Նյարդային անորեքսիա
Նյարդային անորեքսիա ունեցող մարդկանց ներքին փորձառությունները բազմակողմանի են և հակասական: Մի կողմից նրանք ձգտում են լիակատար վերահսկողության և իդեալական մարմնի, մյուս կողմից՝ նրանց կյանքը լի է տառապանքով, տագնապով և ինքնաքննադատությամբ։ Այս ներքին պայքարի ըմբռնումը կարևոր է արդյունավետ աջակցություն և բուժում ապահովելու համար, որը անորեքսիայի դեպքում խիստ հրատապ է։
Ի՞նչ է նյարդային անորեքսիան
Նյարդային անորեքսիան սննդային վարքի խանգարում է, որի ժամանակ մարդը միտումնավոր սահմանափակում է սննդի ընդունումը՝ նիհարելու նպատակով: Այն բնութագրվում է մի շարք վարքային և կոգնիտիվ փոփոխություններով, որոնք, իվերջո, կարող են բերել կյանքին սպառնացող վիճակի։
Բժիշկները ախտորոշուջմ են նյարդային անորեքսիա եթե ահնհատը տևական ժամանակ հրաժարվում է սննդից կամ նվազագույն քանակությամբ սնունդ ընդունում։ Եթե սրա հետ մեկտեղ առկա է քաշի ավելացման ինտենսիվ վախ, որը առկա է նույնիսկ ակնհայտորեն ցածր քաշի, կամ թերքաշության դեպքում։ Այս խանգարումով մարդիկ խեղաթյուրված են ընկալում իրենց մարմինը՝ համարելով այն չափազանց գեր, չնայած ակնհայտ նիհարությանը: Նյարդային անորեքսիայի դեպքում ինչ որ պահից սկսած զարգանում են նաև Ֆիզիկական ախտանիշներ՝ քաշի կորուստ, թուլություն, հոգնածություն, մարմնի ցածր ջերմաստիճան, մազաթափություն, դաշտանի բացակայություն կանանց մոտ:
Նյարդային անորեքսիան առավել հաճախ ախտորոշվում է 15-ից 24 տարեկան երիտասարդ կանանց մոտ, թեև այն կարող է զարգանալ ցանկացած սեռի և տարիքի մարդկանց մոտ: Բնակչության շրջանում տարածվածությունը տատանվում է, բայց ընդհանուր առմամբ գնահատվում է 0,5-1%:
Նյարդային անորեքսիայի պատճառաբանությունը բարդ է և բազմագործոն։ Այն ներառում է գենետիկական գործոններ՝ ընտանիքում սննդային խանգարումների առկայություն, հոգեբանական գործոններ՝ պերֆեկցիոնիզմ, ցածր ինքնագնահատական, դեպրեսիա և տագնապային խանգարումների առկայություն։ Շատ մեծ կշիռ ունեն նաև սոցիալական գործոնները՝ հասարակության և լրատվամիջոցների կողմից գեղեցկության որոշակի չափանիշներին համապատասխանելու ճնշումը։
Նյարդային անորեքսիայի ազդեցությունը կյանքի վրա
Նյարդային անորեքսիա ունեցող մարդու կյանքը մշտական պայքարի է նման, որն ուղեկցվում է հակասական զգացմունքներով։ Անորեքսիայով անհատի ներաշխարհը բնութագրվում է ծայրահեղ լարվածությամբ և շարունակական մոնիտորինգով։ Ամեն օրը բաղկացած է սննդի, քաշի և սեփական արտաքինի մասին մտքերի շարանից։ Քաշի ավելացման վախը գերիշխում է մնացած բոլոր զգացմունքների վրա, իսկ մարմնի ցանկալի պատկերն անհասանելի է, քանի որ նույնիսկ ակնհայտ նիհարության դեպքում նա հայելու մեջ տեսնում է իր մարմնի աղավաղված պատկերը, որը միշտ չափազանց գեր է։ Այս ամենը բերում է անընդհատ դժգոհությանը և ջանքերը կրկնապատկելու (սահմանափակումներ կիրառելու) ցանկությանը։ Անորեքսիայով մարդիկ կարող են իրենց հաջողակ զգալ և իրենց կյանքը վերահսկել միայն այն ժամանակ, երբ հասնում են իրենց նպատակային քաշին, որն անընդհատ նվազում է նրանց մտքում:
Այս մարդիկ սնունդ ուտելիս զգում են մեղքի և ամոթի ուժեղ զգացումներ: Յուրաքանչյուր կերած կերակուր դիտվում է որպես անձնական ձախողում, իսկ ուտելուց հրաժարվելը՝ հպարտության և ինքնահաստատման աղբյուր է: Սահմանված սնուցման պլանից ցանկացած շեղում առաջացնում է խուճապ և վերահսկողության ամբողջական կորստի զգացում։ Անկայուն է նաև հուզական վիճակը։ Անորեքսիայով մարդիկ կարող են լինել դյուրագրգիռ և ընկճված: Նրանք խուսափում են սննդի հետ կապված ցանկացած սոցիալական միջոցառումներից։ Հարազատներն ու ընկերները հաճախ չեն հասկանում նման պահվածքի իրական պատճառները, ինչը թյուրիմացությունների և կոնֆլիկտների պատճառ է դառնում:
Նշանակալի են նաև անորեքսիայի ֆիզիկական հետևանքները։ Բացի թուլության ու հոգնածության, ցրտի մշտական զգացումներից, կարող են լինել նաև գլխապտույտներ և գլխացավեր։ Սննդանյութերի պակասը հանգեցնում է մաշկի, մազերի, եղունգների և ատամների հետ կապված խնդիրների: Կանանց մոտ դադարում է դաշտանը, որը անհանգստության ևս մեկ աղբյուր է և հաստատում է վիճակի լրջությունը:
Բուժում
Նյարդային անորեքսիայի բուժումը պահանջում է համապարփակ մոտեցում, որը ներառում է սոմատիկ բժիշկների, հոգեբույժի, հոգեբանի և սննդաբանի աջակցություն: Բժշկական հսկողությունն անհրաժեշտ է ֆիզիկական վիճակի մոնիտորինգի և ուղեկցող հիվանդությունների բուժման համար:
Հոգեթերապևտիկ մեթոդներից ամենից արդյունավետը համարվում է Կոգնիտիվ վարքաբանական թերապիան (CBT), որի թիրախն այս դեպքում մարմնի խեղաթյուրված պատկերն է, սննդի մասին պատկերացումները։ Սննդային աջակցությունն ուղված է հավասարակշռված սննդակարգ ստեղծելուն և կալորիաների ընդունման աստիճանական ավելացմանը:
Նյարդային անորեքսիայի դեպքում օգտակար կարող է լինել նաև Ընտանեկան թերապիան, որը կապահովի ընտանիքի ներգրավումը բուժման գործընթացում՝ աջակցող միջավայր ստեղծելու և հաղորդակցությունը բարելավելու համար:
Նյարդային անորեքսիայի բուժման կանխատեսումը կախված է վաղ ախտորոշումից և բուժման հետևողականությունից: Վաղ միջամտության և համապարփակ մոտեցման շնորհիվ շատ մարդիկ կարողանում են լիարժեք ապաքինվել և վերականգնել իրենց առողջությունը: Այնուամենայնիվ, եթե խանգարումը դառնում է քրոնիկ, կարող են առաջանալ լուրջ բարդություններ, ներառյալ ներքին օրգանների վնասումը և հոգեկան այլ խանգարումների զարգացումը։ Կարևոր է հասկանալ, որ վերականգնման գործընթացը կարող է տևել մի քանի տարի և պահանջում է մշտական աջակցություն և ըմբռնում: