Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Հոգեխթանիչների օգտագործման խանգարում

Հոգեխթանիչները հոգեակտիվ նյութերի խումբ են, որոնք մեծացնում են կենտրոնական նյարդային համակարգի ակտիվությունը՝ առաջացնելով զգոնության, էներգիայի բարձրացում: Դրանք ներառում են ինչպես օրինական դեղամիջոցներ (կոֆեին, դեղատոմսով որոշ դեղամիջոցներ), այնպես էլ անօրինական նյութեր (ամֆետամին, մետամֆետամին, կոկաին): Չնայած տրամադրությունը և արտադրողականությունը բարելավելու ունակությանը, խթանիչների չարաշահումը կարող է հանգեցնել լուրջ կախվածության և առողջության և կյանքի համար կործանարար հետևանքների: 

 

Հոգեխթանիչների միջև տարբերությունը

 

Հոգեխթանիչների օրինական տեսակներից են, օրինակъ կոֆեինը և Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի բուժման համար նախատեսված որոշ երկրներում հասանելի դեղամիջոցները։  Այս նյութերը, ընդհանուր առմամբ, ճիշտ կիրառման դեպքում քիչ վտանգավոր են, չնայած, որ կրում են կախվածության առաջացման որոշ ռիսկեր։ 

 

Անօրինական հոգեխթանիչները, ինչպիսիք են կոկաինը, մետամֆետամինը և էքստազին, ունեն հզոր և արագ ազդեցություն՝ առաջացնելով էյֆորիայի ինտենսիվ զգացումներ, էներգիայի ավելացում և ուշադրության կենտրոնացում: Այնուամենայնիվ, դրանք նաև զգալիորեն մեծացնում են կախվածության և այլ լուրջ խնդիրների ռիսկը, ինչպիսիք են փսիխոզը, սրտանոթային հիվանդությունները և նյարդաբանական խանգարումները:

 

Կախվածության զարգացումը և դրա փուլերը

 

ՀոգեԽթանիչներից կախվածությունը զարգանում է աստիճանաբար և անցնում է մի քանի փուլով։ Սկզբնական փուլերում մարդը կարող է օգտագործել խթանիչներ՝ կատարողականությունը, տրամադրությունը բարելավելու կամ հոգնածությունը թեթևացնելու նպատակով: 

 

Ժամանակի ընթացքում կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել տոլերանտության աճին, երբ նույն էֆեկտին հասնելու համար ավելի ու ավելի մեծ չափաբաժին է պահանջվում։  Սա հանգեցնում է կախվածության առաջացմանը, երբ մարդը սկսում է կորցնել վերահսկողությունը նյութի օգտագործման նկատմամբ և զգալ այն օգտագործելու մեծ ցանկություն:

 

Կախվածության վերջին փուլերում առաջ են գալիս առողջության և սոցիալական գործունեության հետ կապված նշանակալի խնդիրներ։ Հանման ախտանիշները, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը, հոգնածությունը և դյուրագրգռությունը, կարող են չափազանց դժվարացնել օգտագործման դադարեցումը: Խթանիչներից կախվածությունը կարող է գերիշխող դառնալ մարդու կյանքում՝ հանգեցնելով այլ գործունեության նկատմամբ հետաքրքրության կորստի և անձնական և մասնագիտական ​​հարաբերությունների խզմանը:

 

Հոգեխթանիչների օգտագործման խանգարումը տարածվում է հանրության բոլոր շերտերի վրա, ավելի տարածված լինելով 18-25 տարեկան անհատների մոտ: Միջինում, բուժում ստացող անհատների շրջանում առաջին կանոնավոր օգտագործումը տեղի է ունենում 23 տարեկանում: 

 

Հոգեխթանիչների օգտագործման խանգարման ռիսկի գործոններ են հանդիսանում Երկբևեռ խանգարումը, շիզոֆրենիան, Անձի հակասոցիալական խանգարումը, մանկական տարիքում վարքի խանգարումները։ Միջավայրային գործոններից կարող են լինել ծնողների կախվածությունը հղիության և հետծննդյան շրջանում, մանկական տարիքում բռնությանը ենթարկվելը: Կախվածության աճին նպաստում է նաև խթանիչներին հեշտ հասանելիությունը՝ ինչպես օրինական, այնպես էլ անօրինական:

 

Հոգեխթանիչների օգտագործման խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Հոգեխթանիչների օգտագործման խանգարումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիան, առիթմիան և սրտի կաթվածը: Ապօրինի խթանիչները կարող են նաև լրջորեն անդրադառնալ ուղեղի լվրա՝ հանգեցնելով ճանաչողական խանգարումների, փսիխոզի և այլ հոգեկան խանգարումների:

 

Կախվածության հոգեբանական հետևանքները կարող են նույնքան կործանարար լինել: Հոգեխթանիչների քրոնիկ օգտագործումը կարող է խթանել տագնապի,  պարանոյայյի, դեպրեսիայի և զգացմունքային անհավասարկշռվածոևժւթյան զարգացումը։ Ծայրահեղ դեպքերում հոգեխթանիչներից կախվածությունը կարող է հանգեցնել լիակատար հուզական և ֆիզիկական հյուծման, սոցիալական մեկուսացման և կյանքի իմաստի կորստի:

 

Կախվածություն ունեցող մարդը հաճախ իրեն մեղավոր է զգում, նրա մոտ կարող են գերակշռել ամոթի և հուսահատության զգացմունքները։ Նա կարող է տեղյակ լինել իր վարքի կործանարար հետևանքների մասին, բայց զգալ նաև, որ չի կարող դադարեցնել օգտագործումը ծանր ֆիզիկական և հոգեբանական կախվածության պատճառով: Այս զգացմունքները կարող են մեծացնել հոգեխթանիչներ օգտագործելու անհրաժեշտությունը՝ որպես իրականությունից փախչելու միջոց:

 

Բուժում 

 

Հոգեխթանիչների օգտագործման խանգարման հիմնական բուժումը հոգեթերապիան է։ Սակայն դեղորայքային թերապիան և ներհիվանդանոցային բուժման փուլը կարող է անհրաժեշտ լինել գերդոզավորման կամ հանման համախտանիշի առկայության դեպքում։ Դեղորայքը կարող է անհրաժեշտ լինել նաև հոգեկան ոլորտի համակցված խանգարումների կամ սոմատիկ հիվանդությունների և վիճակների բուժման համար։ 

 

Հոգեխթանիչների օգտագործման խանգարման բուժման ամենաէֆեկտիվ մեթոդները ներառում են կոգնիտիվ վարքաբանական թերապիան, որն օգնում է բացահայտել և փոխել ոչ ադապտիվ վարքն ու մտածելակերպը արտակարգ իրավիճակների կառավարումը, որն օգնում ամրապնդել ցանկալի վարքը, մոտիվացիոն հարցազրույցը, որն օգնում է մարդկանց հաղթահարել ամբիվալենտ (երկակի) զգացմունքներն ու անապահովությունը և աջակցում է թերապիային հավատարիմ մնալուն։ Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի համեմատությամբ արտակարգ իրավիճակների կառավարումն ավելի անմիջական, բայց հնարավոր է ավելի կարճաժամկետ արդյուհնք է տալիս և այս մեթոդենրի համակցումն ավելի նախընտրելի է։ 

 

Բուժման և ռեաբիլիտացիայի մաս պիտի կազմեն նաև համայնքի, մտերիմների աջակցությունը։ 

Բուժման արդյունքը ուղղակիորեն կախված է թերապիա ստացողղ մարդու մոտիվացիայից և ներգրավվածությունից։

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել