Դեպրեսիա
Դեպրեսիան աշխարհում ամենատարածված հոգեկան խանգարումն է։ Եվ, թեև թվում է, որ դրա մասին պատկերացումները բավականին տարածված են, շատ դեպքերում այն շարունակում է մնալ չախտորոշվեծ և մարդիկ, որոնք կարող են նշանակալիորեն բարելավել իրենց ինքնազգացողույթյունը և կյանքի որակը, չեն ստանում մասնագիտական օգնություն։ Մինչդեռ դեպրեսիան նաև ամենալավ ուսումնասիրված խանգարումներից է և այսօր մասնագետներին հասանելի են լիակատար բուժմանը բերող արդյունավետ մեթոդներ։
Ի՞նչ է դեպրեսիան
Դեպրեսիան (նաև մեծ դեպրեսիվ խանգարում կամ կլինիկական դեպրեսիա) տրամադրության լուրջ խանգարում է: Այն առաջացնում է ախտանիշներ, որոնք ազդում են ինքնազգացողության, մտածողության և առօրյա գործունեության վրա։
Դեպրեսիվ դրվագը տարբերվում է տրամադրության կանոնավոր տատանումներից: Ախտանիշները տևում են օրվա մեծ մասը, գրեթե ամեն օր, առնվազն երկու շաբաթ: Դեպրեսիան բնութագրվում է երկու առանցքային ախտանիշներով, որոնք են՝ ցածր տրամադրությունը (տխրություն, դյուրագրգիռություն, դատարկության զգացմունք) և հաճույք, ուրախություն զգալու անկարողությունը (անգեդոնիա)։ Բացի այդ դեպրեսիային հատուկ են կենտրոնացման դժվարություններ, չափազանցված մեղքի կամ ցածր ինքնագնահատականի զգացում, հուսահատություն ապագայի նկատմամբ, մահվան կամ ինքնասպանության մասին մտքեր, խանգարված քուն, ախորժակի կամ քաշի փոփոխություններ, հյուծվածության կամ էներգիայի պակասի զգացում:
Առանձնացնում են դեպրեսիայի մի քանի տեսակներ՝ մեծ դեպրեսիվ խանգարում, հետծննդաբերական դեպրեսիա, կրկնվող կամ սեզոնային դեպրեսիա, կայուն դեպրեսիվ խանգարում (դիսթիմիա)։ Այն կարող է նաև երկբևեռ խանգարման մասը կազմել, կամ հանդես գալ այլ հոգեկան և սոմատիկ հիվանդությունների համատեքստում (քաղցկեղ, դեմենցիա, Պարկինսոնի հիվանդություն, Հետտրավմատիկ սթրեսային խանգարում և այլն)։
Երբեմն դեպրեսիան կարող է արտահայտվել ֆիզիկական ախտանիշներով, օրինակ՝ գլխացավեր, սրտխփոց, կրծքավանդակի սեղմվածության զգացողություն, մարսողական խնդիրներ։
Դեպրեսիայով մարդիկ (հիմնականում տղամարդիկ) կարող են դրսևորել նաև այլ ախտանիշներ՝ տխուր ու ընկճված լինելու փոխարեն զայրացած կամ դյուրագրգիռ թվալով: Բացի այդ, տղամարդիկ ավելի հաճախ են հակված օգտագործել ալկոհոլ կամ հոգեմետ նյութեր որպես դեպրեսիայի հաղթահարման միջոցներ։
Դեպրեսիան առաջանում է սոցիալական, հոգեբանական և կենսաբանական գործոնների բարդ փոխազդեցությունից: Կյանքի անբարենպաստ իրադարձությունները (գործազրկություն, ծանր կորուստ, տրավմատիկ իրադարձություններ) ավելի հավանական են դարձնում դեպրեսիայի զարգացումը: Խանգարման զարգացման միջին տարիքը 18-30 տարեկանն է, սակայն այն կարող է զարգանալ ցանկացած տարիքում՝ մանկությունից մինչև ծերունական տարիք։
Աշխարհի բնակչության շրջանում դեպրեսիայի տարածվաժությունն այսօր գնահատվում է 5%: Կանանց մոտ այն ավելի հաճախ է ախտորոշվում, քան տղամարդկանց մոտ։ Բայց սա կարող է նաև կապված լինել թերի ախտորաշման հետ, քանի որ տղամարդիկ ավելի քիչ են հակված խոսել իրենց զգացմունքների կամ հուզական խնդիրների մասին և օգնություն փնտրել։
