Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում
Օբսեսիվ-կոմպուլսիվ (կպչուն-սևեռուն) խանգարումը հոգեկան առողջության խանգարում է, որը հանդիպում է բոլոր տարիքի և տաբեր ապրելակերպի մարդկանց մոտ։ Այն առաջանում է, երբ մարդ հայտնվում է կպչուն մտքերի և սևեռուն գործողությունների փակ արատավոր շրջանում, որից ինքնուրույն դուրս գալը շատ դժվար է, թեև միանգամայն հնարավոր է։ Օբսեսիաները կպչուն, անցանկալի, ներխուժող մտքեր են, պատկերներ են կամ հորդորնե են, որոնք ինտենսիվ տագնապ են առաջացնում։ Կոմպուլսիաները գործողություններն են, որոնց միջոցով անհատը փորձում է ազատվել օբսեսիաներից և/կամ նվազեցնել տագնապը:
Ի՞նչ է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը
Մարդիկ կարող են ունենալ տարբեր կպչուն մտքեր, որոնցից, թվում է թե, դժվար է ազատվել։ Նրանք նույնիսկ կարող են որոշակի գործողություններ իրականացնել, օրինակ, շեղվելու նպատակով, կամ, եթե մտքերը անհանգստացնող են, տագնապը մեղմելու համար։ Սակայն օբսեսիվ- կոմպուլսիվ խանգարման դեպքում այս մտքերը և գործողությունները կարծես պարտադրված լինեն։ Դրանք զբաղեցնում են նշանակալի ժամանակ (նվազագույնը մեկ ժամ օրվա ընթացքում) և կարող են զգալի սահմանափակումներ առաջացնել մարդու կյանքում։
Խանգարման կոնտեքստում կպչուն մտքերը ընկալվում են որպես ներխուժող, դրանք անհատի վերահսկողությունից դուրս են և տհաճ են, անհագստություն են պատճառում և առաջացնում են վախ, զզվանք, անորոշության զգացում, կասկած կամ “անճշտության” (Ինչ որ բան սխալ է, պետք է շտկվի) զգացողություն։ Իդեպ, վերջին զգացողությունը շատ հատուկ է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարմանը և կարող է վերապրվել գրեթե ֆիզիկական մակարդակում։
Այս զգացողությունների արդյունքում աճող տագնապը մեղմելու համար ՕԿԽ-ով մարդիկ դիմում են կոմպուլսիաներին՝ գործողություններին (արտաքին կամ ներքին՝ մտքերի տեսքով), որնք պետք է “կոմպենսացնեն” այդ կպչուն մտքերը։
Կոմպուլսիվ ծեսերի առանձնահատկությունը նրանում է, որ ՕԿԽ-ով անհատն իրեն դրդված է զգում զբաղվելու ստիպողական գործողություններով և նա կնախընտրեր չանել այս ժամանակատար և հաճախ տանջող գործողությունները: ՕԿԽ-ով մարդիկ պարտադրված են իրենց զգում, քանի որ կարծում են, որ այս ծեսերն անհրաժեշտ են բացասական հետևանքները կանխելու և/կամ տագնապը կամ կպչուն մտքերը պակասացնելու համար:
ՕԿԽ-ի առաջացման պատճառները ներառում են նեյրոկենսաբանական, ժառանգական, ուղեղի կառուցվածքային գործոնները։ Այն կարող է խթանվել հոգեակտիվ նյութերի գործածումը։
Խանգարման տարածվածությունը բնակչության շրջանում մոտ 2% է։ Հասուն տարիքում ՕԿԽ-ն ավելի տարածված է կանանց շրջանում, մինչդեռ մանկական հասակում ավելի հաճախ ՕԿԽ-ն հանդիպում է տղամարդկանց մոտ։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ազդեցությունը կյանքի վրա
Օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման կոնտեքստում կպչուն մտքերի և սևեռուն գործողությունների (ծեսերի) բովանդակությունը կարող է շատ տարբեր լինել, սակայն կան ամենից տարածված բովանդակություններ․
- Աղտոտման մասին կպչուն մետքերը ներառում են կողտոտ նյութերի/իրերի հետ շփվելու իռացիոնալ վախ, օրինակ՝ մարմնի հեղուկների (մեզ, կղանք), մանրէների/հիվանդությունների հարուցիչների (հերպես, ՄԻԱՎ, COVID-19), շրջակա միջավայրի աղտոտիչների ( ասբեստ, ճառագայթում), կենցաղային քիմիական նյութերի (մաքրող միջոցներ, լուծիչներ, մարտկոցների) կամ կեղտի։
- Դրանց սովորաբար հետևում են մաքրման ծեսերը՝ սևեռուն վարքի տեսքով։ Օրինակ, մարդիկ չափազանց հաճախ, կամ երկար, կամ հատուկ ձևով լվանում են ձեռքերը, կամ ցնցուղ են ընդունում, կամ ատամներն են խոզանակում։ Չափազանց ուշադրությամբ և տարբեր փուլերով մաքրում են կենցաղային իրերը, հագուստը, կատարում այլ գործողություններ, որոնք պիտի կանխեն աղտոտումը, կամ վերացնեն այն։
- Վնաս հասցնելու կամ բռնության մասին կպչուն մտքերը առաջացնում են վախ, որ մարդն ինքն իրեն կամ ուրիշներին կարող է վնաս պատճառել։ Ուղեկցվում են մտքում առաջացող բռնի կամ սարսափելի պատկերներով։ Համապատասխան կոմպուլսիան սովորաբար ներառում է շարունակական ստուգումներ, որոնք պետք է ապացուցեն, որ վնաս չի հասցվել /չի հասցվի, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, սխալմունք չի եղել, ֆիզիկական վիճակի կամ մարմնի մասերի անընդհատ ստուգումներ։
- Պատասխանատվության կպչուն մտքերի դեպքում մարդուն թվում է, որ նա կարող է պատասխանատու լինել կամ պատճառ դառնալ որևէ վատ պատահարի համար, օրինակ՝ հրդեհի, գողություն, ավտովթարի։ Կամ, որ բավականաչափ զգույշ չլինելու պատճառով կաորղ է վնաս հասցնել մեկ ուրիշին կամ իրեն, օրինակ՝ գետնին ինչ-որ բան գցել, որի վրա կարելի է սայթաքել։ Համապատասխան կոմպուլսիվ վարքը ներառում է կրկնվող գործողություններ․ տանից գնալուց (վերադառնալ, դռներից ներս կամ դուրս գալ, աթոռներից վեր կենալ կամ նստել), մարմնի շարժումներ (թակել, հպվել, թարթել), բազմապատիկ գործողություններ (առաջադրանքը երեք անգամ կատարելը, քանի որ երեքը «լավ», «ճիշտ», «անվտանգ» թիվ է)։
- Պերֆեկցիոնիզմի հետ կապված կպչուն մտքերը ստիպում են չափազանց անհանգստություն ապրել հավասարության կամ ճշգրտության, կամ իմանալու կամ հիշելու անհրաժեշտության, ինչ-որ բան դուրս նետելիս կարևոր տեղեկություն կորցնելու կամ մոռանալու, առաջադրանքները «կատարյալ» կամ «ճիշտ» կատարելու վերաբերյալ։ Կոմպուլսիվ վարքը կարտահայտվի իրերը դասավորելով, կարգի բերելով, վերստուգումներով։
Օբսեսիվ մտքերի այլ տարածված տեսակներ են սեքսուալ կամ կրոնական բովանդակությամբ կպչուն մտքերը, որոնք առաջացնում են վախ չկառավարելու սեփական սեքսուալ իմպուլսները, որոնք կարող են նաև վերաբերել մտերիմներին, երեխաներին, սեքսուալ բռնություն գործադրելու վախ, ինչպես նաև աստծուն վիրավորելու կամ հայհոյելու, բարոյականության մասին վախեր։
Տարածված մտային կոմպուլսիաներից են․
- իրադարձությունների մտավոր վերանայումը,
- աղոթելը՝ ինքն իրեն կամ ուրիշներին վնաս հասցնելը կանխելու համար,
- հաշվելը «լավ», «ճիշտ» կամ «անվտանգ» թվի վրա կանգնելով,
- «չեղարկելը», օրինակ՝ «վատ» բառը փոխարինելով «լավ» բառով՝ վատը չեղարկելու համար։
Բոլոր այս ախտանիշները կարող են սահմանափակել մարդու գործունեությունը, քանի որ բերում են խուսափողական վարքի ձևավորմանը։ Բացի այդ, և՛ անցանկալի մտքերը, և՛ ստիպված գործողությունները զգալի դիստրես են պատճառում ՕԿԽ-ով մարդուն և նրա շրջապատին, ինչի պատճառով նա, բացի ուժեղ տագնապից, կարող է ունենալ մեղքի, անօգնականության, անարժանության ծանր զգացմունքներ։
Բուժում
Օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումը քրոնիկ խանգարում է, որը կարող է արտահայտվել սրացումներով և բարելավման շրջաններով։ Բուժումը կարող է բարելավել մարդու անկախության աստիճանը և կյանքի որակը: ՕԿԽ-ի բուժումը կարող է ներառել հոգեթերապիա, դեղորայքային բուժում (հակադեպրեսանտներ), կամ վիրաբուժական միջամտություններ։ Միայն դեղորայքային թերապիան բավականաչափ էֆեկտիվ չէ, քանի որ դեղորայքի հեռացումը կարող է բերել ռեցեդիվի (ախտանիշների վերադարձի)։ Առաջին ընտրության հոգեթերապևտիկ մեթոդը Կոգնիտիվ վարքաբանական թերապիան է։ Կարող է կիրառվել նաև Ընդունման և հանձնառության թերապիան (ACT):
ՕԿԽ-ի բուժման համար ամենից հաճախ գործածվում են Կոգնիտիվ վարքաբանական թերապիայի էքսպոզիցիոն տեխնիկաները, մասնավորապես՝ էքսպոզիցիայի և արձագանքման կանխարգելման տեխնիկան (ERP), երբ անհատը հատուկ հայտնվում է կպչուն մտքերը և վախերը հրահրող իրավիճակում (էքսպոզիցիա), և չի կատարում կոմպուլսիվ գործողությունները (արձագանքման կանխարգելում): Այս տեխնիկան օգնում է աստիճանաբար սովորել հանդուրժել անհարմարությունն ու տագնապը՝ կապված կոմպուլսիաները չկատարելու հետ: Բացի այդ Կոգնիտչիվ վարքաբանական թերապիայի ընթացքում վերհանվում են ոչ ադապտիվ կամ ոչ ճշգրիտ մտքերը, դրանց հետ կապված զգացմունքները և վերակառուցման են ենթարկվում։
Բուժման արդյունքում ՕԿԽ-ի ախտանշանները կաորղ են զգալիորեն նվազել, թեև լիակատար ռեմիսիան հաճախակի չէ։ Սակայն խանգարման հետևողական կառավարումը կաորղ է նշանակալիորեն բարելավել անհատի ինքնազգացողությունը և կյանքի որակը։