Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (C-PTSD կամ CPTSD) հետտրավմատիկ սթրեսային խանգարման ձև է, որը կարող է զարգանալ տևական, կրկնվող տրավմայի հետևանքով այն համատեքստում, որտեղ անձը որևէ հնարավորություն չի ունեցել դադարել զոհ լինել։ 

Այն ազդում է զգացմունքների, հիշողության, ինքնագնահատականի և հարաբերությունների վրա՝ դժվարացնելով ապահով զգալն ու ուրիշներին վստահելը: 

 

Ի՞նչ է բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը

 

Հետտրավմատիկ խանգարումը դառնում է բարդ, երբ անհատը, ի լրումն այլ հետտրավմատիկ ախտանիշների, իրեն զգում է արժեզրկված: CPTSD սովորաբար կապված է երկարատև սեռական, հոգեբանական կամ ֆիզիկական բռնության կամ (երեխաների դեպքում) ծնողական անտեսման հետ: Այն կարող է զարգանալ, օրինակ՝ առևանգման զոհերի, պատանդների մոտ, գերիի կարգավիճակում եղած, ստրկության պայմաններ վերապրած մարդկանց,  գիշերօթիկ դպրոցներում բռնության զոհերի, երկար ժամանակ մենախցում պահվող բանտարկյալների մոտ։ Այս խանգարումն ավելի հաճախ զարգանում է երեխաների կամ էմոցիոնալ խոցելի մեծահասակների մոտ: Որպես կանոն, խանգարումը զարգանում է այն ​​ժամանակ, երբ տրավման հասցվել է դիտավորյալ։ Այնուամենայնիվ, երբեմն ԲՀՏՍԽ-ը զարգանում է նույնիսկ այն ժամանակ, երբ տրավմա հասցնողը իր տեսանկյունից բարի մտադրություններ է ունեցել։ Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշներն են՝ քրոնիկական վախը, անարժեքության և անօգնականության զգացումը։ 

 

Բարդ ՀՏՍԽ ազդեցությունը կյանքի վրա 

 

Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարում զգալիորեն ազդում է մարդու կյանքի վրա՝ առաջացնելով մի շարք հուզական  և ֆիզիկական խնդիրներ: ԲՀՏՍԽ ունեցող մարդիկ հաճախ ինտենսիվ և անկանխատեսելի հույզեր են ունենում: Նրանք կարող են զգալ մշտական ​​տխրություն, վախ կամ զայրույթ, որը դժվար է վերահսկել, ինչը չափազանց դժվարացնում է առօրյա կյանքը: Այս հուզական փոթորիկները կարող են հանգեցնել հուսահատության։ 

 

ԲՀՏՍԽ-ին բնորոշ վնասված լինելու, ոչ լիարժեք լինելու, ամոթի զգացողությունները բերում են նրան, որ մարդ իրեն համարում է ոչ բավարար, ինչը հանգեցնում է ինքնագնահատականի և ինքնավստահության կտրուկ նվազմանը: Այս զգացմունքները կարող են խանգարել սերտ հարաբերությունների ձևավորմանը և պահպանմանը: ԲՀՏՍԽ ունեցող մարդիկ դժվարանում են վստահել ուրիշներին և մեկուսացված են զգում իրենց։ Սա կարող է հանգեցնել սոցիալական մեկուսացման և միայնակության՝ սրելով հուզական անհանգստությունը: Նրանք կարող են նորից ու նորից հայտնվել կործանարար հարաբերությունների մեջ՝ կրկնելով օրինաչափությունները, որոնցում իրենց բռնության են ենթարկել կամ շահագործել: ԲՀՏՍԽ-ն ազդում է նաև հիշողության և կենտրոնացման վրա։

 

ԲՀՏՍԽ-ն կարող է դրսևորվել նաև ֆիզիկական մակարդակում: Մարդիկ հաճախ ունենում են քրոնիկական ցավ, գլխացավ և այլ ֆիզիկական ախտանիշներ, որոնք չունեն ակնհայտ բժշկական բացատրություն, բայց սերտորեն կապված են հուզական սթրեսի հետ: Սա կարող է հանգեցնել բժիշկների հաճախակի այցելությունների և բժշկական ռեսուրսների օգտագործման՝ առանց տեսանելի բարելավման:

Ժամանակի ընթացքում ԲՀՏՍԽ-ն կարող է զգալիորեն սահմանափակել մարդու հնարավորությունները: Զգացմունքները կառավարելու դժվարությունը և կենտրոնացման դժվարությունը կարող են խանգարել մասնագիտական ​​աշխատանքին՝ հանգեցնելով ֆինանսական խնդիրների և աշխատանքի կորստի: Կյանքի նկատմամբ հետաքրքրության նվազումը և հուսահատության զգացումը կարող են ազդել մոտիվացիայի և որևէ գործունեությամբ զբաղվելու ունակության վրա:

 

Բուժում

 

Բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարման բուժման հիմնական մեթոդը հոգեթերապիան է։ Դեղորայքային թերապիան կարող է կիրառվել տագնապը և այլ, այդ թվում նաև ֆիզիկական, ախտանիշները մեղմելու համար։ 

Առաջին ընտրության հոգեթերապիան Տրավմայի վրա կենտրոնացած կոգնիտիվ վարքաբանական թերապիան է (CBT)։ Այս մեթոդը ներառում է ճանաչողական վերակառուցում և էքսպոզիցիոն թերապիան։ Կիրառվում է նաև Աչքերի շարժումներով դեզենսիբիլիզացիա և վերամշակում (EMDR): Այս տեխնիկան օգնում է մշակել տրավմատիկ հիշողությունները աչքերի հատուկ շարժումների միջոցով, ինչը օգնում է նվազեցնել դրանց հուզական ազդեցությունը:

 

ԲՀՏՍԽ-ն թերապիայի համար կարող են արդյունավետ լինել նաև Դիալեկտիկական վարքաբանական թերապիան (DBT), որը մշակվել է որպես օգնություն մարդկանց, ովքեր դժվարանում են կարգավորել զգացմունքները և պահպանել կայուն հարաբերություններ և Սխեմա թերապիան՝ երկարատև տրավմայից բխող խորը և կայուն ​​հուզական խնդիրների հետ աշխատելու համար:

 

ԲՀՏՍԽ թերապիայի կանխատեսումը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ տրավմայի ծանրությունից և տևողությունից, անհատական ​​առանձնահատկություններից, բուժման որակից ու տևողությունից: Ընդհանուր առմամբ, ճիշտ մոտեցման և բուժման գործընթացում անհատի ակտիվ մասնակցության դեպքում կարելի է հասնել զգալի բարելավումների:

Թերապիայի տևողությունը կարող է տատանվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի: 

 

Մարդկանց 30-50%-ը հասնում է ախտանիշների ամբողջական վերացմանը, 50-70%-ի մոտ նկատվում է ախտանիշների ինտենսիվության զգալի նվազում՝ թույլ տալով նրանց բարելավել իրենց կյանքի որակը:

 

Թերապիայի ինտենսիվ փուլի ավարտից հետո կարևոր է շարունակել աջակցող հանդիպումները հոգեթերապևտի հետ, կամ ինքնուրույն աշխատանքը՝ ձեռք բերված արդյունքները ամրապնդելու և ռեցիդիվը կանխելու համար:

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել