանոնների կամ օրենքների խախտումը։ 

 

Այս խնդրահարույց վարքը հաճախ վնաս է պատճառում ուրիշներին և/կամ անհատին, որն ունի իմպուլսի վերահսկման խանգարում։ Այն կարող է հանգեցնել նաև օրենքի հետ կապված խնդիրների:

 

Այս խանգարումները միավորում են նաև վարքաբանական փուլերը, որոնք ներառում են որոշակի գործողություն կատարելու ճնշող ցանկությունը, արարքը կատարելուց առաջ լարվածությունը և արարքի ընթացքում կամ դրանից հետո թեթևության կամ հաճույքի զգացումը: Այնուամենայնիվ, դրան հաճախ հաջորդում են մեղքի, զղջման կամ ամոթի զգացումը:

 

Իմպուլսի վերահսկման խանգարումների տեսակները

 

Կլեպտոմանիա

 

Կլեպտոմանիան բնութագրվում է հաճախ որևէ էական արժեք չներկայացնող կամ ոչ անհրաժեշտ առարկաներ գողանալու անհաղթահարելի իմպուլսով: Կլեպտոմանիա ունեցող մարդիկ ինտենսիվ սթրես են ապրում գողությունից առաջ և հաճույքի կամ թեթևության զգացում ունենում արարքի ընթացքում և դրանից հետո: Սակայն այնուհետև նրանց հաճախ համակում են մեղքի և ամոթի զգացումները։ Կլեպտոմանիան կարող է հանգեցնել իրավական խնդիրների, սոցիալական և մասնագիտական ​​դժվարությունների և հուզական դիստրեսի:

 

Պիրոմանիա

 

Պիրոմանիան խանգարում է, որի ժամանակ մարդը հրդեհելու պաթոլոգիական մղում է զգում: Կրակ վառելու կամ որևէ օբյեկտ հրկիզելու ցանկությունը կրկնվող է և դժվար հաղթահարելի։ Պիրոմանիան կարող է վտանգավոր լինել ինչպես անհատի, այնպես էլ մյուսների համար։ Այն կարող է լուրջ իրավական հետևանքներ ունենալ։  

 

Ընդհատվող պայթուցիկ խանգարում

 

Այս խանգարումը բնութագրվում է ագրեսիայի կրկնվող պոռթկումներով, որոնք համաչափ չեն դրանք հրահրող իրավիճակներին: Ընդհատվող պայթուցիկ խանգարում ունեցող մարդիկ կարող են հանկարծակի բանավոր կամ ֆիզիկական ագրեսիա դրսևորել, ոչնչացնել ունեցվածքը և վնասել իրենց կամ ուրիշներին: 

 

Խաղամոլություն 

 

Այս խանգարումով մարդկիկ, անտեսելով բացասական հետևանքները,  անկառավարելի մղում են զգում մոլախաղի հանդեպ։  Նրանք կարող են մեծ գումարներ ծախսել, ֆինանսական խնդիրներ ունենալ, ստել մտերիմներին և նույնիսկ անօրինական գործողություններ կատարել՝ մոլախաղի համար գումար հայթայթելու համար: Պաթոլոգիական մոլախաղը հանգեցնում է ֆինանսական աղետի, ընտանեկան և սոցիալական կապերի քայքայման և լուրջ հուզական խնդիրների, ինչպիսիք են դեպրեսիան և տագնապային խանգարումները: 

 

Կոմպուլսիվ գնումների խանգարում

 

Այս խանգարումը բնութագրվում է գնումներ կատարելու կպչուությամբ, որն առաջացնում է անբարենպաստ հետևանքներ: Այն արտահայտվում է հաճախ ոչ պիտանի, կամ էժանագին ապրանքներ ձեռք բերելու կրկնվող, պարտադրող և անվերահսկելի մղումով։ Այս խանգարումը կաորղ է բերել ֆինանսական լուրջ խնդիրների, ինչպես նաև միջանձնային, հոգեբանական դժվարությունների:

 

Հոգեկան առողջության խանգարումներից շատերը ներառում են իմպուլսի վերահսկման դժվարությունը որպես ախտանիշ։ Այդ խանգարումներից են՝ հոգեմետ նյութերի գործածման հետ կապված խանգարումները, վարքի խանգարումները, ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը, աուտիստիկ սպեկտրի խանգարումները, անձի հակասոցիալական, սահմանային խանգարումները և տրամադրության որոշ խանգարումներ:

 

Տարածվածությունը և պատճառները 

 

Ենթադրվում է, որ իմպուլսի վերահսկման խանգարումները տարածված են բնակչության մինչև 10%-ի մոտ։ Իմպուլսի  վերահսկման խանգարումների էթիոլոգիան բազմագործոն է և ներառում է գենետիկ, կենսաբանական և հոգեբանական ասպեկտներ: Կարևորվում են գենետիկ նախատրամադրվածությունը և ուղեղի նեյրոքիմիական և կառուցվածքային առանձնահատկությունները կամ փոփոխությունները։ 

 

Իմպուլսի վերահսկման խանգարումների ազդեցությունը կյանքի վրա

 

Այս խանգարումներով մարդիկանց հատուկ են հուզական ոլորտի  դժվարություններ, այդ թվում՝ ամոթի, մեղքի և հուսահատության զգացումները: Դրանք կարող են հանգեցնել սոցիալական մեկուսացման, լուրջ խնդիրներ առաջացնել հարաբերություններում, խանգարել աշխատանքին և ուսմանը։  Իմպուլսիվ գործողությունները կարող են իրավական և ֆինանսական հետևանքներ ունենալ, հատկապես կլեպտոմանիայի և մոլախաղերի դեպքում։ Իմպուլսիվ արարքները թաքցնելու փորձերը հաճախ մեծացնում են սթրեսն ու անհանգստությունը՝ ստեղծելով արատավոր շրջան, որից դժվար է դուրս գալ:

 

Բուժում

 

Իմպուլսների վերահսկման խանգարումների բուժումը սովորաբար ներառում է հոգեթերապիայի և դեղորայքի համակցում: Կոգնիտիվ վարքաբանական թերապիան (CBT) ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է, որն օգնում է ճանաչել և փոխել իմպուլսիվ գործողությունների հետ կապված բացասական մտքերն ու վարքային օրինաչափությունները: Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի շրջանակում կաորղ են կիրառբվել նաև սթրեսի կառավարման և ռելակսացիայի մեթոդներ, որոնք կօգնեն նվազեցնել լարվածության և տագնապի մակարդակը: 

 

Տրամադրությունը կայունացնելու և իմպուլսիվությունը նվազեցնելու համար կարող են կիրառվել հակադեպրեսանտներ կամ տրամադրության կայունացուցիչները: Բացի այդ, այլ համապատասխան թերապևտիկ մեթոդները կարող են կիրառվել ուղեկցող հոգեկան խանգարումների բուժման համար։ Թերապիայի արդյունքում իմպուլսի վերահսկման խանգարումներ ունեցող մարդկանցից շատերը հասնում են զգալի բարելավման և կարողանում են լիարժեք կյանք վարել:

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել