Կրկնվող դեպրեսիվ խանգարում
Կրկնվող դեպրեսիվ խանգարումը կլինիկական դեպրեսիայի տեսակ է: Դեպրեսիայի կարճատև կամ երկարատև մեկ դրվագ ապրելու փոխարեն մարդը վերապրում է դեպրեսիայի կրկնվող դրվագներ, որոնց միջակայքում դեպրեսիան նահանջում է և մարդն ապրում է բնականոն կյանքվ, առանհց անհանգստացնող զգացմունեների։ Այս դրվագները կարող են լինել թեթև, չափավոր կամ ծանր՝ կախված ախտանիշների քանակից և դրանց ազդեցությունից մարդու կյանքի վրա:
Ի՞նչ է կրկնվող դեպրեսիվ խանգարումը
Կրկնվող դեպրեսիվ խանգարումը բնութագրվում է առնվազն երկու դեպրեսիվ դրվագների կրկնությամբ, որոնց բաժանում է մի քանի ամիս։ Բացի վերոնշյալից բոլոր ախտանշանները համապատասխանում են դեպրեսիայի ընդհանուր ախտանիշներին՝ ցածր տրամադրություն (տխրություն, դյուրագրգիռություն, դատարկության զգացմունք) և հաճույք, ուրախություն զգալու անկարողություն (անգեդոնիա)։ Բացի այդ դեպրեսիային հատուկ են կենտրոնացման դժվարություններ, չափազանցված մեղքի կամ ցածր ինքնագնահատականի զգացում, հուսահատություն ապագայի նկատմամբ, մահվան կամ ինքնասպանության մասին մտքեր, խանգարված քուն, ախորժակի կամ քաշի փոփոխություններ, հյուծվածության կամ էներգիայի պակասի զգացում:
Կրկնվող դեպրեսիայի դեպքում հատկապես կարևոր է պարզել, արդյոք նախկինում չեն եղել մոլուցքի, հիպոմանիայի կամ խառը դրվագներ, ինչը թույլ կտա բացառել երկբևեռ խանգարման առկայությունը:
Կրկնվող դեպրեսիայի տեսակ է նաև սեզոնային դեպրեսիան։
Կրկնվող կամ քրոնիկ ընթացքը հանդիպում է դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ 20%-ի մոտ։ Այս տեսակի դեպրեսիայի առաջացման հիմնական պատճառները գենետիկ են և կապվում են գլխուղեղի կենսաքիմիական գործընթացների առանձնահատկությունների հետ։ Նախատրամադրվածության վրա ազդում են նաև խառնվածքը, մանկական փորձառությունները, կյանքի իրադարձությունները։
Կրկնվող դեպրեսիվ խանգարման ազդեցությունը կյանքի վրա
Կրկնվող դեպրեսիվ խանգարման դեպքում դեպրեսիայի դրվագները տևողությունը, արտահայտվածությունը և հաճախականությունը շատ տարբեր կարող են լինել։ Կրկնվող դեպրեսիայի ախտանիշները միշտ չէ, որ զգալի անհանգստություն են պատճառում, կամ խանգարում են մարդուն առօրյա կյանքում:
Այն փաստը, որ ախտանշանները կարող են ներկա լինել տևական ժամանակ, չունենալով նկատելիի հետևանքներ, հատկապես դժվարացնում է դրա հայտնաբերումը։ Հաճախ կարող է լինել այնպես, որ նույնիսկ մի քանի դրվագից հետո կրկնվող դեպրեսիայով մարդը չդիմի բժշկի։ Խանգարման դրսևորումները կարող են ընկալվել որպես կյանքի դժվարին շրջան, որից հետո նորից ամեն ինչ լավ կլինի։ Սակայն այս դեպքում վտանգ կա, որ յուրաքանչյուր հաջորդ դրվագ ավելի ծանր կընթանա, քան նախորդը, կամ, որ այն ձեռք կբերի քրոնիկ բնույթ, ինչի արդյունքում զգալիորեն կտուժեն մարդու կյանքի որակը, հարաբերությունները, աշխատանքը։ Թեև այն լայնորեն նկարագրվում է որպես ավելի մեղմ, քան մեծ դեպրեսիվ խանգարումը, հետազոտությունները ցույց են տալիս, որ կրկնվող դեպրեսիան կարող է կապված լինել ինքնասպանության ավելի բարձր ռիսկի հետ, քան մեծ դեպրեսիվ խանգարումը:
Բուժում
Ինչպես դեպրեսիայի շատ տեսակների դեպքում, կրկնվող դեպրեսիվ խանգարման դեպրեսիվ դրվագի ընթացքում ամենատարածված և արդյունավետ բուժումը ներառում է դեղորայքի և հոգեթերապիայի համադրություն։
Հոգեթերապևտիկ մեթոդներից ամենաարդյունհավետը Կոգնիտիվ, կամ Կոգնիտիվ վարքաբանական թերապիան է։ Այն օգնում է բացահայտել ոչ հարմարվողական համոզմունքները, պատկերացումները և մտքերը՝ փոխարինելով այլընտրանքային համոզմունքներով, ավելի հարմարվողական մտածելաակերպով, ինչը օգնում է կառավարել նաև զգացմունքները։ Կարող են կիրառվել նաև Դիալեկտիկ վարքաբանական կամ Միջանձնային թերապիաները։
Կրկնվող դեպրեսիվ խանգարման դեպքում շատ կարևոր է թե՛ դեղորայքային, թե՛ հոգեբանական թերապիայի շարունակականությունը։ Ռեցիդիվի կանխման համար դեպրեսիվ դրվագի ավարտից հետո սովորաբար խորհուրդ է տրվում շարունակել բուժումը առնվազն 1 տարի։
Թեև լիարժեք ապաքինման կանխատեսումները կրկնվող դեպրեսիայի դեպքում պակաս դրական են, քան մեծ դեպրեսիվ խանգարման դեպքում, այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը դրական փոփոխություններ է զգում թերապիայի արդյուքնում։ Ւսկ լիարժեք ապաքինումը կապվում է ավելի տևական ժամանակահատվածի հետ։