Հայ

Հոգեկան առողջության խանգարումներ

Այստեղ կարող եք գտնել մատչելի և հավաստի տեղեկատվություն հոգեկան առողջության խանգարումների մասին։ Ախտանիշների, ընթացքի, բուժման և կանխատեսումների մասին տեղեկությունները հիմնված են արդի ուղեցույցների և ապացուցողական մեթոդների վրա։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Տրավմատիկ իրավիճակում վախ զգալը բնական է։ Կյանքին, առողջությանը, արժանապատվությանը սպառնացող կամ իրական վնասը բնական վախ է առաջացնում, որն ակտիվացնում է մարմնի «կռվել կամ փախչել» արձագանքը և օգնում է պաշտպանվել կամ խուսափել վտանգից։  Մարդիկ կարող են տարբեր ձևերով վերապրել տրավման, մեծամասնությունը ժամանակի ընթացքում վերականգնվում է։ Սակայն, որոշ դեպքերում տրավմայի հետևանքները շարունակում  են խնդիրներ առաջացնել մարդկանց կյանքում, և այդ դեպքում խոսքը կարող էլինել Հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին(ՀՏՍԽ)։ 

 

Ի՞նչ է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը 

 

Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն առաջանում է, երբ մարդ տրավմատիկ իրադարձության անմիջական մասնակիցն է, կամ ականատեսն է։ Տրավմատիկ իրադարձություն կարող է հանդիսանալ նաև մտերիմ մեկի տրավմատիկ փորձի մասին իմանալը, կամ, տրավմատիկ իրադարձության հետևանքների հետ բախվելը: 

Տրավմատիկ իրադարձությունից հետո ՀՏՍԽ-ով մարդիկ կարող են ունենալ կրկնվող, անկառավարելի և անհանգստացնող հիշողություններ և երազներ տրավմատիկ իրադարձության վերաբերյալ, դիսոցիատիվ ռեակցիաներ (ֆլեշ-բեքեր), որոնցում անհատը զգում կամ գործում է այնպես, ասես տրավմատիկ իրադարձություն(եր)ը կրկնվում են: ՀՏՍԽ-ի համար հատկանշական են նաև ֆիզիոլոգիական և հոգեբանական սուր ռեակցիաները տրավմատիկ իրադարձության որևէ ասպեկտը հիշացնող երևույթներին և մտքերին,  և նման իրավիճակներից և մտքերից ակտիվ խուսափումը։ 

 

ՀՏՍԽ-ն անդրադառնում է մարդու ճանաչողական և աֆեկտիվ  (տրամադրության) ոլորտների վրա։ Նա կարող է բացասական համոզմունքներ և ակնկալիքներ ձևավորել  (օրինակ՝ «Ես վատն եմ», «Ոչ ոքի չի կարելի վստահել», «Աշխարհը լիովին վտանգավոր է», «Իմ ամբողջ նյարդային համակարգը ընդմիշտ քայքայված է »), կամ պարզապես մոռանալ իրադարձությունը, դրա էական մանրամասները: Էմոցիաոնալ ոլորտում կարող են գերակայել մեղքի, սարսափի, զայրույթի, կամ ամոթի զգացմունենրը, իսկ երջանկության, ուրախության զգացմունենրը անհասանելի են թվում։ Զգալիորեն նվազում է հետաքրքրությունը կամ մասնակցությունը նշանակալի գործունեությանը, անհատն իրեն ուրիշներից կտրված կամ օտարված է զգում։ Այլ ախտանիշներից կարող են լինել դյուրագրգիռությունը և զայրույթի պոռթկումները, անխոհեմ կամ ինքնաոչնչացնող վարքագիծը, կենտրոնացման և քնի խանգարումները։ 

 

Որոշ դեպքերում կարող են դիտվել դեպերսոնալիզացիայի (սեփական անձի կամ մարմնի անիրականության կամ դրանցից կտրված լինելու զգացում կամ ժամանակի դանդաղ ընթացք) կամ դեռեալիզացիայի (շրջապատի անիրականության մշտական ​​կամ կրկնվող փորձառություններ, օրինակ՝ անհատի շուրջ աշխարհը ընկալվում է որպես անիրական, երազային, հեռավոր կամ աղավաղված)։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն ախտորոշվում է եթե վերոնշյալ ախտանշաններն առկա են առնվազն մեկ ամսվա ընթացքում։ 

 

Երեխաների մոտ ՀՏՍ-ն բացի վերնշյալ ախտանիշներից կարող է արտահայտվել նաև զարգացման խաթարմամբ, խոսքի խանգարումներով։ 

 

ՀՏՍԽ-ան զարգացման ռիսկի գործոններից են ժառանգական նախատրամադրվածությունը և տրավմատիկ իրավիճակների վերապրումը։ Ռիսկի գոտում են զինված հակամարտությունների մասնակիցները, բռնությանը կամ կտտանքներին ենթարկված մարդիկ (այդ թվում նաև ընտանիքում), սիրելիի անսպասելի մահը, բնական կամ տեխնոգեն արհավիրք վերապրածները, մարդիկ, որոնք ստացել են կյանքին սպառնացող հիվանդության ախտորոշում։ 

Աշխարհի բնակչության մոտ 3,9%-ը կյանքի որևէ փուլում ունեցել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Պոտենցիալ տրավմատիկ իրադարձությունների ենթարկված մարդկանց մեծամասնությունը չի զարգացնում ՀՏՍԽ:

 

Ինչպես է ՀՏՍԽ-ն ազդում կյանքի վրա

 

ՀՏՍԽ-ով ապրելը կարող է շատ դժվար լինել: Այն անդրադառնում է ոչ միայն անհատի, այլև նրա շրջապատի վրա: Առօրյա կյանքի վրա ՀՏՍԽ-ն համատարած ազդեցությունը հասկանալը կարևոր է աջակցություն առաջարկելու և արդյունավետ բուժում փնտրելու համար: 

 

Տագնապը հաղթահարելու համար մարդիկ կարող են խուսափել վայրերից, մարդկանցից կամ գործողություններից, որոնք հիշեցնում են իրենց տրավմայի մասին՝ սահմանափակելով նրանց սոցիալական և մասնագիտական ​​կյանքը: Ներխուժող մտքերը և հիշողությունները դժվարացնում են կենտրոնացումը առօրյա գործերի վրա:

Մղձավանջները և ֆլեշբեքերը կարող են այնքան իրատեսական լինել, որ մարդուն թվա, որ նա վերապրում է իրեն տրավմատիզացրած իրադարձությունը:

 

ՀՏՍԽ-ն հաճախ խախտում է քնի ռեժիմը՝ հանգեցնելով անքնության կամ անհանգիստ քնի, ինչը կարող է բերել քրոնիկ հոգնածության: Հազվադեպ չեն նաև քրոնիկ ցավը և առողջական խնդիրները, քանի որ ՀՏՍԽ-ն հետ կապված սթրեսը կարող է նպաստել տարբեր ֆիզիկական հիվանդությունների, ներառյալ գլխացավերը, ստամոքս-աղիքային խնդիրները և այլ: Մշտական ​​բացասական մտքերը սեփական անձի, ուրիշների կամ աշխարհի մասին կարող են հանգեցնել հուսահատության, մեղքի կամ ամոթի զգացումների: Խանգարման արդյունքում կարող են լարվել հարաբերությունները ընտանիքի և ընկերների հետ: Մտերիմները կարող են չհասկանալ վիճակը, և տուժած անձը կարող է դժվարանալ խոսել իր կարիքների ու զգացմունքների մասին, քանի որ հաճախ համարում է, որ իր ապրումներն անհասանելի են ուրիշների ընկալմանը։ Այս Խուսափողականությունը բերում է միայնության զգացողության։ Սրան կարող է նպաստել նաև զգացմունքային թմրությունը, երբ մարդիկ կարծես անջատված են  իրենցից և ուրիշներից: Սա կարող է ազդել ուրախություն, սեր և այլ դրական հույզեր զգալու ունակության վրա:

 

ՀՏՍԽ-ը կարող է հանգեցնել հետաքրքրության կորստի այն գործողությունների նկատմամբ, որոնք ժամանակին հաճելի էին, ինչը նպաստում է դատարկության զգացմանը և կյանքից կտրվածությանը: Որոշ դեպքերում մարդիկ զարգացնում են ոչ ադապտիվ հաղթահարման մեխանիզմներ, օրինակ, նրանք ավելի հակված են հոգեակտիվ նյութերի օգտագործմանը, ինչը իրականում էլ ավելի է ծանրացնում նրանց կյանքը։ 

 

Բուժում

 

ՀՏՍԽ-ն բուժումը հարկավոր է սկսել հոգեբանական տրավմայի առաջացումից հետո որքան հնարավոր է շուտ։ Իհարկե, սա միշտ չէ ստացվում անել, սակայն այսօր հոգեկան առողջության մասնագետները կարող են առաջարկել էֆեկտիվ մեթոդներ, որոնք կարող են բերել լիակատար ապաքինմանը։ Հիմնական մոտեցումը ներառում է հոգեթերապիա, դեղորայք կամ հոգեթերապիայի և դեղամիջոցների համադրություն: 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ՀՏՍԽ-ն բուժման հետևյալ տարբերակները.

  • Անհատական ​​կամ խմբակային տրավմայի վրա կենտրոնացած կոգնիտիվ վարքաբանական թերապիա (CBT-T);
  • Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակումմ(EMDR);
  • սթրեսի նվազեցման տեխնիկաների ուսուցում (օրինակ՝ շնչառական տեխնիկաներ, պրոգրեսիվ մկանային թուլացում);
  • հաղթահարման դրական ռազմավարությունների զարգացում։

 

Վերականգման կարևոր մաս է կազմում սոցիալական աջակցությունը։ 

Դեղորայքային թերապիայից կիրառվում են հակադեպրեսանտները, ինչպես նաև կոնկրետ վիճակները՝ քնի խանգարումները, մղձավանջները, կամ համակցված այլ խանգարումները շտկող դեղորայք։

 

ԴԱՌՆԱԼ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ

Անդամագրվելու համար խնդրում ենք լրացնել դիմումը:

Անդամագրվել