Դեպրեսիայի ազդեցությունը կյանքի վրա
Բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ ճնշված են զգում իրենց։ Որպես կանոն, այս վիճակը արձագանք է տխուր իրադարձություններին, հոգնածությանը կամ տհաճ մտքերին։ Սակայն կլինիկական դեպրեսիան կապված է ծանր և երկարատև հոգեբանական ցավի հետ, որը կարող է վատթարանալ ժամանակի ընթացքում: Դեպրեսիայով մարդը կարող է կորցնել սովորական առօրյա գործունեությունը կատարելու ունակությունը, իսկ որոշ դեպքերում նույնիսկ փորձել ինքնասպանություն գործել։ Դեպրեսիայով մարդը հայտնվում է փակ շրջանում, որից ելքը իրեն անհնար է թվում։ Տխրությունը, անօգնականությունը, մեղքի զգացումը հալածող են և պայքարը դրանց դեմ թուլացնում է մարդուն և ավելի է ծանրացնում վիճակը։ Այն, ինչ նախկինում հաճույք էր պատճառում, այլևս չի ուրախացնում, աշխատանքն ու շփումը անիմաստ են թվում, ցանկացած գործունեությունը մեծ դժվարություններ է առաջացնում։ Բացի այդ դեպրեսիայի ժամանակ տուժում են նաև ճանաչողական ունակությունները։ Դժվար է դառնում նոր ինֆորմացիայի ընկալումը, կենտրոնացումը, ինչը զգալիորեն կարող է անդրադառնալ աշխատանքի կամ ուսման վրա։ Ընտրությունը, որոշումներ կայացնելը ևս անհաղթահարելի դժվարություններ կարող են թվալ։
Դեպրեսիայի վտանգը նրանում է, որ բուժում չստանալու դեպքում ինքնասպանության փորձ կատարելու հավանականությունը բավականին բարձր է։ Տարբեր տվյալների համաձայն դեպրեսիա ունեցող մարդկանց 30-70%-ը ինքնասպանության փորձ է ունենում։ Դեպքերի 15%-ը ավարտված փորձերն են կազմում։
Բուժում
Դեպրեսիայի դեպքում լիակատար ապաքանումը հասանելի է։ Առաջին ընտրության բուժումը հոգեթերապիան է։ Այն կարող է համակցվել հակադեպրեսանտների հետ՝ միջին և ծանր դեպրեսիայի դեպքում: Թեթև դեպրեսիայի ժամանակ հակադեպրեսանտներ սովորաբար չեն կիրառվում։ Դեղորայքային թերապիայի շրջանակում այսօր կիրառվում են երկրորդ սերնդի հակադեպրեսանտները, հիմնականում ՝ սերոտոնինի հետընտրական ինհիբիտորները (SSRIs)։
Դեպրեսիայի բուժման համար ցուցված հոգեթերապևտիկ մեթոդները Կոգնիտիվ կամ Կոգնիտիվ վարքաբանական, Միջանձնային թերապիաներն են։ Բացի այդ կիրառվում են նաև Վարքային ակտիվացումը, Խնդրի լուծմանն ուղված թերապիան։
Կոգնիտիվ վարքաբանական թերապիան օգնում է դեպրեսիա ունեցող մարդկանց վերահսկել և փոխել մտածողության բացասական օրինաչափությունները և բարելավել իրենց հաղթահարման հմտությունները, որպեսզի նրանք ավելի լավ պատրաստված լինեն՝ դիմակայելու սթրեսներն ու կոնֆլիկտներին։
Միջանձնային հոգեթերապիայի թիրախը մարդկանց հետ հարաբերություններն են։ Դրա շրջանակում ուսումնասիրվում է, թե ինչպես կարող են ուրիշները նպաստել հոգեբանական սթրեսին, և ինչպես է դեպրեսիան անդրադառնում այլ մարդկանց հետ շփման վրա։
Դեպրեսիան հոգեկան առողջության ամենաբուժելի խանգարումներից մեկն է: Բուժում ստացող մարդկանց մոտավորապես 80% -ից 90% -ը, ի վերջո լավ են արձագանքում բուժմանը: Իսկ հետևողականությունը հոգեթերապիայում կարող է զգալիորեն նպաստել նոր դրվագի առաջացման կանխարգելմանը։