Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Կանաբիսի (կանեփի) օգտագործման խանգարում

Շատ երկրներում կանաբիսի օգտագործումը չի դիտվում որպես լուրջ խնդիր։ Այն կարող է ընկալվել որպես զվարճանք, ռելակսացիայի միջոց, կամ դեղամիջոց։ Մասայական մշակույթը կարծես անտեսում է կանաբիսի օգտագործման վտանգները։ Սակայն անհնար է անտեսել այն փաստը, որ կանաբիսը, հոգեակտիվ նյութեր պարունակելով, ազդում է մարդու գլխուղեղի պարգևատրման համակարգի աշխատանքի վրա։ Մասնագետները համարում են, որ կախվածությունը կանաբիսից ոչ միայն վատ սովորություն է, այլև լուրջ սպառնալիք ֆիզիկական և մտավոր բարեկեցության համար:

 

Կանաբիսի և սինթետիկ կանաբինոիդների տարբերութունը

 

Կանաբիսը բույս ​​է, որը պարունակում է ավելի քան 100 տարբեր կանաբինոիդներ, որոնցից ամենակարևորը տետրահիդրոկանաբինոլն է (THC) և կանաբիդիոլը (CBD): THC-ն առաջացնում է հոգեակտիվ էֆեկտներ, ինչպիսիք են էյֆորիան, փոփոխված ընկալումը և ռելաքսացիան: CBD-ն, մյուս կողմից, ունի հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ:

Սինթետիկ կանաբիսը քիմիական նյութերի խումբ է, որը ստեղծվել է THC-ի ազդեցությունը կրկնօրինակելու համար, սակայն դրանց կառուցվածքը և ազդեցությունը մարմնի վրա կարող են էապես տարբերվել բնական կանեփից: Սինթետիկ կանաբինոիդները պարունակում են հոգեակտիվ միացությունների խառնուրդ, որոնք հիմնականում  բարձր հզորությամբ կապվում են կանաբինոիդային ընկալիչների հետ: Դրանք կրկնօրինակում են բնական կանեփի ազդեցությունը, բայց նաև առաջացնում են ավելի լուրջ անբարենպաստ ազդեցություններ, այդ թվում՝ շնչառական դժվարություններ, հիպերտոնիա, տախիկարդիա, կրծքավանդակի ցավ, մկանային ցնցումներ, երիկամային սուր անբավարարություն, տագնապ, գրգռվածություն, փսիխոզ, ինքնասպանության մտքեր: Սինթետիկ կանաբինոիդների քրոնիկ օգտագործումը կապվում է լուրջ հոգեբուժական և բժշկական խանգարումների և նույնիսկ մահվան հետ:

 

Ի՞նչ է կանաբիսի օգտագործման խանգարումը

 

Կնաբիսի օգտագործման խանգարումն առաջանում է, երբ մարդն սկսում է օգտագործել այդ նյութը այն քանակությամբ կամ այն ժամանակահատվածում, որն ի սկզբանե չէր պլանավորել: Օրինակ, մարդը կարող է մտադրվել ծխել միայն շաբաթը մեկ անգամ, բայց անում է դա ամեն օր և մեծ չափաբաժիններով: Ժամանակի ընթացքում ցանկություն է զարգանում նվազեցնելու կամ վերահսկելու կանեփի օգտագործումը, սակայն դա չի: Մյուս ախտանիշը վերաբերում է ժամանակին, որը պահանջվում է կանաբիսի որոնման,  օգտագործման և օգտագործումից հետո վերականգնման համար։  Զարգանում է նաև ուժեղ հակում, հետին պլան կարող են մղվել կարևոր աշխատանքային, ընտանեկան կամ հասարակական պարտավորությունները։ Կարևոր ախտանիշ է նաև այն, որ չնայած նկատելի հետևանքների, օգտագործումը շարունակվում է։ Կանաբիսի օգտագործման խանգարումը կարող է արտահայտվել թեթև կախվածությունից՝ 2-3 ախտանիշներով, մինչև ծանր կախվածություն, որտեղ առկա է 6 կամ ավելի ախտանիշ:

Աշխարհի չափահաս բնակչության 4%-ն իր կյանքում օգտագործել է կանաբիս:

 

Կախվածության զարգացումը և դրա փուլերը

 

Կախվածություն զարգանում է աստիճանաբար և անցնում մի քանի փուլով։ Սկզբում մարդը կարող է օգտագործել այդ նյութը հանգստանալու, տրամադրությունը բարելավելու կամ սթրեսից ազատվելու համար: Ժամանակի ընթացքում օգտագործումը կարող է կանոնավոր դառնալ, և դոզան կարող է ավելացվել՝ նույն ազդեցության հասնելու համար: Այս փուլում անձը կարող է սկսել կորցնել վերահսկողությունը օգտագործման նկատմամբ և օգտագործել այն իրավիճակներում, երբ այն վտանգավոր է կամ սոցիալապես անընդունելի:

 

Հաջորդ փուլում առաջանում է հոգեբանական և ֆիզիկական կախվածություն։ Մարդը սկսում է զգալ նյութը օգտագործելու ուժեղ ցանկություն՝ չնայած առողջության, աշխատանքի կամ անձնական հարաբերությունների համար բացասական հետևանքներին: Օգտագործումը դադարեցնել փորձելիս նա կարող է ունենալ հանման ախտանիշներ։ 

 

Վերջին փուլում մարդը դադարում է կառավարել իր կյանքը։ Կանաբիսը կամ սինթետիկ կանաբիսը դառնում է նրա գոյության կենտրոնը՝ փոխարինելով կյանքի այլ կարևոր ասպեկտները, ինչպիսիք են աշխատանքը, ընտանիքը և հոբբիները: Կախվածությունը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան առողջության վատթարացմանը, սոցիալական մեկուսացմանը և կյանքի վատ որակին:

 

Կանաբիսի օգտագործման խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Կանաբիսից և սինթետիկ կանաբիսից կախվածությունը կարող է լուրջ առողջական հետևանքներ ունենալ: Քրոնիկ օգտագործումը բերում է ճանաչողական ֆունկցիայի, սովորելու կարողության վատթարացման, հիշողության և կենտրոնացման նվազման։ Այն կարող է նաև մեծացնել հոգեկան խանգարումների զարգացման ռիսկը, օրինակ՝ դեպրեսիայի, տագնապային խանգարումների և շիզոֆրենիայի, հատկապես այս խանգարումների նկատմամբ նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ:

Սինթետիկ կանաբիսի ռիսկերն ավելի շատ են։ Այն կարող է առաջացնել սուր փսիխոզ, ծանր սրտանոթային և շնչառական բարդություններ ևնյարդաբանական խանգարումներ: Այս ազդեցությունները կարող են լինել երկարատև և երբեմն անդառնալի:

 

Կանաբիսից կամ սինթետիկ կանաբիսից կախվածություն ունեցող անձը հաճախ զգում է հուսահատության և ամոթի զգացում: Նա կարող է տեղյակ լինել իր վարքի կործանարար հետևանքների մասին, բայց զգա, որ չի կարող դադարեցնել օգտագործումը: Կախվածությունը ոչնչացնում է սոցիալական կապերը, հանգեցնում աշխատատեղի կորստի, ֆինանսական դժվարությունների և կյանքի ընդհանուր որակի վատթարացման:

 

Բուժում 

 

Կանաբիսի և սինթետիկ կանաբիսի օգտագործման խանգարման բուժման նպատակները կարող են ներառել օգտագործման դադարում, նվազեցված օգտագործում կամ վնասի նվազեցում: Բուժումը սովորաբար տեղի է ունենում ամբուլատոր պայմաններում. սակայն, ավելի բարդ դեպքերի դեպքում կարող է պահանջվել ներհիվանդանոցային բուժման փուլ։ 

 

Առաջին ընտրության բուժումը հոգեթերապիան է, ընդ որում հիմնական մեթոդները վարքաբանական ուղղվածության են։ Կանաբիսի և սինթետիկ կանաբիսի օգտագործման խանգարման դեպքում օգտակար կարող են լինել Կոգնիտիվ վարքաբանական թերապիան, Մոտիվացիայի ուժեղացման թերապիան։ Այլ մեթոդները (խորհրդատվություն, ընտանեկան թերապիա, մայնդֆուլներս թերապիա և ռեցիդիվների կանխարգելում) հավանաբար օգտակար են, բայց դրանց էֆեկտիվությունն առայժմ բավականաչափ ապացուցված չէ։ Թեև փոխադարձ աջակցության խմբերը որոշ մարդկանց համար հայտնի և արժեքավոր ռեսուրսներ են, դրանք պետք է օգտագործվեն ի լրումն ապացուցողական մեթոդներին։ 

 

Դեղորայքային բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, որոնք թեթևացնում են հանման կամ հոգեկան այլ խանգարումների/վիճակների ախտանիշները՝ աջակցելով հոգեթերապիայի տևականությանն ու հաջողությանը։ Կարևոր է հիշել, որ հաջող բուժումը պահանջում է ժամանակ և համբերություն, իսկ ռեցիդիվները բուժման գործընթացի մի մասն են:

 

Կանխատեսումը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ կախվածության ծանրությունից, աջակցության առկայությունից, բուժման մոտիվացիայից և միաժամանակ առաջացող հոգեկան խանգարումներից: Ճիշտ բուժման և աջակցության դեպքում շատ մարդիկ կարող են ամբողջությամբ հրաժարվել կանաբիսի և սինթետիկ կանաբիսի օգտագործումից և վերականգնել իրենց կյանքը:

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել