Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Ալկոհոլի օգտագործման խանգարում

Ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումները մի քանիսն են, այդ թվում 

ալկոհոլային թունավորումը, ալկոհոլի հանման համախտանիշը, ալկոհոլից առաջացած հոգեկան խանգարումները, սակայն դրանցրից ամենատարածվածը հենց բուն ալկոհոլի օգտագործման խանգարումն է, որը նաև ամենատարածվածն է հոգեմետ նյութերի օգտագործման խանգարումների դասում։ Սա քրոնիկ խանգարում է, որը պահանջում է ամենալուրջ վերաբերմունք և համակողմանի աջակցություն։ 

 

Ի՞նչ է ալկոհոլի օգտագործման խանգարումը

 

Ալկոհոլի օգտագործման խանգարումը ախտորոշվում է, երբ առկա են որոշակի ախտանիշներ, ինչպիսիք են ալկոհոլի նկատմամբ հանդուրժողականության բարձրացումը, խմելու նկատմամբ վերահսկողության կորուստը, խմելու կամ վերականգնվելու համար ծախսված զգալի ժամանակը և օգտագործումը դադարեցնելու անկարողությունը՝ չնայած բազմաթիվ փորձերին:

Օրինակ, մարդը սկսում է ալկոհոլ խմել այնքան քանակությամբ կամ այնպիսի ժամանակահատվածում, որ ի սկզբանե չէր պլանավորել: Ժամանակի ընթացքում մեծ ցանկություն է առաջանում նվազեցնել օգտագործվող ալկոհոլի քանակը կամ վերահսկել դրա օգտագործումը, սակայն դա անելու փորձերը հաճախ անհաջող են լինում: Մարդը սկսում է շատ ժամանակ ծախսել՝ փնտրելով ալկոհոլ կամ այն օգտագործելու հնարավորությունը, խմելով այն կամ վերականգնվելով խմելուց հետո: Նա ուժեղ հակում է զգում ալկոհոլի նկատմամբ և կարող է սկսել անտեսել իր պարտականությունները աշխատավայրում կամ տանը կանոնավոր օգտագործման պատճառով:

 

Հաճախ ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է ուրիշների հետ հարաբերությունների վատթարացման, բայց մարդը շարունակում է խմել՝ չնայած այս խնդիրներին: Հասարակական կյանքը, աշխատանքը կամ հոբբիները կարող են հետին պլան մղվել խմելու պատճառով: Երբեմն մարդը խմում է այնպիսի իրավիճակներում, երբ դա վտանգավոր է կյանքի կամ առողջության համար, բայց, այնուամենայնիվ, չի դադարեցնում: Նույնիսկ երբ ալկոհոլի պատճառով առաջացած ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ են առաջանում, օգտագործումը շարունակվում է։

 

Ժամանակի ընթացքում օրգանիզմը սկսում է ընտելանալ ալկոհոլին, և նույն ազդեցության հասնելու համար ավելի ու ավելի շատ ալկոհոլ է պահանջվում։ Եթե ​​մարդը փորձում է դադարեցնել օգտագործումը, նա կարող է բախվել հանման ախտանիշների հետ, որոնք բավականին ծանր կարող են լինել, արտահայտվելով դողով, տագնապով, դյուրագրգիռությամբ կամ նույնիսկ ցնցումներով։ Երբեմն, այս ախտանիշներից խուսափելու համար, մարդը շարունակում է խմել կամ օգտագործել այլ նյութեր։ 

 

Ալկոհոլի օգտագործման խանգարումը տարածված է շատ երկրներում և հանդիսանում է հիվանդացության և մահացության հիմնական պատճառը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տարեկան մոտ 3 միլիոն մահ է վերագրվում ալկոհոլի օգտագործմանը, իսկ հիվանդությունների և վնասվածքների համաշխարհային բեռի մոտ 5,1%-ը վերագրվում է ալկոհոլին: Ալկոհոլային կախվածության տարածվածությունը կարող է տարբեր լինել՝ կախված երկրից և մշակույթից, սակայն ընդհանուր միտումները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի հաճախ են ունենում այս խանգարումը, քան կանայք: Ալկոհոլային կախվածության պատճառները ներառում են գենետիկ, հոգեբանական, սոցիալական և շրջակա միջավայրի գործոնների համադրություն: Ժառանգականությունը նշանակալի դեր է խաղում, սակայն կարևոր են նաև շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսիք են ընտանեկան ավանդույթները, սոցիալական միջավայրը և սթրեսը:

 

Ալկոհոլի օգտագործման խանգարման ազդեցությունը կյանքի վրա

 

Ալկոհոլի օգտագործման խանգարումը մի քանի փուլով կարող է զարգանալ, ինչպես նաև արտահայտվածության տարբեր աստիճան ունենալ։ Կախված այս փուլերից և սրությունիրց այն տարբեր աստիճանի կարող է անդրադառնալ մարդու կյանքի վրա։ 

 

Սկզբնական փուլում այյն կարող է չխանգարել աշխատանքին, քիչ նկատելի լինել շրջապատի համար, սակայն քայքայիչ ազդեցություն ունենալ հոգեկան առողջության, ինքնագնահատականի, կյանքից գոհունակություն ապրելու կարողության վրա։ 

 

Ավելի ուշ փուլերում առաջ են գալիս նաև ընտանեկան հարաբերությունների, աշխատանքի խնդիրները, ինչպես նաև իրավական և ֆինանսական դժվարությունների: 

 

Ալկոհոլի օգտագործման խանգարումով մարդիկ կարող են զգալ ամոթ և մեղքի զգացում՝ իրենց վարքը վերահսկելու անկարողության պատճառով, ինչն ավելի է խորացնում խնդիրը: Ընտանիքի անդամները և մտերիմները հաճախ տառապում են ալկոհոլիզմի հետ կապված հուզական և ֆիզիկական սթրեսից, որը կարող է հանգեցնել ընտանեկան կապերի քայքայման և բոլոր ներգրավվածների կյանքի որակի վատթարացման:

 

Բուժում

 

Ալկոհոլային կախվածության բուժումը ներառում է դեղորայքային թերապիայի, հոգեթերապիայի և սոցիալական միջամտությունների համակցում: Դեղորայքը կարող է օգնել նվազեցնել հակումը և թեթևացնել հանման ախտանիշները, մինչդեռ հոգեթերապիան, մասնավորապես՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիան, մոտիվացիոն հարցազրույցը և այլ հոգեթերապևտիկ մեթոդներ և ծրագրեր, կարող են օգնել փոխել մտածողությունը և վարքը՝ կապված խմելու հետ: Աջակցող խմբերը, ինչպիսիք են Անանուն Ալկոհոլիկները, նույնպես կարևոր դեր են խաղում վերականգնման ճանապարհին գտնվող մարդկանց աջակցելու գործում: Կարևոր է հիշել, որ ալկոհոլի օգտագործման խանգարման բուժումը երկարաժամկետ գործընթաց է, և շատ մարդիկ այդ ճանապարհին ունենում են ռեցիդիվ: 

 

Ալկոհոլի օգտագործման խանգամրման դեպքում, ինչպես այլ կախվածությունների դեպքում,  չեն խոսում ապաքինման մասին, նույնիսկ տասնամյակների կյանքը առանց ալկոհոլի կոչվում է կայուն ռեմիսիա։ 

Այնուամենայնիվ, համապատասխան աջակցության և բուժման դեպքում հնարավոր է հասնել կայուն ռեմիսիայի և բարելավել կյանքի որակը: 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել