Սպեցիֆիկ ֆոբիա
Վախ ու ֆոբիա հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։ Սակայն ֆոբիան հավասար չէ վախի, քանի որ վախը՝ մարդու բնական արձագանքն է իրատեսական վտանգի սպառնալիքին, իսկ ֆոբիան ինտենսիվ, իռացիոնալ և ոչ համաչափ վախն է իրական վտանգ չներկայացնող, կամ շատ ավելի փոքր վտանք ներկայացնող երևույթի նկատմամբ։ Թեև ֆոբիայով մարդիկ կարող են գիտակցել, որ այդ վախերը իռացիոնալ են, սակայն ֆոբիայի առարկայի հետ առերեսվելու մասին մտածելն անգամ սուր տագնապ է առաջացնում:
Ի՞նչ է սպեցիֆիկ ֆոբիան
Սպեցիֆիկ ֆոբիաները այն ֆոբիաներն են, որոնք ունեն կոնկրետ հարուցիչ՝ առարկա, իրավիճակ կամ գործողություն։ Ամենատարածված ֆոբիան։ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի հոգեկան խանգարումների դասիչը առանձնացնում է սպեցիֆիկ ֆոբիաների հինգ ենթատիպ․
- Կենդանիների ֆոբիաներ՝ օֆիդիոֆոբիա (վախ օձերից), արախնաֆոբիա (վախ սարդերից), կինոֆոբիա (վախ շներից), այլուրոֆոբիա (վախ կատուներից), մուռոֆոբիա (վախ մկներից և առնետներից), էնտոմոֆոբիա (վախ միջատներից),
- Բնական միջավայրի ֆոբիաներ. ակրոֆոբիա (վախ բարձրությունից), աստրաֆոբիա (վախ ամպրոպից և կայծակից), անեմոֆոբիա (վախ քամուց), թալասոֆոբիա (վախ օվկիանոսից), հիդրոֆոբիա (վախ ջրից):
- Արյան-ներարկման-վնասվածքի ֆոբիաներ. տրիպանոֆոբիա (վախ ասեղներից կամ ներարկումներից), հեմոֆոբիա (վախ արյունից), հեմոտոֆոբիա (վախ հիվանդանոցներից)։
- Իրավիճակային ֆոբիաներ. կլաուստրոֆոբիա (վախ փակ կամ սահմանափակ տարածքներից), աերոֆոբիա (վախ թռչելուց), գլոսոֆոբիա (վախ հրապարակային ելույթից), նիկտոֆոբիա (վախ մթությունիրց), աուտոֆոբիա (վախ միայնակությունից), էլեվատոֆոբիա (վախ վերելակներից)։
- Այլ ֆոբիաներ. էմետոֆոբիա (վախ փսխումից), թանատոֆոբիա (վախ մահվանից կամ մահանալուց), տրիպոֆոբիա (վախ անցքերից կամ անցքերով նախշերից), պեդիոֆոբիա (վախ տիկնիկներից), նոմոֆոբիա (վախ գտնվելու բջջային ցանցի ծածկույթից դուրս), պլուտոֆոբիա (վախ փողից), ֆագոֆոբիա (կուլ տալու կամ ուտելու վախ), տրիխոֆոբիրա (մազերի վախ), պոդոֆոբիա (վախ ոտնաթաթերից) ։
Ֆոբիկ խանգարում ունեցող մարդիկ ակտիվորեն խուսափում են ֆոբիկ գրգռիչից։ Այս խուսափումը կարող է լինել ակնհայտ, կամ թաքնված։ Եթե խուսափելը հնարավոր չէ, իրավիճակը տարվոում է ուժեղ վախով կամ անհանգստությամբ:
Սպեցիֆիկ ֆոբիայով մարդիկկանց մոտ ուժեղ հուզական, տագնապային արձագանքը (որոշ դեպքերում ընդհուպ մինչև ուշագնացություն) արտահայտվում է ամեն անգամ ֆոբիայի առարկայի հետ բախվելիս, կամ դրա մասին լսելիս, կամ մտածելիս։
Ֆոբիաների առաջացման մի քանի տեսություններից այսօր ամենաընդունվածը վարքաբանական-կենսաբանականն է։ Վարքաբանական մոտեցման համաձայն ֆոբիայի առաջացման հիմքում դասական պայմանավորվածության սկզբունքն է։ Այսինքն, երկու միաժամանակյա իրադարձությունները ուժեղորեն կապվում են միմյանց հետ մարդու մտքում, և, պայմանական ռեֆլեքսի ձևավորման մեխանիզմով, անձը այնուհետև արձագանքում է յուրաքանչյուրին նույն կերպ։ Մեկ անգամ վախենալուց հետո մարդիկ խուսափում են վախեցնող առարկաներից կամ իրավիճակներից՝ կորցնելով իրենց վախի վրա վերահսկողություն ձեռք բերելու հնարավորությունը: Տեսության կենսաբանական մասն այն մասին է, որ մարդիկ էվոլյուցիոն պատճառներով ավելի հակված են որոշ վախերի ձևավորման, օրինակ՝ ֆոբիկ ռեակցիաները կենդանիների, բարձունքների և խավարի նկատմամբ ավելի տարածված են, քան մսի, խոտի և շենքերի նկատմամբ ֆոբիկ ռեակցիաները:
Ֆոբիաները համարվում են ամենատարածված հոգեբուժական խանգարումը, բնակչության շրջանում 10% տարածվածությամբ (երեխաների շրջանում՝ 5%; դեռահասների մոտ՝ 16%)։ Ֆոբիայով մարդկանց 75%-ն ունի մեկից ավելի սպեցիֆիկ ֆոբիա: Արյան ներարկման-վնասվածքի, կենդանիների և բնական միջավայրի ֆոբիաների զարգացումը սովորական է 7-ից 9 տարեկանում։ Այս ֆոբիաները կարող են տրանզիտոր (անցողիկ) լինել, սակայն կարող են և պահպանվել ամբողջ կյանքի ընթացքում։ Սպեցիֆիկ ֆոբիաներն առավել տարածված են 10-ից 13 տարեկան երեխաների մոտ: Իրավիճակային ֆոբիաները սովորաբար հանդիպում են ավելի երիտասարդների և մեծահասակների մոտ:
Սպեցիֆիկ ֆոբիայի ազդեցությունը կյանքի վրա
Սպեցիֆիկ ֆոբիայով մարդու կյանքի որակը կախված է ֆոբիաների քանակից՝ որքան ավելի շատ միջավայրերում և իրավիճակներում են դրանք արտահայտվում, այնքան ավելի շատ սահմանափակումներ է նա իր համար ձևավորում։ Գործունեության, կենսակերպի ահմանափակումները կախված են նաև սպեցիֆիկ ֆոբիայի տեսակից՝ վախը իրավիճակից, որը գրեթե բացակայում է մարդու առօրյայում շատ ավելի մեղմ ազդեցություն կունենա, քան վախը կենսական նշանակության (օրինակ՝ ներարկումներից) կամ տարածված երևույթներից։
Սուր արտահայտված բազմաթիվ սպեցիֆիկ ֆոբիաները կարող են անդրադառնալ կյանքի բոլոր ոլորտների վրա, բերել մեկուսացմանը և ֆուկցիոնալության նվազմանը։ Բացի այդ ֆոբիայի առարկայի հետ բախվելու տագնապային սպասումը ևս մեծ դիստրեսի աղբյուր կարող է լինել։ Սպեցիֆիկ ֆոբիաները կարող են նաև բերել խուճապային գրոհների, կամ խուճապային խանգարման զարգացմանը։
Բուժում
Սպեցիֆիկ ֆոբիաները կլինիկական պրակտիկայում հաջողությամբ բուժվող խանգարումներից են: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հոգեբանները և այլ հետազոտողներ մշակել են արդյունավետ վարքային, դեղորայքային և տեխնոլոգիական միջամտություններ ֆոբիայի բուժման համար։ Այս մեթոդները ներառում են Էքսպոզիցիոն թերապիա, համակարգված դեսենսիտիզացիա, պրոգրեսիվ ռելաքսացիա, վիրտուալ իրականություն, մոդելավորում և դեղորայքային բուժում։ Բոլոր այս մեթոդները ուղղված են վերահսկվող միջավայրում, աստիճանաբար ֆոբիկ գրգռիչների նկատմամբ ավելի հարմարվողական արտաքին և ներքին (հույզեր և մտքեր) վարքի ձևավորմանը։
Դեղորայքային թերապիան ներառում է հակադեպրեսանտների և տագնապարիչների կիրառում։
Բուժումը կարող է լիակատար ապաքինման բերել։